6 ապրիլ, 2019 20:15

Տեսնել, թե որտեղ է հնարավոր ստեղծել հավելյալ արժեք․ Էրիկ Ռայներտի խորհուրդները Հայաստանին

Մարտի վերջին Երևանում էր նորվեգացի աշխարհահռչակ տնտեսագետ Էրիկ Ռայներտը։ Նա բազմաթիվ գրքերի հեղինակ է, որոնցից ամենանշանավորը 2007-ին լույս տեսած «Ինչպես են հարուստ երկրները հարուստ դարձել, իսկ աղքատները մնում են աղքատ» (How Rich Countries Got Rich... and Why Poor Countries Stay Poor) աշխատությունն է: Ռայներտը հանդես է գալիս ազատ առևտրի և լիբերալ տնտեսության քննադատության դիրքերից և իր գրքում ցույց է տալիս, որ հարուստ երկրները հարուստ են դարձել տնտեսությունում պետական միջամտության, պրոտեկցիոնիզմի և ռազմավարական ներդրումների, այլ ոչ թե ազատ առևտրի շնորհիվ։ Ներկայում Ռայներտը դասավանդում է Տալլինի համալսարանում։ Ռայներտը հյուրընկալվել է ՍիվիլՆեթում և զրուցել Էրիկ Հակոբյանի հետ։ Անգլերեն զրույցից հատված թարգմանաբար և խմբագրումներով ներկայացված է ստորև։

- Հայաստանում հետհեղափոխական շրջան է և նոր կառավարություն։ Բացառիկ հեղինակություն վայելող կառավարություն և առաջնորդ, որն այնպիսի քայլեր է ձեռնարկում, որ, անկախ տնտեսական համակարգից, դրական են՝ կոռուպցիայի դեմ պայքար, թափանցիկություն, մրցակցություն, մենաշնորհների վերացում։ Եթե դուք լինեիք նրա գլխավոր տնտեսական խորհրդականը, որո՞նք են այն երեք-չորս քայլերը, որ խորհուրդ կտայիք անել առաջիկա չորս-հինգ տարիների ընթացքում, եթե նա մտադիր է ոչ միայն աճ ապահովել, այլև բարձրացնել կյանքի որակը։

- Նախևառաջ կփորձեի տեսնել, թե արդյունաբերության մեջ որտեղ է հնարավոր ստեղծել հավելյալ արժեք։ Օրինակ, չիլիեցիները իրենց գինին արտահանում էին տակառներով։ Հանկարծ որոշեցին արգելել գինու արտահանումը տակառներով և այդկերպ կրկնակի մեծացրին արտահանման արժեքը։ Շշալցումը, պիտակները, գինու խցանները և այլն նպաստեցին դրան։ Այսինքն, եթե կարող եք ձեր արտահանումներին արժեք ավելացնել, դա լավ գաղափար է։

Նաև խորհուրդ կտայի նայել ներկրումների մաքսատուրքերին, այն, թե ինչ եք ներկրում։ Եվ նվազագույն միջամտությամբ որտեղ կարող եք զարկ տալ տեղական արտադրությանը։ Կա Ռուսաստանի հաջողված օրինակը․ նրանք ԱՄՆ-ից թռչնամիս էին ներկրում՝ հավի բուդիկներ։ Սանիտարական նվազագույն կարգավորումներով ու մաքսատուրքերով նրանց հաջողվեց ներկրումը փոխարինել ներքին արտադրությամբ։ Իհարկե, եթե փոքր երկիր ես, չես կարող ամենուր ներկրման փոխարինում անել։ Բայց կարող ես նայել ներկրվող ապրանքների մաքսատուրքերին և տեսնել՝ որտեղ կարելի է բան փոխել։ Միգուցե կարողանաք կրկնել ռուսների՝ թռչնամսի ներկրման հաջողությունը։

Երրորդը, կնայեի երկրի վճարային հաշվեկշռին և աճող պարտքին։ Այս խնդիրն ունեն նաև ձեր հարևանները։ Հետաքրքիրն այն է, որ 1930-ականներին Գերմանիայում նացիստներն իշխանության եկան՝ քննադատելով, թե որքան մեծ գումար էր ուղղվում երկրի արտաքին պետական պարտքը սպասարկելուն։ Գերմանիան ավելի ու ավելի էր խրվում պարտքի մեջ, գնալով ՀՆԱ-ի ավելի մեծ մասն էր ուղղվում արտաքին պարտքին։ ԱՄՆ-ում դա կկոչվեր տոկոսի տակ մնալու ստրկություն (interest bondage): Հենց սա է տեղի ունենում այժմ։ Հետաքրքիրն այն է, որ հիմա Գերմանիան է «չարագործը», որի արտահանման ավելցուկը մեծ խնդիրներով արտացոլվում է այլուր։ Ինչ-որ բան է պետք անել։ Եվրոն․․․ ֆինանսիստները դա կկոչեին Պոնցիի սխեմա (Ponzi Scheme)՝ բուրգային խաղ, որը վաղ թե ուշ փլվելու է։ Եվ նույնիսկ Իտալիայի նման մեծ երկիրն է նման իրավիճակում հայտնվել։Ռայներտին Հայաստան էր հրավիրել պատմական սոցիոլոգ, Աբու Դաբիում Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը (լուսանկարում՝ ձախից)

- Այնտեղ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հատել է 100 տոկոսը։

- Այո, բայց եթե հիմա ասես, որ պետք է ավելի շատ խնայել, նրանց տնտեսությունը կկրճատվի։ Սա էր Քեյնսն (John Maynard Keynes) անվանում «խնայումների պարադոքս», որովհետև եթե ավելին խնայես, քո տնտեսությունը կնվազի։ Բազմաթիվ երկրներ ձեր վիճակում են՝ պետք է ավելի շատ խնայել, սակայն դա նշանակում է տնտեսության դանդաղում։ Սա ընդհանուր խնդիր է, որը, երբ կրկին Քեյնսին անդրադառնանք, կտեսնենք, որ այն, ինչ նա անում էր, աշխատատեղերի ստեղծումն էր, իսկ այն, ինչ [Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահ] Մարիո Դրագին էր անում, մեծաքանակ գումարի խնայողությունն էր։

- Ես համաձայն եմ ձեր տնտեսական գնահատումների, լայն գնահատումների հետ ավելի մեծ երկրներում։ Սակայն Հայաստանը փոքր երկիր է, որը շուկաներին ելքի խնդիր ունի, որտեղ աշխատավարձերը ամենացածրը չեն, սակայն նաև այնքան բարձր չեն, որ բավարար կենսամակարդակ ապահովեն… Որոշ առումներով ավելի հեշտ է լուծել 2-3 միլիոն բնակչություն ունեցող երկրի խնդիրները, քան թե մի քանի հարյուր միլիոն մարդկանց խնդիրները։ Նեոլիբերալ տնտեսական համակարգը, որ ձախողվում է ամենուր, կարո՞ղ է արդյոք աշխատել այնպիսի փոքրիկ, յուրօրինակ տեղերում, ինչպիսիք են Հայաստանը, Սինգապուրը և այլն։ Կարծում եք՝ նման անոմալիա հնարավո՞ր է Հայաստանի նման երկրում՝ հաշվի առնելով տարատեսակ բազմաթիվ գործոններ։

