13 ապրիլ, 2019 15:01

Երևանում ծառատունկ է

Ապրիլի 13-ի վաղ առավոտից մայրաքաղաքում մեկնարկել է համաքաղաքային ծառատունկ, որի ժամանակ կտնկվի շուրջ 7 500 ծառ և թուփ:

Վարչական բոլոր շրջանների ծառապատ տարածքներում ու գլխավոր փողոցների և պողոտաների հարակից հատվածներում միաժամանակ իրականացվում է նաև որոշակի ծառատեսակների համալրում:

Ծառատունկն իրականացվում է հասցեական ու բացառապես ոռոգման հնրավորություն ունեցող տարածքներում: 2019-ին ընդհանուր առմամբ Երևանում 7,5 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի: Բնակիչների հետ միասին ծառատունկին մասնակցել են նաև տարբեր կազմակերպություններ:

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, ծառատունկի ժամանակ նոր տնկիներով են համալրվել ավտոշուկայի հարակից կանաչ գոտիները:

Օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ Խաչիկ Դաշտենցի փողոցում գտնվող ավտոշուկայի հարակից մայթերն ու սիզամարգերն ազատել էին կայանած ավտոմեքենաներից և մաքրել տարածքը:

Ծառատունկ է իրականացվել նաև Նուբարաշենի խճուղում: Էրեբունուց Նուբարաշեն վարչական շրջան տանող ճանապարհահատվածում կտնկվի շուրջ 900 բարդի: