9 ապրիլ, 2019 16:55

Հայաստանի պարենային անվտանգությունը․ իրականություն և միֆեր

Արտակ Քամալյան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Պարենային անվտանգությանն առնչվող հարցադրումները, թերևս, բոլոր հետխորհրդային երկրների ամենաառաջնահերթ և կարևորագույն խնդիրներից են: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, եթե նկատի ունենանք վերջինիս հատուկ պատմական, աշխարհագրական, իսկ այժմ նաև՝ քաղաքական դրությունը, հարցադրումն ավելի նշանակալի կդառնա: Քանի որ նախկինում այնքան էլ շատ չեմ զբաղվել տվյալ ոլորտով և ինքս ինձ ամենևին էլ ոլորտի մասնագետ չեմ համարում, չէի անդրադառնա այս խնդրին, եթե իմ ներկայիս գործունեությունը գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական ծրագրերի մասով չհայտնաբերեր ևս մեկ կարևորագույն խնդիր` կվազի-իմպորտի խնդիրը: Հայկական գյուղատնտեսության կոնտեքստում նախկինում երբեք չէի մտածել այդ խնդրի մասին և այս յոթ ամիսների ընթացքում նույնպես ոչ ոք չի անդրադարձել այս խնդրին (բայց համոզված եմ, ինչ-որ մեկը, երևի, նախկինում խոսել կամ գրել է այս մասին):

Բանն այն է, որ երբ մենք կատարում ենք հաշվարկներ, հաշվում ենք գյուղատնտեսական ապրանքների ինքնաբավության մակարդակը հայտնի մեթոդաբանությամբ` հաշվարկելով Հայաստանում արտադրված կոնկրետ գյուղատնտեսական ապրանքի հատուկ քաշը ընդհանուր սպառման մեջ: Օրինակ, տավարի մսի ինքնաբավության մակարդակը 2017 թվականին կազմել է 91%, այդ թվում յուրաքանչյուր կիլոգրամ սպառված տավարի մսի 910 գ արտադրված է եղել երկրի ներսում, իսկ 90 գ եղել է ներկրված:

Այսպես են կարծում բոլորը, և այսպես ենք կարծում նաև մենք: Ապա նայում ենք 91% ցուցանիշին, գոհանում արդյունքից և շարունակում հանգստ ապրել: Իրականում ամեն ինչ այնքան էլ լավ չէ, քանի որ այդ 91%-ը էապես կփոքրանա, եթե մենք հաշվի առնենք կվազի-իմպորտը: Երկրի ներսում գյուղատնտեսական ապրանքների արտադրության համար, իրականում, անհրաժեշտ են որոշակի, հիմնական և շրջանառու միջոցներ:

- Տրատկորներ, գյուղատնտեսական մեքենաներ, կոմբայններ, անասնաբուծության մեքենայացում և նրանց պահեստամասեր` համարյա 100% ներկրում
- Պարարտանյութեր` 100% ներկրում
- Բույսերի պաշտպանության միջոցներ`100 % ներկրում
- Նավթամթերք` 100% ներկրում
- Անասնաբուժական դեղամիջոցներ` 100 % ներկրում
- Սերմեր` 20-30% ներկրում
- Խտացրած կերեր`40-50% ներկրում

Այլ կերպ ասած, բացի աշխատուժից, որը 99%-ով տեղական է (1% թողնում եմ արտասահմանյան մասնագետներին, փորձագետներին, ինչպես նաև բամբակի արտադրության մեջ աշխատող տաջիկներին), մնացած բոլոր հիմնական և շրջանառու միջոցները, որոնք անհրաժեշտ են երկրի ներսում գյուղատնտեսական ապրանքների արտադրության համար, ցավոք, ներկրված են: Այդ իսկ պատճառով, երբ գյուղատնտեսական ապրանքների ինքնաբավության մակարդակը հաշվարկելիս հաշվի առնենք ոչ միայն իմպորտը, այլ նաև կվազի-իմպորտը, ապա մինչև այժմ առկա ցուցանիշները կնվազեն 30-35%-ով: Թվերն անընդունելի են և, թերևս, վախեցնող:

Եվ երբ մենք խոսում եմ պետական քաղաքականության մասին անվտանգության բնագավառում, ընդհանրապես, և պարենային անվտանգության ասպարեզում, մասնավորապես, ապա անհրաժեշտ է հաշվի առնել հենց այս իրական թվերը: Հրաշալի կլինի, եթե  գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարությունները համատեղ մշակեն «Ներմուծման փոխարինման համապարփակ ծրագիր գյուղատնտեսության համար»:

Վստահ եմ, որ հիմա կսկսեն հարցնել, թե որտեղի՞ց մեզ նավթամթերք կամ պարարտանյութեր: Կամ էլ  պարենային անվտանգությանը և ինքնաբավության մակարդակը տարբեր բաներ են։ Իհարկե, ես ամենևին էլ այն կարծիքին չեմ, որ ներմուծման 100%-ն անհրաժեշտ է փոխարինել, անմտություն է այդպես մտածելը և, առհասարակ, պետք էլ չէ: Սակայն շատ անելիքներ կան այս ուղղությամբ: Օրինակ, նավթամթերք, ճիշտ է, մենք չունենք, սակայն դրա փոխարեն կարելի է անցնել էներգախնայող տեխնոլոգիաներին, ամոնիումի սելիտրա մենք չունենք, բայց կան օրգանական պարարտանյութերի մշակման շատ օրինակներ, որոնք ազոտը սինթեզում են օդից։ Կամ կարելի է արտադրել ավելի շատ խտացրած կերեր, ավելի արդյունավետ  օգտագործել մեր արոտավայրերն ու բնական խոտհարքերը: Ահա այս ամենի համար էլ հենց անհրաժեշտ են պետական ռազմավարություն և ծրագրեր:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: