25 մարտ, 2019 16:01

Մարտի 29-ին Վիեննայում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպում․ լրատվամիջոցներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը հնարավոր է` կայանա Վիեննայում, ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Ավստրիայի մայրաքաղաքի դիվանագիտական աղբյուրները։

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ հանդիպումը կարող է կայանալ Վիեննայում մարտի 29-ին», – հայտնել է գործակալության զրուցակիցը։

Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է այս տեղեկությունը։ Նա նշել է, որ ղեկավարների հանդիպման մասին հայտարարվում է համաձայնեցված կարգով։

Վերջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են հունվարին Դավոսում։