25 մարտ, 2019 16:07

Սևա՞նն է արդյոք «մեղավոր» գյուղոլորտի անկման համար

2018թ. դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների մասնակցությամբ Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճին ՀՀԿ-ից Վիգեն Սարգսյանը, դիմելով «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ տնտեսության ակտիվությունը նվազել է։ Նա գյուղատնտեսության ոլորտում վիճակը գնահատեց «ամենախայտառակ» բառով․ «Դուք ընդունել եք երկիրը և ունեցել եք 2-5 տոկոս աճ, և հիմա մինուս 8 տոկոս է: Գիտե՞ք՝ ինչու է այդպես․ որովհետև ձեր մասնագետները ձեզ սխալ են խորհուրդ տվել։ Դուք Սևանի ջուրը ժամանակին բաց չեք թողել պոպուլիստական նպատակներով, չորացել է հողը, հիմա վերականգնվում է»: 

(Տեսանյութում՝ 50։09։50)

Վիճակագրական կոմիտեի տվյալներով, իսկապես, 2018-ի հունվարի-նոյեմբերին գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 8 տոկոսով և կազմել 795 մլրդ դրամ կամ 2017-ի համապատասխան ժամանակահատվածի 91,9 տոկոսը:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը հաշվարկվում է անասնաբուծության և բուսաբուծության արտադրանքի համագումարով: Ի տարբերություն 2017-ի` 2018-ին բուսաբուծության արտադրանքը կազմել է 87,8 տոկոս (410 մլրդ դրամ), իսկ անասնապահությունը՝ 97,2 տոկոս (385 մլրդ դրամ):

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի վերջին հինգ տարիների տվյալները ցույց են տալիս, որ ոլորտում կտրուկ անկում գրանցվել է 2016-ից սկսած, երբ 2015-ին գրանցված 931 405 մլն դրամ արտադրանքից հետո 2016-ին գրանցվեց 836 144 մլն դրամ՝ 93,9 տոկոսը:

Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ գյուղոլորտի անկումը սկսվել է 2015-ից: Ինչպես նախորդ տարիներին, 2018-ին էլ հիմնական անկումը բուսաբուծության ոլորտում է:

Գյուղատնտեսության համախառն արտադրանք, 2015-2018 հունվար-դեկտեմբեր

 

 

 

 

 


Գյուղատնտեսության նախարարությունը 2018-ին գրանցված անկումը կապում է հետևյալ գործոնների հետ․

  • սակավաձյուն ձմռան,
  • վերջին տարիներին օրինաչափ դարձած մակերևութային առատ հոսքերի չգոյացման, արդյունքում՝ ջրամբարներում ոչ բավարար քանակությամբ ջրի կուտակման,
  • ամռան ամիսներին ջերմաստիճանային բարձր ռեժիմների տևական պահպանման,
  • Արարատյան արտեզյան ավազանի հորիզոնի և գրունտային ջրերի մակարդակի իջեցման և այլ ջրաղբյուրներում ջրասակավության գործոններով:

Այս գործոնների հետևանքով, ըստ գերատեսչության, 2018-ին ևս ոռոգման շրջանում ջրային ռեսուրսների դեֆիցիտ է առաջացել:

«Առանց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու՝ ոռոգման բնական ընթացքն ապահովելու նպատակով ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ, կիրառվել են շարժական պոմպեր, լրացուցիչ շահագործվել են դոտացիոն պոմպակայաններ ու խորքային հողեր, իրականացվել է ջրաշրջանառություն: Սևան-Հրազդան համակարգի հիմնական ջրաղբյուրներ հանդիսացող Ապարանի և Ազատի ջրամբարների թերլցվածության, ինչպես նաև Հրազդան գետի բնականոն հոսքի պակասի արդյունքում ջրի դեֆիցիտը կազմել է 120,1 մլն խմ, որից Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների հավելյալ աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել 43,7 մլն խմ: Առաջացած 76,4 մլն  խմ դեֆիցիտից շուրջ 40,0 մլն խմ-ն փակվել է Սևանա լճից, իսկ մնացած 36,4 մլն խմ-ն՝ սեպտեմբերից սկսած, ոռոգման համակարգերում ջրաշրջանառության կիրառման և տեղական աղբյուրների հավելյալ օգտագործման միջոցով»,- պարզաբանել է գյուղնախարարությունը:

Բուսաբուծության համախառն արտադրանքի անկումը նախարարությունը կապում է գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների նվազմամբ: 2018-ին 2017-ի նկատմամբ ցանքատարածությունները նվազել են 17,5 տոկոսով (2017թ․ 295 000-ից մինչև 243 000՝ 2018թ․):

«Բուսաբուծության ճյուղում անկումը պայմանավորված է նաև բանջարեղենի և բոստանային մշակաբույսերի համախառն արտադրանքի ծավալների նվազմամբ, ինչը հետևանք է հուլիս-օգոստոս ամիսներին Արարատյան դաշտում ցերեկային և գիշերային ժամերին գրանցված բարձր ջերմային ֆոնով, որի պայմաններում տեղի ունեցավ մշակաբույսերի ծաղկավիժում, խաթարվեց պտղագոյացման պրոցեսը, բույսերը զգալիորեն տուժեցին, արդյունքում նվազեց բերքատվությունը»,- մանրամասնում է գյուղատնտեսության նախարարությունը:

Հեղափոխությունն էլ էր «մեղավոր» գյուղոլորտի անկման համար

Գյուղատնտեսության նախկին նախարարի խորհրդական, գործարար Հարություն Մնացականյանը անկման մի շարք պատճառներ է նշում, նաև՝ 2018-ի ապրիլ-մայիսի Թավշյա հեղափոխությունը։

«Հեղափոխությունը եղավ ապրիլ-մայիս ամիսներին։ Այդ ժամանակ ներդրողները սկսեցին սպասել, որ հասկանան՝ ինչ է տեղի ունենում Հայաստանում, ինչ հնարավոր փոփոխություններ կարող են լինել։ Օրինակ՝ Իրանից ներդրողներ կային, որոնք պատրաստվում էին 20-25 մլն եվրոյի ներդրում անել, հեղափոխությունից հետո որոշեցին սպասել մինչև մեզ մոտ կայուն իրավիճակ լինի»,- պարզաբանում է Մնացականյանը։

Ինչ վերաբերում է Սևանից ջրառը ուշ իրականացնելուն, Մնացականյանը նշում է, որ դա չի կարող մեծ անկման պատճառ լինել: Նա համաձայն է, որ նաև շոգ եղանակն է նպաստել անկմանը․ «Մինչև հունիսը հորդառատ անձրևներ էին, հունիսից հետո երաշտ եղավ, ինչը բացասական ազդեցություն ունեցավ մշակաբույսերի ու բերքատվության վրա»։

«Երկրորդ, ապրիլ-մայիսին բոստանային կուլտուրաներ պետք է հիմնվեին, չգիտես ինչու պակասեց, որի պատճառով լոլիկի գինը օգոստոսին հասավ 400-500 դրամի, վարունգի գինը՝ 500-600 դրամի և այլն։ Իսկ հունիսից ակտիվ սկսեցին սածիլներ աճեցնել, ինչի պատճառով սեպտեմբերի վերջին արդեն շուկայում թթվի համար նախատեսված մանր վարունգի գինը իջել էր 200 դրամի։ Երբեք նման բան չէր եղել։ Իզուր չեն ասում, որ գյուղատնտեսության մեջ մեկ օրը ուշանալը մեկ տարի է հաշվարկվում»,- ասում է Մնացականյանը։ Նրա կարծիքով՝ գյուղատնտեսական ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում այս տարի հնարավոր կլինի աճ ունենալ։

Գործարարը նշում է, որ առաջնային է հատկապես ոռոգման համակարգերի խնդրի լուծումը, քանի որ տարեկան ոռոգման ջրի մինչև 80 տոկոս կորուստ է գրանցվում, ինչը «խայտառակ բարձր ցուցանիշ է»։ «Եկող տարի նույնիսկ հնարավոր է թռիչքաձև աճ ապահովել, եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվի»,- ասում է Մնացականյանը։

Եթե անգամ Սևանի վերջին կաթիլը բաց թողնվեր

Տնտեսական մեկնաբան, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը պնդում է՝ եթե անգամ Սևանի ջուրը մինչև վերջին կաթիլը բաց թողնվեր, հնարավոր է՝ նորից նույն պատկերը լիներ, քանի որ անկման պատճառները լրիվ այլ են։

«Այո, անկում գրանցվել է, սակայն եթե այն գրաֆիկը, որը Վիգեն Սարգսյանը ցույց էր տալիս Հ1-ի եթերում, լիներ 2017-ի տվյալներով, ապա ճիշտ նույն պատկերը կլիներ։ Նույնիսկ 2017-ին ավելի խորը անկումներ են եղել, քանի 2018-ին։ Եվ եթե պատճառներ են փնտրում, հասկանան, թե ինչու է 2017-ին՝ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ, նույն անկումը գրանցվել։ 2017-ի օգոստոսին 16,7 տոկոս անկում է եղել, նույնը հուլիսին և սեպտեմբերին»։ Գևորգյանը ևս ճիշտ չի համարում գյուղոլորտի անկումը հիմնականում ջրառով պայմանավորելը։

Պատգամավորի խոսքով՝ այս ոլորտում կա ավելի լուրջ խնդիր, և դա գյուղատնտեսության նկատմամբ վերաբերմունքն է, թե ինչպես ենք տեսնում գյուղատնտեսության զարգացումը․ «Մենք կարող ենք ամբողջ Սևանը դատարկել մինչև վերջին կաթիլը, բայց դրանից գյուղատնտեսությունը որևէ կերպ չի շահի»։

Գևորգյանը երկու խնդիր է առանձնացնում՝ հոգեբանականը և ֆերմերների ցածր կրթվածությունն ու համակարգված չաշխատելը։

«Օրինակ՝ բոլորով այս տարի ցանում են սոխ, ինչի հետևանքով սոխը այս տարի շատ էժան է լինում։ Հաջորդ տարի, հիշելով, որ սոխը էժան էր, սխտոր են դնում, ու այդ տարի ընկնում է սխտորի գինը, բայց այդ տարի սոխի գինն է բարձր լինում։ Այսինքն համակարգված չէ, ֆերմերը գիտականորեն չի վերաբերվում իր աշխատանքին,- նշում է պատգամավորը և ընդգծում։- Գյուղատնտեսությունը շատ լուրջ գիտություն է հատկապես 21-րդ դարում։ Եթե մենք գիտական սկզբունքներ չենք վերցնում գյուղատնտեսության համար, իմաստ չունի գյուղատնտեսությամբ զբաղվել»։

Գևորգյանը ևս մեջբերում է ջրի կորուստի խնդիրը և ասում, որ եթե անգամ ամբողջ Սևանը դատարկեին, միևնույն է, ջուր բոլորին չի հասնելու․ «Կորուստները ահավոր շատ  են, անհասկանալի է, թե ջուրը ուր է գնում, ինչպես է բաշխվում, ով է պատասխատանու դրա համար։ Գումարների զգալի մասը պետությունը դոտացիա է տալիս պետական բյուջեից, բայց որ այսօր նայենք, թե Հայաստանի հողերի քանի տոկոսն է կաթիլային ոռոգման տակ։ Ուղղակի ծիծաղելի թիվ է»։

Պատգամավորը համոզված է՝ եթե կաթիլային ոռոգում չի արվում, ապա անհրաժեշտ բաներից մեկը չի արվում։ Ըստ նրա՝  շատ վաղուց կաթիլային ոռոգումը ճոխություն չէ, և նոր տեխնոլոգիա չի համարվում։ Դա համարվում է կոնկրետ անհրաժեշտ տեխնոլոգիա։

Խոսլեով կառավարության քայլերի մասին՝ Գևորգյանը նշում է, որ առաջիկայում կիրականացվի ջրամբարաշինության ծրագիր, որով ջրի խնդիրը որոշակիորեն կլուծվի․ «Վարկերի սուբսիդավորումների միջոցով կառավարությունը կխթանի նաև նոր տեխնոլոգիաների ներդրումը գյուղատնտեսությունում։ Կառավարությունը պատրաստ է անել իրենից կախվածը, բայց դժվարը գյուղացու, ֆերմերի հոգեբանությունը փոխելն է, որը ևս պետք  անենք»։


***
Ի դեպ, գյուղատնտեսական ոլորտում վիճակագրական տվյալների հավաքագրման գործընթացը ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս կառավարության կողմից կասկածի տակ է դրվել։ Վիճակագրական տվյալների հավաքագրումը կազմակերպվում է համայնքապետերի, մարզպետների միջոցով, որտեղ սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը բավականին մեծ է։

Գևորգ Թոսունյան