- Մեկ քայլ ետ գնանք՝ ինքնաբավ և արդյունավետ տնտեսություն ունենալու նվազագույն չափը գնալով աճում է։ 1930-ականներին Էստոնիան ուներ 1 միլիոն բնակչություն, զարգացած արդյունաբերական երկիր էր, ուներ հեծանիվի երկու գործարան, այլ գործարաններ։ Եվ, որքան էլ զարմանալի է, շատ ավելի հարուստ էր, քան Ֆինլանդիան։ Սակայն հիմա, եթե ցանկանում ես լինել խելամտորեն ինքնաբավ, պետք է ունենաս շատ ավելի խոշոր տնտեսություն։ Նորվեգիայի ու Շվեդիայի նման փոքր տնտեսություն ունեցող երկրները, չնայած իրենց փոքր լինելուն, մեկը մյուսի լավագույն հաճախորդներն են։ Այսինքն, եթե գտնես մի երկիր, որը քիչ թե շատ ունի նույն կենսամակարդակը և տեխնոլոգիական նույն մակարդակը,- առևտրաշրջանառությունը նման երկրների, հարևանների հետ լավ է։ Սիմետրիկ առևտրաշրջանառությունը միշտ լավ է։ Սակայն դրանք այդքան էլ շատ չեն։ Նայելով Հայաստանին ու հարևաններին՝ նրանց հետ առևտրաշրջանառությունը լավ գաղափար կլիներ։

Կարծում եմ՝ հնարավոր է գոյատևել որպես փոքր երկիր․․․ Սակայն դուք այդքան արդյունավետ ու այնքան աղքատ չեք, որքան Չինաստանը, ու շատ դժվար է մրցակցել արդյունաբերական արտադրության ասպարեզում։ Սակայն պետք է ընտրեք որոշ ոլորտներ, որտեղ ինքներդ պետք է արտադրեք։ Եթե ունենայիք ճենապակու կավ, միգուցե կարողանայիք սալիկների պատրաստման ուղղությամբ գնալ։ Վրաստանն է ուզում դա անել, քանի որ կավ ունեն։ Կարծում եմ՝ պետք է ընտրեք որոշ ոլորտներ, որտեղ ունեք հարաբերական մրցակցային առավելություն։ Զբոսաշրջությունը լավ է, և այս երկիրը հետաքրքիր երկիր է այդ տեսանկյունից։ Բայց զբոսաշրջությունը աշխատանք է ստեղծում, ոչ թե աշխատավարձ։

Կարծում եմ՝ պետք է կենտրոնանալ որոշ ոլորտներում՝ տեղական սպառման առումով, ինչպիսին է թռչնամթերքը, և արտահանման առումով, որտեղ ունեք հանքանյութ, կոնյակ, որոնք ի վերջո հիմնականում արտահանման համար են։

- Գիտեմ, որ դուք հետխորհրդային տնտեսությունների մասնագետ եք։ Իրականում, շատ քչերն են իսկապես հասկանում՝ ինչ է տեղի ունեցել աշխարհի այս հատվածում 25-30 տարի շարունակ, և այն տրավման, որը դարձավ դրա պատճառը։ Ես կատակով ասում եմ՝ 25 տարի ծախսեցինք՝ հուսալով, որ Հայաստանը կդառնա աշխարհի մյուս երկրների նման, բայց այժմ կարծես թե աշխարհն է դառնում այնպիսին, ինչպիսին Հայաստանն էր կամ ինչից փորձում էր դուրս գալ։ Դուք հետաքրքրիր համեմատություն արեցիք 1848թ․ հեղափոխությունների հետ [հարցազրույցի այդ հատվածը դիտեք տեսնայութի սկզբում՝ անգլերեն - խմբ․], և թե ինչ պատահեց 2016թ․ արևմուտքում՝ Թրամփի ընտրությունը, Բրեքզիթը, պոպուլիստական շարժումները և այլն, այսպես կոչված էլիտաների կոնսենսուսի փլուզումն ու էլիտաների նկատմամբ վստահության անկումը։ Հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունենում Արևմուտքում՝ աշխատավարձերի նվազեցում, կենսամակարդակի անկում և այլն՝ կարո՞ղ ենք արդյոք զուգահեռ անցկացնել հետխորհրդային շրջանի հետ, առնվազն՝ բնակչության աշխատավոր խավի մասով։ Թե՞ սա շատ ծայրահեղ համեմատություն է։

