27 մարտ, 2019 13:04

Գոլանի բարձունքների մասով Թրամփի որոշումը նախադեպային է ագրեսորին պատժելու թեզի համատեքստում․ զրույց Էդուարդ Աբրահամյանի հետ

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոլանի բարձունքները որպես Իսրայելի անբաժան մաս ճանաչելու մասին հուշագիր է ստորագրել: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի «անխախտ դաշինքը երբեք այդքան ամուր չի եղել, որքան հիմա»։ Սպիտակ տանը համատեղ ասուլիսին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ Թրամփը «հետևողականորեն կատարում է իր խոստումները»։ Վաշինգտոնի որոշման դեմ հանդես են եկել Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Սիրիան, Արաբական պետությունների լիգան։ Ի՞նչ է նշանակում Թրամփի այս քայլը միջազգային իրավունքի տեսանկյունից, ի՞նչ հեռանկարներ է բացում հայկական կողմի համար ղարաբաղյան կարգավորման համատեքստում՝ այս հարցերի շուրջ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցեց «ԱՐԴԻ» հիմնադրամի Եվրաատլանտյան հետազոտությունների ծրագրի համակարգող, բրիտանական Լեսթերի Համալսարանի «Անվտանգություն, հետախուզություն և ռազմավարական հետազոտություններ» բաժնի գիտաշխատող Էդուարդ Աբրահամյանի հետ։

- Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Գոլանի բարձունքները իսրայելական տարածք ճանաչող փաստաթուղթը։ Ի՞նչ ազդեցություն սա կարող է ունենալ միջազգային իրավունքի, աշխարհում առկա հակամարտությունների կարգավորման գործընթացների վրա։ Արդյոք սա հերթական անգամ գալի՞ս է ապացուցելու «ուժն է ծնում իրավունք» դրույթը։

- Սա բավական հետաքրքիր որոշում է միջազգային իրավունքի տեսանկյունից՝ ցույց տալով, որ դաշնակցային հարաբերությունները և դաշնակցի անվտանգությունը վեր է իրավաքաղաքական համընդհանուր օրենքներից։ Այս քայլը հիմնավորվում է նրանով, որ Գոլանի բարձունքները կարևորագույն նշանակություն ունեն ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակից Իսրայելի անվտանգությունը Սիրիայի տարածքից եկող մի շարք սպառնալիքներից պատշաճ ապահովելու համար։

Փաստորեն այս մոտեցումն ու նախագահ Թրամփի շեշտած «անվտանգության գոտին» ավելի ցածր է դասակարգում տարածքային ամբողջականության թեզը՝ գոնե զուտ Սիրիայի համատեքստում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի կոնցեպտուալ մոտեցում առաջ քաշեց այս հարցում՝ հանդես գալով ուշագրավ հայտարարությամբ՝ «Երբ ագրեսիայի ես դիմում, տարածք ես կորցնում, մի արի ու հետ պահանջիր»: «Գոլանը մերն է պատմության ու ինքնապաշտպանության իրավունքով, և նախագահ Թրամփը ճանաչում է դա»,- ասել է նա։ Նեթանյահուն ակնարկում է, որ Սիրիան այս տարածքը կորցրել էր Վեցօրյա պատերազմի ժամանակ իր իսկ ագրեսիվ գործողությունների հետևանքով՝ 1967թ․ արաբական չորս այլ երկրների հետ միասին հարձակվերով Իսրայելի վրա։ Նեթանյահուի տրամաբանությունը միանգամայն պարզ և արդարացի է՝ ագրեսոր ես, հարձակվել ես՝ գին պետք է վճարես դրա համար, այն էլ՝ սեփական տարածքով։

Այս մոտեցման իրավաքաղաքական հետևանքը է՛լ ավելի է մոտեցնում Հայաստանն ու Իսրայելը միմյանց

Այս մոտեցումը չափազանց հետաքրքիր է Հայաստանի ղարաբաղյան ռազմավարության համատեքստում։ Այս մոտեցման իրավաքաղաքական հետևանքը է՛լ ավելի է մոտեցնում Հայաստանն ու Իսրայելը միմյանց։ Խնդիրն այն է, որ ինչպես և Սիրիան, Ադրբեջանը ռուսական զորքերի աջակցությամբ 1991-92 թվականներին նույնպես դիմեց ագրեսիայի Հայաստանի և Արցախի նկատմամբ, որի հետևանքով հայաթափվեց Հյուսիսային Արցախը, Շահումյանի շրջանը, և հայկական ուժերին ահռելի կորուստների գնով հաջողվեց կանգնեցնել ագրեսոր կողմի առաջխաղացումն ու հետագայում հետ շպրտել։ Արդյունքում Ադրբեջանը պարտվեց  և պատժվեց տարածքային կորստի տեսքով։

Ուստի վստահ եմ, որ ԱՄՆ նախագահի այս քայլը Հայաստանի համար «աստղային ժամ» կարող է հանդիսանալ, եթե Երևանը այս երևույթը դիտարկի ոչ թե որպես հերթական անոմալիա միջազգային հարաբերությունների պարադիգմայում, այլ ընդունի այն որպես իրավիճակ, որը Հայաստանին լեգիտիմ շարժառիթ կտա վերանայելու արտաքին քաղաքական դիրքավորումն ու մոտեցումները՝ մասնավորապես Արցախի հարցում։ Կարծում եմ՝ այս պարագայում ճկուն դիվանագիտական ջանք է հարկավոր, որն իր մեջ կներառի սցենարային պրոեկցիա՝ հիմնվելով այս նախադեպի վրա։ Արդարությունից ելնելով, սակայն, պետք է արձանագրենք, որ հայկական դիվանագիտությունը առնվազն վերջին 15 տարիների ընթացքում նման առիթներից օգտվելու ունակություն չի ցուցաբերել՝ լինելով իներտ, դանդաղաշարժ, անակնկալներից զերծ և հետևաբար քիչ արդյունավետ ու զուրկ էվոլուցիոն դինամիկայից։ Բայց, ի վերջո, ուշ թե շուտ պետք է սովորել նաև նման իրավիճակներից պետականության համար օգուտներ քաղել։

- Այս օրերին շատ է խոսվում այն մասին, թե որքանով ԱՄՆ վարչակազմի այս որոշումը կարող է որպես նախադեպ ծառայել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում։ Ի՞նչ կարող է այս դեպքում անել հայկական կողմը, որո՞նք, ըստ Ձեզ, պետք է լինեն քայլերը։

- Այս պահին առավել կարևոր քայլ կլինի այս ամենի ֆոնին հիմնել Հայատանի Հանրապետության դեսպանություն Երուսաղեմում, ոչ թե Թել Ավիվում, այլ Երուսաղեմում, որի համար Հայաստանը ի տարբերություն շատ ու շատ պետությունների ունի հիմնավորում՝ հայկական հոգևոր և մշակութային ներկայության, հայկական թաղամասի և համայնքի տեսքով։ Եվ հետևաբար, էլ որտե՞ղ, եթե ոչ Երուսաղեմում լինի Հայաստանի դեսպանությունը։ Այս քայլը լուրջ ազդեցություն և դրական տպավորություն կթողնի իսրայելական քաղաքական էլիտայի և հրեական աշխարհի վրա՝ հզոր, որոշ չափով զգացմունքային հիմքերի վրա դնելով Հայաստան-Իսրայել, հայեր-հրեաներ հարաբերությունները։

Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու փաստը նախադեպային է հենց նաև ագրեսորին պատժելու թեզի համատեքստում

Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու փաստը նախադեպային է հենց նաև ագրեսորին պատժելու թեզի համատեքստում։ Եվ Հայաստանի կողմից իր ղարաբաղյան հակամարտության նորմատիվա-նարրատիվային բազայի խորքային և իմաստային վերանայումը միտված պետք է լինի ձևավորվող աշխարհակարգին և նման միտումներին համապատասխան։ Հայաստանի` Արցախի ժողովրդի ինքնորոշման վրա խարսխված մոտեցումը համապատասխան էր 1990-ական, 2000-ականների հետսառըպատերազմյան լիբերալ համագործակցային աշխարհակարգի էությանը, որտեղ ժողովրդավարական սկզբունքները ազգային ազատագրական շարժումների համատեքստում որոշակիորեն ընկալում էին գտնում արևմտյան աշխարհում (Բոսնիա, Կոսովո, Չեչնիա և այլն)։

