12 ապրիլ, 2019 17:16

Դատարանը բավարարել է Լիդիանի հայցն ընդդեմ Ոստիկանության

Վարչական դատարանը ապրիլի 10-ին վճիռ է կայացրել հօգուտ «Լիդիան Արմենիա» ընկերության։

Ամուլսարի ոսկու հանքը շահագործող այս ընկերության հանքավայրի մուտքերը 2018-ի հունիսից ակտիվիստները փակած են պահում՝ թույլ չտալով, որ հանքը գործի։

«Լիդիան Արմենիան» հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ոստիկանության։

Ընկերության ներկայացուցիչը հայցադիմումում նշել էր, որ ըստ ոստիկանության՝ ընկերության տարածքում ակտվիստների գործողություններում «ներխուժում առկա չէ»։

Վարչական դատարանը գտել է, որ հայցը ենթակա է բավարարման։

«Դատարանը փաստում է, որ Ոստիկանությունը պարտավոր էր միջոցներ ձեռնարկել անշարժ գույքի տարածքը ներխուժողներից ազատելու ուղղությամբ` ընդհուպ մինչև օրենքով նախատեսված ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոցների գործադրման միջոցով: Դատարանը եզրահանգում է, որ մի խումբ անձանց կողմից Ընկերությանն օրինական հիմքերով պատկանող տարածքում գտնվելը համարվում է ներխուժում, ուստի ընկերության հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման․․․․»,- եզրահանգել է դատարանը։

Այս վճիռը օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:

Գևորգ Թոսունյան