- Կարծում եմ՝ առկա են շատ ընդհանուր գծեր։ Փորձագետ չեմ այդ թեմայի, սակայն բավական խորն ուսումնասիրել եմ։ Եվ զուգահեռներ կան։ Երբ տնտեսությունը կրճատվում է, ընդհանուր հետևանքներ են լինում։ 1848թ․ հեղափոխության դեպքում հետաքրքիրն այն էր, որ դրանից առաջ՝ 1846թ․, Եվրոպայում վերացրին ներկրումների արելքները, բոլորը համաձայն էին ազատ առևտրին, ապա տեղի ունեցավ ֆինանսական ճգնաժամը։ 1847թ․ Անգլիայում, եվրոպական բազմաթիվ երկրներում վատ բերք եղավ, ու հանկարծ 1848թ․ բոլոր կողմերից հարձակվեցին Դևվիդ Ռիկարդոյի (David Ricardo) և Ազատ առևտրի համաձայնագրի վրա։  

1848թ․ լույս տեսավ երեք գիրք՝ Մարքսի և Էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»։ Մարքսը որոշ վերապահումներով կողմ էր ազատ առևտրին և ասում էր՝ եթե չափից վաղ մարդկանց ծանոթացնես ազատ առևտրին, մարդիկ կաղքատանան, և արդյունքում տեղի կունենա հեղափոխություն։ Մարքսը այդ տեսանկյունից էր կողմ ազատ առևտրին։ Հետո նա ստիպված էր փախչել Անգլիա, քանի որ ծայրահեղական էր։ Կար նաև գերմանացի տնտեսագետ Բրունո Հիլդեբրանդը (Bruno Hildebrand), որը կարծես ճանապարհի մեջտեղում էր։ Նա էլ այնքան պահպանողական էր, որ ստիպված էր փախչել Շվեյցարիա 1851թ.։ Կար նաև մեծ լիբերալը՝ Ջոն Ստյուարտ Միլը (John Stuart Mill)՝ կրկին 1848թ․։ Ըստ նրա՝ բոլոր երկրներին անհրաժեշտ է, որ երեխաներն արդյունաբերությունում չաշխատեն․ քո երեխային չես կարող ուղարկել աշխատաշուկա ութ տարեկան հասակում, այլ պետք է կրթություն տաս։ Երեխաներին արդյունաբերությունից ետ պահելու այս գաղափարի վրա էլ ամբողջ Եվրոպան արդյունաբերականցվեց՝ Նորվեգիան, Շվեդիան, բոլորս։

Հետաքրքիրն այն էր, որ ազատ առևտուրն այդ ժամանակ երկու կողմերից էլ հարձակման էր ենթարկվում։ Նման մի բան կատարվեց 1932-1933 թթ.. Քեյնսը հրապարակեց երկրի տնտեսական ինքնաբավության մասին աշխատանք, որ որքանով խելամտորեն հնարավոր է, ապրանքները պետք է լինեն տեղական։ Ամենակարևորը՝ որ բանկային համակարգը լինի ազգային․․․

Ապա եկավ 2016թ., երբ Սանդերսն ու Թրամփը, երկու կողմերն էլ համաձայնեցին, որ ազատ առևտուրն այլևս ԱՄՆ-ի շահերից չի բխում։ Հետաքրքիր է, որ դա գալիս է սոցիալիստներից ու ծայրահեղ աջերից։ Այս առումով զուգահեռներ կան։ Զարմանալի չէ նաև այն, որ Թրամփը այս իրավիճակում ասում է նման բան. երբ աշխարհի առաջատար երկիրը հանկարծ հասկանում է, որ ինքն այլևս առաջատարը չէ, հետ է կանգնում ազատ առևտրից։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Դիտե՛ք զրույցը անգլերեն՝