Մենք մտել ենք հակամարտային մի միջավայր, որտեղ միջազգային հարաբերությունների անարխիկ բնույթն է՛լ ավելի է սրվել

Հիմա, սակայն, աշխարհը հիմնովին կերպարանափոխվել է։ Մենք մտել ենք հակամարտային մի միջավայր, որտեղ միջազգային հարաբերությունների անարխիկ բնույթն էլ ավելի է սրվել՝ ներգրավելով մեծ և տարածաշրջանային տերություններին մրցակցային իրավիճակի մեջ։ ԱՄՆ միակենտրոն, միևնույն ժամանակ բարդ խաղային կոմբինացիան ենթադրում է մի միտում, որ յուրաքանչյուր տարածաշրջանային ուժ, որը գտնվում է ռազմաքաղաքական մրցակցության մեջ մեկ այլ ուժի հետ, ինքն է փորձում իրավաքաղաքական օրինաչափության կանոններ սահմանել գոնե ազդեցության այն հատվածում, որտեղ ունի շատ թե քիչ դոմինանտի դիրքավորում։ Սրան ականատես ենք Ռուսաստանի դեպքում, որը թույլ տվեց միակողմանի խաղի կանոնների խախտում և իր համակարգի ներդրման փորձ Ղրիմի գրավմամբ, Չինաստանի դեպքում՝ ագրեսիվ բնույթ կրող ռազմավարություն Հարավչինական ծովում և կրկին միակողմանի խաղի կանոնների փոփոխության փորձ․ նույն տրամաբանության մեջ է տեղավորվում ԱՄՆ-ի՝ Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու քայլը։

Նման աշխահակարգում Հայաստանը՝ որպես փոքր տարածաշրջանային ուժ, որը գտնվում է ռազմաքաղաքական հակամարտության մեջ մեկ այլ փոքր ուժի՝ Ադրբեջանի հետ, պետք է կարողանա նախագծել և պարտադրել իր անվտանգային միջավայրի ճարտարապետությունը։ Հակառակ դեպքում կշարունակի խաղալ Ադրբեջանի կողմից ձևակերպված խաղային պայմանների շրջանակներում, որտեղ իր համար միայն մեկ ճակատագիր է պատրաստված՝ պարտություն։

Հետևաբար, Գոլանի բարձունքներին առնչվող իրադարձությունը լավ առիթ է սկսելու սեփական պրոյեկտավորումը, այն է՝ Արցախը Հայաստանին միավորելու գործընթացը, ինչը միանշանակ որոշ ժամանակով կխափանի մրցակցի սցենարը՝ ստիպելով վեջինիս խաղալ հայկական կողմի նախագծած ճարտարապետության օրենքներին համապատասխան։

Եվ վերջապես՝ պետք է հիմնովին փոխվի Հայաստանի իներտ ու կարծրացած պարադիգման ու նարատիվը ղարաբաղյան հիմնախնդրի հարցում։ Այն 27 տարվա մեջ որևէ արդյունք չտվեց։ Պետք է նաև շեշտել, որ առկա է տեսակետ, որ բոլոր հակամարտություններն ինքնատիպ են և պետք չէ նախադեպեր փնտրել և, հետևաբար, որևէ բան փոխել պետք չէ։ Ես համամիտ եմ, որ բոլոր հակամարտություններն ինքնատիպ են, բայց համամիտ չեմ այն տեսակետի հետ, որ պետք է խուսափել խորը համակարգային տրանսֆորմացիայից՝ ֆորմալ դրդապատճառ կամ շարժառիթ հանդիսացնելով նախադեպը։ Ի վերջո, քաղաքական կամքն ու արտաքին քաղաքականությունն արդիականացնելու հրամայականի գիտակցումը կարող է դրդել Հայաստանին, որ վերջինս ինքը ստեղծի միջազգային հարաբերություններում նախադեպեր։ Հակառակ դեպքում, այն թեզը, ըստ որի՝ պետք չէ ման գալ նախադեպեր, հաճախ ծառայում է ոչինչ չանելուն և ըստ էության քաղաքական ծուլության պատճառաբանություն է։

Հայկական կողմը ուժով պարտադրել է հակառակորդին իր կամքը, ինչպես և Իսրայելը, բայց ի տարբերություն հրեաների, մենք չենք հավատում մեր սեփական ուժերին

Հայկական կողմը ուժով պարտադրել է հակառակորդին իր կամքը, ինչպես և Իսրայելը, բայց ի տարբերություն հրեաների, մենք չենք հավատում մեր սեփական ուժերին։ Տարիներ անց Ադրբեջանը իրեն պահում է այնպես, կարծես թե ինքն է մեզ պարտադրել իր կամքն ու մեզնից վերցրել տարածք։ Ուստի քաղաքական խիզախությունն ու նոր դիվանագիտական տրամաբանությունը կարող են փրկել Հայաստանը ռազմավարական պարտությունից, որին մինչ այսօր գնում ենք։ Եվ Գոլանի բարձունքների՝ ԱՄՆ-ի կողմից ճանաչումը մեծ խթան պետք է դիտարկել այստեղ։

- Կարծիք է հնչում, որ Հայաստանը կարող է ԱՄՆ-ից հետո ճանաչել Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնիշխանությունը։ Իրատեսակա՞ն եք համարում նման քայլը, և իրականացվելու դեպքում ինչպե՞ս դա կանդրադառնա տարածաշրջանային պետությունների հետ Հայաստանի հարաբերությունների վրա։

- Դա կլիներ մարտավարական փայլուն քայլ Հայաստանի կողմից՝ միանգամից չեզոքացնելով Հայաստանի նկատմամբ բացասական ֆոնը Վաշինգտոնում, որն է՛լ ավելի սրվեց Ռուսաստանի կողմից Հայաստանին սիրիական արկածախնդրության մեջ ներքաշելու և Իրանում պատժամիջոցների տակ գտնվող իրանական գազը Գազպրոմի միջոցով տարանցիկ ֆունկցիա կատարելու հայկական կողմի ցանկություն հայտնելու հետևանքով։

Սակայն պրագմատիկ տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանը կխուսափի առայժմ ճանաչէլ Գոլանը որպես Իսրայելի մաս, և ՄԱԿ-ում առաջիկա քվեարկությունների ժամանակ հուսով եմ՝ գոնե չեզոք կքվեարկի՝ դրանով իսկ փրկելով Իսրայելի հետ պոտենցիալ լայնաֆորմատ և ինտենսիվ հարաբերությունների հեռանկարը և է՛լ ավելի չվնասելով ԱՄՆ-ի հետ իր հարբերություններին։

Հայաստանի չեզոք քվեն չի վնասի նաև Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները, որոնք կձգտեն այստեղ գործընթացը չեղարկողի դեր խաղալ։ Այլ խոսքերով՝ Հայաստանը պետք է գործի իր շահերից ելնելով, որոնք ենթադրում են աջակցություն այս դեպքում յուրաքանչյուր տարածքային ստատուս քվոյի խախտմանը հօգուտ այն կողմի, որը ագրեսիայի զոհ է դարձել և ռևանշի հասնելով՝ ձեռք բերել տարածք։ Հասկանալի է, որ քաղաքական դասավորվածությունը թույլ չի տա Երևանին միանգամից իսրայելամետ դիքոորոշում որդեգրել, չնայած որ դա բնական կլիներ, և հետևաբար ենթադրում եմ՝ հայկական կողմը կգնա չեզոքության ճանապարհով և ոչ մի դեպքում Ռուսաստանի և Իրանի ձեռքում չի լինի գործիք՝ քվեարկելով ԱՄՆ-ի որոշման դեմ։ Ի դեպ, Թուրքիան և Ադրբեջանը, ենթադրում եմ, դեմ կքվեարկեն այդ հարցում՝ լրացուցիչ բացասական ֆոն ստեղծելով Իսրայելի և ԱՄՆ-ի հետ իրենց հարաբերություններում։

- Ակնհայտ է, որ Թրամփի վարչակազմի որոշումներում (այդ թվում՝ Երուսաղեմը որպես մայրաքաղաք ճանաչելը) մեծ դեր ունի իսրայելական/հրեական լոբբին։ Մենք ունենք ավանդական հայկական կազմակերպություններ, որոնք տասնամյակներ շարունակ գոյություն ունեն և գործում են ԱՄՆ-ում։ Ի՞նչ եք կարծում, արդյոք ժամանակը չէ՞ հայկական լոբբիստական ջանքերն ու աշխատանքի տրամաբանությունը վերաձևակերպելու և վերաիմաստավորելու համար՝ փոխելով առաջնահերթություններն ու շեշտադրումները։

Միանշանակ։ Հայկական համայնքային կառույցները այժմ պետք է կենտրոնանան մեկ հարցի շուրջ՝ ինչպես օգտվել ընձեռված առիթից և ինչպես վերապրոյեկտել Արցախը Հայաստանին վերամիավորելու հարցը Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու հոլովույթում, այլ ոչ թե քննարկեն՝ Թրամփի որոշումը ճիշտ է, թե՝ սխալ։ Թրամփի որոշումը իր որոշումն է, հիմա պետք է հասկանալ, թե ինչպես Հայաստանը կարող է օգտվել ընձեռված առիթից։

Թրամփի որոշումը իր որոշումն է, հիմա պետք է հասկանալ, թե ինչպես Հայաստանը կարող է օգտվել ընձեռված այս առիթից

Ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ հենց նույն ԱՄՆ-ում իրենց հայկական ավանդական կազմակերպություններ ներկայացնող լոբբիստական կառույցները կենտրոնացած են հիմնակնում Հայոց ցեղասպանության ճանաչման գործունեության վրա և թույլ պատկերացումներ ունեն կամ քիչ նշանակություն են տալիս Հայաստանի իրական արտաքին քաղաքական առաջնահերթություններին և հիմնախնդիրներին երկկողմ հարաբերությունների համատեքստում։ Ավելին, այս կառույցները վերջին շրջանում ուղղակի հակադրվում են ԱՄՆ քաղաքական այս կամ այն որոշումներին, ինչը Երևանի համար լրացուցիչ խոչընդոտներ է ենթադրում Վաշինգտոնի հետ հարաբերություններում։

Չնայած՝ կան համայնքանին կառույցներ, որոնք Ցեղասպանության ճանաչման հարցը որոշ չափով անձնական բարեկեցությանն ուղղված գործիք են դարձրել, նույն ԱՄՆ-ում առկա են մի շարք սփյուռքյան կազմակերպություններ, որոնք բավական ադեկվատ կերպով են ընկալում Հայաստանի շահերն ու առաջնահերթությունները՝ խորապես հասկանալով այն լայն, ակնհայտ և ոչ բացահայտ մարտահրավերների շրջանակը, որոնց Հայաստանը ներկայում առերեսվում է։

Ոչ թե Հայաստանը պետք է աշխատի համայնքի համար, ինչպես փաստացի այսօր է, այլ համայնքը պետք է աշխատի հայկական պետականության համար

Հետևաբար, նոր ռազմավարության կարիք կա՝ համայնքային հայկական լոբբիստական կառույցները արդյունավետ և համակարգված կերպով ծառայացնելու Հայաստանի իրական՝ խորքային և զուտ ազգային առաջնահերթություններին, որոնցից ամենաառանցքայինը Արցախը Հայաստանի մաս ձևակերպելու լոբբիստական աշխատանքն է՝ մի գործընթաց, որն արդեն իսկ սկսվում է Հայաստանում։ Այստեղ, ենթադրում եմ, է՛լ ավելի արդյունավետ կլիներ, եթե հայաստանյան պետական շահերի լոբբինգով զբաղվեին նաև ոչ էթնիկ հայկական կազմակերպություններ կամ կառույցներ։ Կարևորը գիտակցելն է, որ ոչ թե Հայաստանը պետք է աշխատի համայնքի համար, ինչպես փաստացի այսօր է, այլ, ընդհակառակը, համայնքը պետք է աշխատի հայկական պետականության համար, ինչպես որ ընդունված է հրեական լոբբիստական կազմակերպություններում։

Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը