13 ապրիլ, 2019 19:43

Ապրիլյան պատերազմի հետևանքները․ զրույց Էմիլ Սանամյանի հետ

2016-ի Ապրիլյան պատերազմի հետևանքների մասին ՍիվիլՆեթի Սյուզաննա Պետրոսյանը զրուցել է ԱՄՆ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի Focus on Karabakh հարթակի խմբագիր Էմիլ Սանամյանի հետ։ Զրույցը տեղի է ունեցել անգլերեն և հրապարակվել է ապրիլի 7-ին։ Այն թարգմանաբար և խմբագրումներով ներկայացված է ստորև։

- Ադրբեջանը թիրախավորում է և՛ Ղարաբաղի, և՛ Հայաստանի սահմանները։ Ո՞ր սահմաններն են ավելի շատ հարձակման ենթարկվում և ո՞րն է Ադրբեջանի ռազմավարությունը։

- Եթե նայում ենք երկարաժամկետ տեսնակյունից, իհարկե, Ղարաբաղի վրա ազդեցությունն ավելի մեծ է եղել, սակայն վերջին տասնամյակում եղել են փուլեր, երբ Հայաստանի որոշ հատվածներ ավելի շատ են կրել այդ ազդեցությունը, օրինակ, 2015թ. Տավուշի մարզը բավական շատ էր հարձակումների ենթարկվում։ Անցած տարի եղան հրաձգություններ նաև Վայոց ձորի և Արարատի մարզերի երկայնքով՝ Նախիջևանի կողմից։ Այսպիսով՝ ո՞րն է ընդհանուր ռազմավարությունը։ Ադրբեջանը դա թերևս անում է Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի ստիպի բանակցություններում զիջումների գնալ։ Դա է ընդհանուր իրավիճակը։ Եթե նայենք, թե ինչպես է այն փոխվել տարիների ընթացքում, ապա 1994թ․ հրադադարից հետո եղել է համեմատաբար հանգիստ ժամանակահատված, սակայն միշտ էլ եղել է ճնշման մի որևէ տարբերակ, հիմնականում՝ տեղական մակարդակով, հիմնականում՝ Ղարաբաղում, դիպուկահարների պատերազմի միջոցով։

Կարող ենք զգալի փոփոխություններ տեսնել 2014թ. սկզբից, երբ հայկական դիրքերի վրա հարձակումները դարձան կանոնավոր։ Եվ դրանք այլևս միայն դիպուկահարների կրակոցներ չէին, այլ հատուկ ուժերի հարձակումներ՝ հայ զինվորներին սպանելու նպատակով։ Այսինքն, ապրիլյան պատերազմից երկու տարի առաջ առկա էր նմանատիպ պատերազմ հայկական ու ադրբեջանական զինված ուժերի միջև։

Էմիլ Սանամյանը- Խոսում եք Հայաստանի սահմանի մասին, չէ՞։

- Ոչ, թե՛ Հայաստանի, թե Ղարաբաղի սահմանի մասին։ Ներկայում զգալի տարբերություն չկա, թե ինչպես են ուժերը իրենց պահում որևէ հատվածում։ Տարածքներ կան, որտեղ ավելի շատ են սրացումները, քանի որ կողմերը միմյանց մոտ են գտնվում։ Կան նաև լեռնային հատվածներ, որտեղ իրարից հեռու են տեղակայված, և սրացումներն ավելի քիչ են։

- Միջազգային տեսանկյունից, միջազգային իրավունքի և նորմերի տեսանկյունից, էակա՞ն է, թե որ սահմանն է ենթարկվում Ադրբեջանի հարձակմանը։  

- Մի կողմից՝ այո, մյուս կողմից՝ ոչ։

- Քանի որ Հայաստանի դեպքում, առնվազն նրանց տեսանկյունից, պատերազմ է երկու երկրների միջև։ Ճի՞շտ է։

- Այո, բայց այս առումով 1992-ից ի վեր կան Հայաստանի Հանրապետության տարածքներ, որոնք ադրբեջանական կողմի վերահսկողության տակ են։ Եվ հակառակը, կան Ադրբեջանի Հանրապետության տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության տակ են։ Պատերազմական գործողություններն ավելի բուռն են եղել Ղարաբաղի ամբողջ երկայնքով, բայց երբեք չեն սահմանափակվել միայն Ղարաբաղով։ Դա ավելի լայն հակամարտության մաս էր։

- Կարո՞ղ եք 2016թ. ապրիլից ի վեր Հայաստան-Ադրբեջան և Ղարաբաղ-Ադրբեջան առաջնագծում բախումների միտումները կարճ ամփոփել։

- Եթե այդ համատեքստում դիտարկենք 2016թ․ ապրիլյան պատերազմը, ապա այն ինչպես ես եմ անվանում,  հյուծելու պատերազմի գագաթնակետն էր, որը սկսվել էր 2014-2015-ին։ 2014-ի և 2013-ի միջև տարբերությունը մեծ էր։ 2016-ի սրացմանը հաջորդեց լարվածության թուլացում, օրինակ՝ 2016թ․ ամբողջ հունիսին տարիների ընթացքում առաջին անգամ երկու կողմերում զոհեր չեղան։ 2016-ի վերջին վերադարձ նկատվեց ցածր հաճախականության պատերազմին, ապա եղան մի քանի բռնկումներ 2017թ․ փետրվարին և հունիսին։ 2017թ․ կեսերին այս հյուծելու պատերազմը մոտեցավ ավարտին, և դա ամրապնդվեց հոկտեմբերին Ժնևում Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո։ 2017թ․ հոկտեմբերից հետո ընդհանուր առմամբ առկա է վերադարձ հրադադարին, բացառությամբ մի քանի փոքր դեպքերի, օրինակ՝ Նախիջևանի սահմանի երկայնքով տեղաշարժերը, չնայած կռիվներ չեն եղել։ 2018թ․ սեպտեմբերին Դուշանբեում Փաշինյանի ու Ալիև հանդիպումից առաջ եղան որոշ միջադեպեր։ Բայց վերջին տարիուկեսվա ընթացքում քիչ թե շատ պահպանվել է հրադադարի ռեժիմը։

- Արդյոք 2016-ին ռազմական գործողությունների սրացմանը նպաստող կոնկրետ խթա՞ն կար։ Բացի այն հանգամանքը, որ, ինչպես ասացիք, միջադեպեր շարունակվում էին երկու՝ հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական առաջնագծերի երկայնքով։

- Առանց կասկածի կարող եմ ասել, որ դա Ղարաբաղից տարածքներ գրավելուն ուղղված ծրագրված հարձակում էր Ադրբեջանի կողմից։ Եվ նախապես լավ ծրագրված էր՝ զորքերը նախապես էին տեղակայվել, քաղաքական ծրագրերը կազմվել էին նախապես։ Եթե նայենք, թե այս հարձակումից մի քանի ամիս առաջ ինչի վրա էր կենտրոնացած Ադրբեջանի կառավարությունը․․․ նրանք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձև էին ներկայացնում։ Սարսանգի ջրամբարը Լեռնային Ղարաբաղի հյուսիսում է, բավական մոտ շփման գծին, և Լեռնային Ղարաբաղի զգալի մասի համար ջրի ու էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրն է։ Ադրբեջանը լոբբինգ էր անում ԵԽԽՎ-ում՝ մեղադրելով հայերին Սարսանգի ջրամբարի ջուրը չկիսելու մեջ։

Եթե այս հարձակումը հաջողությամբ պսակվեր, ապա ադրբեջանական վերահսկողության տակ կանցներ այդ ջրամբարի մի մասը և Մատաղիսում հէկերը, որ բավական մոտ են շփման գծին։ Ուստի, այս հարձակումը նախօրոք մանրակրկիտ ծրագրված էր։ Ժամանակային առումով կային նաև այլ հանգամանքներ, ուստի բոլորովին պատահական չէր, նախապես ծրագրված ռազմական գործողություն էր, որը ինչ-որ առումով հաջողությամբ պսակվեց, սակայն մեծապես ձախողվեց, քանի որ Ադրբեջանը չկարողացավ գրավել ո՛չ Մատաղիսը, ո՛չ էլ Թալիշը։

- Այսօր կա՞ մեկ այլ լայնամասշտաբ սրացման վտանգ։

- Իհարկե, դա կշարունակի գոյություն ունենալ։ Կողմերի միջև առկա են անհաղթահարելի տարբերություններ, այնպես որ, երկու կողմերն էլ ժամանակ առ ժամանակ,- հատկապես ադրբեջանական կողմը, որը դժգոհ է ներկա ստատուս քվոյից,- սա օգտագործել են որպես մյուս կողմի վրա ճնշում գործադրելու միջոց, ներառյալ տնտեսական, քաղաքական ու ռազմական ճնշումները։ Ուստի եթե նայում ես այս, ինչպես ես եմ անվանում՝ քառամյա պատերազմի վարմանը, քառամյա՝ 2014, 2015, 2016 և 2017 թթ․, ավելի շուտ երեք և կես տարի, և համեմատում քառօրյա պատերազմի հետ,- այդ գործընթացի նպատակն էր ահաբեկել և կոտրել հայկական կողմի ոգին՝ զոհերի մասին անընդմեջ տեղեկություններով, իսկ ադրբեջանական հանրությանը այս հարցի շուրջ համախմբել ու ցույցերից հեռու պահել։ Դա ինչ-որ տեղ հաջողվեց, ինչ-որ տեղ ձախողվեց։

- Ապրիլյան պատերազմի մի քանի օրերից բացի, որո՞նք են երկարաժամկետ հետևանքները՝ թե՛ պատերազմին ուղղակիորեն առնչված մարդկանց, թե՛ ընդհանուր հանրության և թե՛ ներկայիս քաղաքական իրավիճակի վրա։

- Կարծում եմ՝ հետևանքները զգալի են։ Եթե նայենք տեղական առումով, դա ցույց տվեց, որ բազմաթիվ բնակավայրեր, որոնք համարվում էին բնակության համար անվտանգ, ինչպիսիք են Թալիշն ու Մատաղիսը, իրականում բավական խոցելի են։ Թալիշի բնակիչները ստիպված էին տեղահանվել և այժմ բնակվում են Ղարաբաղի այլ մասերում կամ Հայաստանում։ Այսինքն, վերջին տասնամյակներում Ղարաբաղում անվտանգության զգացողությունը խաթարվեց։ Եթե նայենք քաղաքական տեսանկյունից, ես կարծում եմ, դա զգալի ազդեցություն ունեցավ Հայաստանում իշխանությունների՝ որպես երկրի անվտանգության երաշխավորի լեգիտիմության սասանման վրա։ Նաև այն առումով, որ երբ սկսվեց 2016թ․ ապրիլյան պատերազմը, ակնհայտ էր կամավորական մակարդակով հսկայական համախմբումը․ բազմաթիվ մարդիկ՝ թե՛ իշխանամետ, թե՛ ընդիմադիր,- բոլորը, այդ թվում ներկայիս վարչապետն ու նրա կուսակցությունը, համախմբվեցին և սատար կանգնեցին Արցախի պաշտպանությանը։ Այսինքն, իշխանությունը կորցրեց  երկրի անվտանգությունն ապահովելու մենաշնորհը։ Կարծում եմ՝ դա օգնեց Նիկոլ Փաշինյանին և մյուսներին իրենց ձեռքը վերցնել այս հարցը և ձեռնոց նետել իշխանություններին։

- Իսկ Ադրբեջանի հասարակությու՞նը։

- Սկզբնական շրջանում Ադրբեջանում առկա էր խանդավառություն։ Ընդհանուր առմամբ, Ղարաբաղի հարցում ռևանշի հասնելու ծարավը շատ տարածված է, ուստի երբ պատերազմը սկսվեց, ակներև էր, որ նախկինում տեղի ունեցող բողոքի ցույցերը, որոնք  իշխանությունների կողմից անմիջապես ճնշվում էին, հանգան։ Այս պատերազմից մի քանի տարի անց գրեթե ցույցեր չկային։

- Ապա ականատես եղանք վերջին տարիների ընթացքում Բաքվում տեղի ունեցած ամենամեծ բողոքի ցույցերին։

- Այո, բայց սա կարծում եմ հայկական իրադարձությունների ազդեցությունն է։ Աչքի էր զարնում այն, որ Նովրուզյան համաներման շրջանակներում ազատ արձակվեց նաև ադրբեջանցի քաղբանտարկյալը, որը Հեյդար Ալիևի արձանի վրա գրաֆիտի էր արել։ Նա գրել էր, որ ադրբեջանցիները Ալիևների ճորտերն են և այլն։ Ընդգծել էր, որ իր համար որպես շարժառիթ ծառայել է Ապրիլյան պատերազմը, և թե ինչպես իշխանությունը կարողացավ օգտագործել այն՝ ցուցարարների ջանքերը կասեցնելու համար։ Այժմ կա այն գաղափարը, որ իշխանությունները Ղարաբաղի հարցը շահագործում են հօգուտ իրենց, և այդ առումով Ադրբեջանում կան դժգոհություններ։

- Փաշինյան-Ալիև հանդիպումը ի վերջո կհանգեցնի՞ խաղաղության բանակցությունների։  

- Այժմ տեղի ունեցողը հենց խաղաղության բանացություններ են։ Չեմ կարծում, որ այլ բան է։ Չեմ կարծում, որ Ալիևը նորովի կվերաբացահայտի իրեն որպես այլ  քաղաքական գործիչ։ Նա անցած տասնհինգ-տասնվեց տարիներին Ադրբեջանի ղեկավարն է, և այդ տարիների ընթացքում հազարավոր մարդիկ բանտարկվել են քաղաքական բնույթի մեղադրանքներով, հավանաբար՝ հարյուրից ավելի մարդ սպանվել է ինքնադատաստանների արդյունքում, բազմաթիվ հանցանքներ են տեղի ունեցել իրենց իսկ քաղաքացիների նկատմամբ։ Ուստի չեմ կարծում, որ Ադրբեջանի այս կառավարությունը կարող է Հայաստանի իշխանությունների համար խաղաղության լուրջ գործընկեր լինել։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ քաղաքական տարբեր հաշվարկներ են տեղի ունենում, որտեղ Ալիևը մեկ զգում է, որ իր շահերից է բխում ավելացնել շփման գծում լարվածությունը, մեկ էլ զգում է, որ դա իր շահերին դեմ է։ Այս պահին, թերևս, Ալիևին թվում է՝ լարվածության նվազումը բխում է իր շահերից, ինչից օգուտ է քաղում թե՛ հայկական կողմը, թե՛ բոլորը։ Բայց չեմ կարծում, որ դա Իլհամ Ալիևի՝ ինքն իրեն որպես քաղաքական գործիչ վերաբացահայտելու նշան է։

- Այսինքն, երաշխիք չկա, որ իրավիճակը կտրուկ չի փոխվի։

- Բոլորովին։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի