28 մարտ, 2019 17:00

Ամենակարևոր ընտանիքները սովորական ընտանիքներն են

Մի անգամ, երբ ինձ պետք էր մարդկային վերաբերմունք, ավելի քան երբևէ, իրադարձությունները դասավորվեցին այնպես, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գեղարվեստի դպրոցում հանդիպեցի դպրոցի այն ժամանակվա տնօրեն Լուսինե Մանուկյանին: Ինքը աստղեր չիջեցրեց երկնքից, ուղղակի ասում էր. «Մի մտածի, լավ կլինի»,  ու իր դերը մեծացնելու փոխարեն շատ անգամ նվազեցնում էր: Ամեն ինչ լավ եղավ, եղավ Լուսինեի ասածի պես: Մեր հանդիպումից մեկ տարի անց Լուսինեն սպասում էր զավակի՝ երրորդին: Առաջին երկուսը աղջիկներ էին: Ավագը հայտնի «Տիեզերք» բենդի ջութակահար Աստան է՝ Աստղիկ Մամիկոնյանը:

Երբ Արեգը ծնվեց, ուզեցի տեսնել ու գոնե մի փունջ ծաղիկ նվեր տանելու հնարավորություն ունենալ: Լուսինեն, երկու հետաքրքիր աղջիկներն ու ամուսինը ապրում էին Հարավարևմտյան թաղամասում: Այդ գրագետ, կրթված մարդկանց տանը բացի երեխաներից ոչ մի ճոխություն չկար, ամեն ինչ գերհամեստ ու կիրթ էր: Գլխավոր ճոխությունը նոր ծնված Արեգն էր, որի մասին առաջին րոպեից ասացի՝ տոհմիկ գլուխ ունի, տոհմիկ ծագում ունի: Արեգն իրոք այդպիսի արտաքին ուներ, թեև ընդամենը գրկի երեխա էր: Արեգը տան ճոխությունն էր, Լուսինեի զմայլանքն ու մեծ նվաճումը:

Արեգը հիմա հիվանդ է: Ծանր հիվանդ: Իմ ընկեր Լուսինեն, որ միշտ զուսպ ու ուժեղ մարդ էր, մոլորվել է: Իսկ խնդիրը գումարն է: Իրենք արեցին անհնարը՝ հասան Բարսելոնայի մանկաբուժական հիվանդանոց: Հետազոտության արդյունքները հուսադրող չեն, եթե գտնվի անհրաժեշտ գումարը, իսկ այդ գումարը Զիլֆիմյան-Մանուկյան զույգի համար աներևակայելի մեծ է, իրենք ապրել են սեփական աշխատանքով ու երկրի հնարավորություններին համաքայլ: Ռեժիսորի ու մանկավարժի աշխատավարձի սահմաններում երեխայի բուժման մասին մտածելը անտրամաբանական է: Իսկ Արեգը պիտի ապրի, որովհետև ինքը պիտի ապրի:

Սա, իհարկե, մի ընտանիքի պատմություն է թվում, բայց սա մեծ մասշտաբի բովանդակային ողբերգություն է, երբ բուժումը հնարավոր է, իսկ բուժվելը՝ ոչ, որովհետև չկա գումար:

Հայաստանում ու դրսում կան շատ կարգին մարդիկ, որոնք կուզեն ու կարող են փրկել Երևանի Հարավարևմտյան թաղամասում ապրող, չտրտնջացող, անկախ ամեն ինչից  պարտաճանաչ աշխատանքի գնացող, անփող, բայց շատ պարկեշտ, շատ հաճելի ու գրագետ ընտանիքի այս տեսակը, որտեղ ծնված Արեգը հիմա շատ հիվանդ է: Լուսինեն այն մարդկանցից է, որ եթե ինքն ունենար այդ գումարը և այն պետք լիներ որևէ մեկի երեխային փրկելու համար, առանց մտածելու կտար:

Լուսինեն դպրոցի դռներից  ներս թողնելու ուսուցիչներից է, նրանցից վաղուց քիչ կան: Հիմա ինքն անզոր է զգում իրեն, ու իրեն օգնել է պետք: Օգնել կարելի է հավատացյալ ու աթեիստ լինելով, ամեն դեպքում դա վերադառնում է լավ բանի տեսքով: Ամենակարևոր ընտանքիները սովորական ընտանքիներն են՝ սովորական պարկեշտությամբ, սովորական պարտաճանաչությամբ, սովորական աշխատասիրությամբ, որոնք երբեք  դրսում բուժվելու գումար չեն ունենում:

Արձագանքեք եթե հնարավորություն ունեք, սովորական ընտանքիների երախտագիտությունը ամենաերկար վառվող մոմն է, ամենատեղ հասնող աղոթքը:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: