8 ապրիլ, 2019 12:51

Ընդհանուր ընկալումն է՝ անհրաժեշտ է շարժվել կարգավորման հարցում, այլ կերպ արդեն հնարավոր չէ․ Մամեդյարով

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ․ այս մասին Moscow-Baku լրատվականին տված հարցազրույցում ասել է Մամեդյարովը։ Իր վերջին հանդիպումը Լավրովի հետ Մամեդյարովն անվանել է «հրաշալի, ինչպես միշտ»։

«Մենք Սերգեյ Վիկտորովիչի հետ բաց քննարկկում ենք ոչ միայն երկկողմ հարաբերությունների օրակարգը, այլև, անշուշտ, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Կարծում եմ՝ մոտակա ժամանակներում կհայտարարվի Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և համանախագահների մակարդակով հանդիպման մասին։ Կարծում եմ՝ Սերգեյ Վիկտորովիչն էլ է մասնակցելու։ Ընդհանուր ընկալումն է՝ անհրաժեշտ է ղարաբաղյան կարգավորման հարցում շարժվել, այլ կերպ արդեն հնարավոր չէ»,- ասել է նա։

Հարցին, թե ինչ օրակարգով է այժմ գնում բանակցությունների Ադրբեջանը, այդ երկրի ԱԳ նախարարը պատասխանել է․ «Ամեն ինչ կախված է լինելու իրավիճակից, թե ինչ կստանանք արդյունքում։ Իհարկե, հանուն արդարության ասենք, որ երբ Սերգեյ Լավրովն ասում է, որ ուզում է հանդիպել և ինձ հետ, և Զոհրաբ Մնացականյանի հետ, դա լավ է, քանի որ Ռուսաստանը ծանր հրետանի է։ Ռուսաստանը գտնվում է մեր կողքին, այդ թվում՝ առկա է ռազմավարական գործընկերություն։ Եվ եթե ՌԴ ԱԳՆ ղեկավարը որոշել է իր քաշը դնել կշեռքի վրա՝ հասկանալու համար իրավիճակը (և մենք մանրակրկիտ վերլուծել ենք իրադրությունը), Աստված տա, որ ստացվի։

Վիեննայի հանդիպումը ցույց տվեց, որ թեև ծանր, բայց շոշափվում են շփման եզրեր։ Բնականաբար ոչ ոք չէր ակնկալում, որ դա արագ է լինելու։ Բայց հիշեցնեմ, որ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումից որոշ ժամանակ անց Հայաստանի պաշտպանության նախարարն արեց բացարձակապես ռազմատենչ հայտարարություն՝ նոր պատերազմի, նոր տարածքների մասին գոչյուններով։ Հայտարարությունն իհարկե նախատեսված է ներքին լսարանի համար»։ 

Ադրբեջանի ԱԳ նախարարն այնուհետև կարծիք է հայտնել, որ հակամարտության 30 տարիների ընթացքում Հայաստանում վատթարացել է տնտեսական ու ժողովրդագրական վիճակը, և «ամբողջ այդ իրադրությունը դրդում է նրան, որ պետք է դրանից դուրս գալ»։

«Այստեղ փիլիսոփայությունը պարզ է, դրա մասին Ադրբեջանը բազմիցս խոսել է՝ չես կարող վերցնել տարածք ու փախչել Լուսնի վրա, դու ամեն դեպքում պետք է ձգտես նորմալ բարիդրացիության»,- ասել է Էլմար Մամեդյարովը՝ հավելելով, որ Ադրբեջանը «դարձել է տարածաշրջանի առաջատար տնտեսություն»։

Ադրբեջանցի դիվանագետը նաև կարծում է, որ «Սփյուռքը չի աջակցում Հայաստանին», և այս տարիներին հայրենադարձվել է միայն նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը հրաժարվել է ամերիկյան քաղաքացիությունից և կնոջ ու որդիների հետ վերադարձել Հայաստան 1990-ականներին։

«Նրանցից բացի Սփյուռքից ոչ ոք նման բան չի արել։ Ո՞վ է փող տվել։ Ուրեմն չկա վստահություն։ Կարծում եմ, որ այդ ամենի գիտակցումն անհրաժեշտ է իրավիճակի վերլուծության ժամանակ»,- ասել է Մամեդյարովը։

«Ներկայում գնդակը հայերի դաշտում է՝ նրանք պետք է համոզեն սեփական բնակչությանը նրանում, որ խաղաղություն է պետք։ Նրանք երբեմն ասում են՝ գիտեք, Ղարաբաղում այնքան բարդ մարդիկ են․․․Տղաներ, դա մեր խնդիրը չէ, այլ ձեր։ Դուք պետք է բացատրեք մարդկանց, որ Հայաստանն առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ապագա չունի»,- նշել է նա։

Հարցին, թե արդյոք Ադրբեջանը բնակչությանը նախապատրաստո՞ւմ է խաղաղության, Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանել է․ «Իհարկե։ Խոսք է գնում այն մասին, որ գուցե լրագրողների փոխայցելություններ տեղի ունենան։ Հիմա Սերգեյ Լավրովի հետ էլ այդ հարցը քննարկեցինք, թե ինչ ձևով կարելի է դա անել։ Ադրբեջանը պնդում է, որ անհրաժեշտ է ևս մեկ հայտարարություն՝ ամրապնդելու այն, ինչ ասվել է ավելի վաղ, ինչպես նաև ամրագրել առաջ շարժվելու անհրաժեշտությունը»։ 

Պարզաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունում հիշատակված մարդասիրական քայլերը՝ Մամեդյարովը նկատել է, որ «խոսքը երկու ադրբեջանցիների մասին է, որոնք ազատազրկված են Ղարաբաղում՝ Դիլհամ Ասկերով և Շահբազ Գուլիև»։

Մամեդյարովը հարց է բարձրացնում, թե ինչու Ասկերովի և Գուլիևի հարազատները չեն կարող նրանց այցելել կամ ինչո՞ւ մարդիկ չեն կարող այցելել իրենց հարազատների շիրիմներին։

«Սա շատ զգայուն հարց է։ Նույնը հայկական կողմի համար, խոսվում է Զավեն Կարապետյանի մասին։ Այս համատեքստում պետք է փնտրել մարդկանց միջև փոխազդեցության ինչ-որ ձևեր։ Եվ որքան շատ նրանք շփվեն, այնքան ավելի լավ։ Այլ տարբերակ չկա։ Մյուս տարբերակը պատերազմն է։ Այն պե՞տք է։ Պատերազմը հետ կշպրտի ամբողջ տարածաշրջանը»,- նկատել է նա Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ չհիշատակելով Կարեն Ղազարյանին, որը Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ 

Ներկայում Ադրբեջանում գերության մեջ են գտնվում Հայաստանի քաղաքացիներ Կարեն Ղազարյանը, Արսեն Բաղդասարյանը, Զավեն Կարապետյանը։ Հայկական կողմում են Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը։ Վերջիններս ձերբակալվել են 2014 թվականին՝ Արցախի տարածքում: Արցախյան դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով մի շարք ծանր հանցագործություններում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, առևանգման, սպանության հոդվածներով։ Այս տարվա փետրվարին Արցախում պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել ադրբեջանցի Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն։ 

Moscow-Baku լրատվականին տված հարցազրույցում Էլմար Մամեդյարովը խոսել է նաև կարգավորման գործընթացում բեկման հնարավոր լինելու մասին։ Նրա համոզմամբ՝ բեկում էր տեղի ունեցել դեռ 2004-ին, երբ նա դարձել էր ԱԳ նախարար։ 

«Հանուն արդարության՝ այն ժամանակ մենք Վարդան Օսկանյանի հետ (Հայաստանի ԱԳ նախարար 1998-2008թթ․) ինտենսիվորեն քննարկում էինք կարգավորման կոնկրետ ծրագրեր։ Դրանք մանրակրկիտ, հստակ ծրագրեր էին։ Դրանք չեն հանրայնացվել, բայց այն ժամանակ մեր միջև փոխըմբռնում կար»,- ասել է Մամեդյարովը։

***

Վերջերս Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը հայտարարել է․ «Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ, այդ ձևաչափը՝ տարածքներ խաղաղության դիմաց, ես այսօր վերաձևակերպել եմ: Մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»։ Նրա խոսքով՝ «ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ, բայց ոչ զիջումներ»: Տոնոյանն ընդգծել է, որ Հայաստանն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները:

Մեկնաբանելով Տոնոյանի հայտարարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ինքը նրան կազատեր պաշտպանության նախարարի պաշտոնից»:

Մարտի 29-ին Վիեննայում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը, որի արդյունքներով տարածած հայտարարությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մասնավորապես նշել են․ «Ղեկավարները հանձն են առել ամրապնդել հրադադարը և բարելավել ուղիղ հաղորդակցության մեխանիզմը։ Նրանք նաև համաձայնել են մի շարք քայլեր մշակել մարդասիրական ոլորտում»։

Ստելլա Մեհրաբեկյան