25 մարտ, 2019 17:35

Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ. Հայկ Մարությանը՝ «Սանիթեքին»

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանը, իր դժգոհությունն է հայտնել «Սանիթեք» ընկերության աշխատանքից և ընդգծել, որ քաղաքային իշխանություններն այլևս չեն հանդուրժելու նման որակի աշխատանք:

«Կա՛մ սանմաքրումն իրականացնում եք պատշաճ որակով, կա՛մ գործընթացը քաղաքը վերցնում է իր վրա: Այդ հարցը պետք է որոշվի, այլևս այսպես հնարավոր չէ: Եվ, եթե դուք պահում եք գործընթացը ձեզ, ուրեմն լինելու է շատ ուժեղ հսկողություն, և տույժեր ու տուգանքներ: Մենք ինչ-որ ժամանակահատված աշխատեցինք, քաղաքային իշխանություններն արեցին ամեն ինչ, որպեսզի «Սանիթեք» ընկերությունը մի քիչ ուշքի գա: Ընկերությունը կամ վերցնում է պատասխանատվությունը և պատշաճ կազմակերպում է աշխատանքները, կամ տալիս է քաղաքային իշխանություններին, որպեսզի քաղաքը մաքուր լինի: Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ», - ընդգծել է քաղաքապետը:

Մայրաքաղաքում շարունակվում է անձրևատարների մաքրումը: «Սանիթեք» և «Վեոլիա Ջուր» ընկերություններին հանձնարարվել է աշխատանքներն իրականացնել համակարգված, որպեսզի աղբի կուտակումներ փողոցներում չլինեն:

Հասարակական տրանսպորտի վարորդների՝ կանոնները չպահպանելու, ղեկին ծխելու և հեռախոսով խոսելու այազանգերի առնչությամբ հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել հսկողությունը:

«Ես շատ հարգանքով եմ վերաբերվում հասարակական տրանսպորտի բոլոր վարորդներին, բացի այն մարդկանցից, ովքեր իրենց թույլ են տալիս մեքենան վարելու ընթացքում ծխել, խոսել հեռախոսով կամ վատ կերպով վերաբերվել քաղաքացիներին»,- նշել է քաղաքապետը:

«Շտապբուժօգնություն» ընկերությանը հանձնարարվել է խստիվ պահպանել կանչերի դեպքում մեքենաների լուսային և ձայնային ազդանշանները միացրած լինելու պահանջը։ Այս կերպ երթևեկության այլ մասնակիցների համար առավել հեշտ է լինում նկատել և զիջել մեքենաներին: