25 մարտ, 2019 13:28

Հոլիվուդյան պրոդյուսերը դատվում է Հայաստանում․ մեղադրանքը՝ 49 միլիոն դոլարի հափշտակություն

Հոլիվուդում հայտնի պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի գործը Հայաստանի դատարանում է։ Այն քննում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Մարտիրոսյանը 2010-2015-ին Pulham Holding Ltd ընկերությունից այդ ընկերության սեփականատիրոջ վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով կատարել է ընկերությանը պատկանող գույքի առանձնապես խոշոր՝ մոտ 49 միլիոն դոլար գումարի չափով հափշտակություն։

Մարտիրոսյանը հայ հանրությանը հայտնի դարձավ 2013-ից հետո, երբ հրապարակվեց Nouvelles d'Arménie ամսագրի հետաքննական հոդվածը, որտեղ հիշատակվում էր նրա և այդ ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի կապի մասին։ 2014-ի հունվարին Los Angeles Weekly պարբերականը կրկին անդրադարձավ այս թեմային։ «Ստեփան Մարտիրոսյան անունով հոլիվուդյան մի պրոդյուսեր, որը ԱՄՆ-ում շուրջ երեսուն տարի ներգրավված է եղել անօրինական տարբեր գործարքներում, այդ թվում՝ թմրանյութերի առևտրում և Մոսկվայում մի սպանություն պատվիրելու մեջ, 2006-ին գումար է հատկացրել ամերիկյան Burson-Marsteller փիար ընկերությանը՝ օգնելու բարձրացնել Սերժ Սարգսյանի վարկանիշը, երբ վերջինս դեռ Հայաստանի պաշտպանության նախարարն էր»,- գրել էր Los Angeles Weekly-ն (տե՛ս՝ Ամերիկյան սկանդալ, որում կա Սերժ Սարգսյանի անունը):

Այնուհետև տևական ժամանակ մամուլը լռում էր Ստեփան Մարտիրոսյանի մասին։ 2018-ին Մարտիրոսյանը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում: Այս անգամ նրա անունը շոշափվում էր ռուսական պարբերականների էջերում։

2018-ին փետրվարի «Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթը գրեց, որ Մոսկվայի քննչական մեկուսարաններից մեկում հանրային դիտորդական հանձնաժողովի անդամները պատահական հանդիպել են Ստեփան Մարտիրոսյանին և զրուցել նրա հետ։ Մարտիրոսյանը մեկուսարանում էր, մինչև կլուծվեր Հայաստան նրա արտահանձնման հարցը։

Ըստ աղբյուրի՝ պրոդյուսերը ձերբակալվել էր 2017-ին Մոսկվայի օդանավակայանում ինքնաթիռից իջնելիս։ Մարտիրոսյանն այդ ժամանակ պնդել էր, թե իր վրա քրեական գործ է բարդել գործընկերը` հոլիվուդյան դերասան Սիլվեստեր Ստալոնեի մասնակցությամբ «Փախուստի ծրագիր» ֆիլմի վարձույթի ձախողումից հետո։

Այնուհետև Մարտիրոսյանը տեղափոխվեց Հայաստան։ Նրա գործը իրավապահները քննեցին 16 ամիս։ Ներկայում այն մտել է դատարան։ Մարտի 22-ին այս գործով տեղի է ունեցել առաջին նիստը։

Ստեփան Մարտիրոսյանի պաշտպան Կարեն Բատիկյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում մանրամասնեց, որ ինքը փետրվարի սկզբին է  ներգրավվել քրեական գործում և վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով փոխել Մարտիրոսյանի նկատմամբ մինչ այդ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունը։

«Մարտիրոսյանը ներկայում Հայաստանում է, մասնակցել է դատական նիստին ու մասնակցելու է մինչև վերջ»,- ասաց պաշտպանը։

Ըստ Բատիկյանի՝ Ստեփան Մարտիրոսյանը նախաքննության ողջ ընթացքում չի ընդունել իր մեղքը։

«Քրեական գործերի քննման առարկան, շրջանակը նրա նկարահանած ֆիլմերի վերաբերյալ է։ Այս գործով հափշտակություն ընդհանրապես չկա, եթե կա ինչ-որ մի հարաբերություն, դրանք մասնավոր քաղաքացիական իրավահարաբերությունների տիրույթում են։ Մեղադրանքի որոշման մեջ ներկայացված ողջ գործողությունները կատարվել են ԱՄՆ-ում, Հայատասնում որևէ գործողություն տեղի չի ունեցել»,- ասաց պաշտպանը։

Նրա խոսքով՝ խարդախության հանցակազմի վերաբերյալ ՀՀ բարձրագույն դատական ատյանի իրավական դիրքորոշումը հստակ է՝ քաղաքացիական իրավահարաբերություններում պետությունը գործ չունի, սակայն այս պարագայում պետությունը ակտիվ գործողություններ է սկսել։

«Մենք դատարանում կհիմնավորենք, որ դրանք քաղաքացիաիրավական հարաբերություններ են»,- ասաց Բատիկյանը։

Ստեփան Մարտիրոսյանը մասնակցել է 15 ֆիլմի նկարահանման։ Նա եղել է «Փախուստի ծրագիրը», «Ողջ մնացածը», «Նոյեմբերի մարդ», «Սառած հող», «Ֆրիլանսերները» և մի շարք այլ ֆիլմերի պրոդյուսեր։ Աշխատել է այնպիսի հայտնի կինոաստղերի հետ, ինչպիսիք են Սիլվեստեր Ստալոնեն, Ռոբերտ դե Նիրոն, Առնոլդ Շվարցենեգերը, Մարկ Ուոլբերգը, Մայքլ Դուգլասը և Փիրս Բրոսնանը։

Գևորգ Թոսունյան