10 ապրիլ, 2019 09:52

Մեր միջազգային գործընկերները պետք է հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ․ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը արձագանքել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների հայտարարությանը, որը է անում «Հայաստանում բոլորին, ովքեր հավատում են մարդու իրավունքների հիմնարարության սկզբունքին՝ դատապարտել ատելության խոսքը»։ ԱԳՆ կայքում զետեղվել է հետևյալ տեքստը։

Հարց․ Երևանում հավատարմագրված որոշ դիվանագիտական ներկայացուցչությունների անունից հայտարարություններ տարածվեցին օրերս ՀՀ Ազգային Ժողովում մարդու իրավունքներին նվիրված քննարկումների արձագանքների վերաբերյալ։ Ինչպես կմեկնաբանեք դա։

Պատասխան․ Տեղյակ ենք այդ հայտարարություններից, որտեղ արտահայտված էր մտահոգություն Հայաստանի հասարակական կյանքում տեղ գտած քննարկումների առնչությամբ և անդրադարձ էր կատարվում ՀՀ-ի միջազգային պարտավորություններին։

ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին։ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի և ընկալվում են, որպես համընդհանուր հասարակական և բարոյական արժեքներ։

Ուստի, այս համատեքստում մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ։

Կուզենայինք հիշեցնել, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, և դրանք չեն կարող անտեսվել։

Իր հերթին, ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որևէ անօրինական գործողություն և շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները։ 

***

Ապրիլի 5-ին Ազգային ժողովում մարդու իրավունքներին նվիրված քննարկմանը, որտեղ ներկա էին հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ամբիոնից ելույթ ունեցավ նաև տրանսգենդեր կին, որից հետո բուռն քննարկումներ սկսվեցին, որոշ քաղաքացիներ և հոգևորականներ անգամ ցույց արեցին ԱԺ-ի շենքի դիմաց։ Խնդրին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մարիա Եղիազարյան