23 մարտ, 2019 08:01

Հայաստանի սահմանը հատած Հիբրագիմովին այցելել է Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի հայրը

2018-ին Ադրբեջանում հայտնված և 2019-ի փետրվարին 20 տարի ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հայրը՝ Արմեն Ղազարյանը, մարտի 22-ին այցելել է մարտի 16-ին Հայաստանի պետական սահմանը խախտած Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովին:

Ինչպես հայտնում են ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովից, ադրբեջանցի սահմանախախտի հետ զրույցում Արմեն Ղազարյանը հետաքրքրվել է նրա առողջական և բարոյահոգեբանական վիճակով: Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովը Կարեն Ղազարյանի հորը պատմել է իր պահպանման վայրի պայմանների, իրեն տրամադրված պատշաճ բուժօգնության մասին՝ տեղեկացնելով, որ հայ բժիշկները հոգատար վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ։ 

Զրույցի ընթացքում Կարեն Ղազարյանի հայրը Էլվին Հիբրագիմովին է պատմել Կարենի պատմությունը, ով նույն կերպ մեկ տարի առաջ մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի իրավազորության ներքո, սակայն ադրբեջանական իշխանությունների կողմից անարդարացիորեն դատապարտվել է ազատազրկման շինծու մեղադրանքների հիման վրա:

Կարեն Ղազարյանի հայրը Էլվին Հիբրագիմովին մաղթել է շուտափույթ ապաքինում։

Կարդացեք նաև՝

Պատրաստ ենք մոլորված մարդկանց փոխանակել մոլորված մարդկանց հետ. Նիկոլ Փաշինյան

Լիլիթ Աբովյան