16 ապրիլ, 2019 14:47

Մոսկվայում քննարկվել է Ռուսաստանի 2016-ի պլանը․ Մամեդյարով

Ապրիլի 15-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը քննարկվել են մի քանի առաջարկներ և ընդունվել են հստակ որոշումներ․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։

«Ընդհանուր առմամբ, անցկացվել են լայն, բովանդակային բանակցություններ։ Նախ անցկացվել է Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում։ Հստակ ձևով քննարկվել են հարցեր, որոնք մինչև այժմ խոչընդոտել են բանակցությունների առաջընթացը։ Չեմ կարող խոսել լիարժեք առաջընթացի մասին, սակայն մեզ հաջողվել է ավելի մանրակրկիտ և խորը հասկանալ այն պահերը, որոնք խնդիրներ էին առաջացնում հայկական կողմի հետ»,- ասել է Մամեդյարովը։ Վերջինս հավելել է, որ ընդհանուր քննարկումները ծավալվել են այն պլանի շուրջ, որը 2016-ին առաջարկել էր Ռուսաստանը։

«Իհարկե, մի հանդիպմամբ բոլոր հարցերը չես լուծի։ Տվյալ հանդիպման նվաճումն այն էր, որ մենք հասկացանք, թե ինչ խնդիրներ կան, ինչ խնդիրներ է պետք լուծել։ Օրինակ, Հայաստանը առաջ է քաշում կարգավիճակի և անվտանգության հարցեր։ Մենք էլ առաջին հերթին շեշտադրում ենք օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրս բերումն ու տեղահանվածների վերադարձը հայրենի հողեր։ Քննարկումներն անցկացվել են այս չորս հարցերի շուրջ, և որոշվել է շարունակել բանակցությունները»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Նա նաև ասել է, որ հանդիպման ընթացքում որոշ առաջարկներ են հնչել։

«Դրանք հնչել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ մյուս համանախագահ երկրների և Ադրբեջանի ու Հայաստանի կողմից։ Այդ ուղղությամբ շարունակելու ենք աշխատանքը»,- նշել է Մամեդյարովը։

Մոսկվայի հանդիպման մասին

Ապրիլի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը, որին նաև մասնակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: 

Հանդիպման արդյունքներով ընդունվեց համատեղ հայտարարություն․

«Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ››
Ապրիլի 15-ին Մոսկվայում ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային հանդիպումը, որին միացան  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա),  ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Ի զարգացումն ս.թ. մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանդիպման մասնակիցները քննարկեցին իրադրությունը սահմանին և շփման գծում, ինչպես նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները: Տեղի ունեցավ մտքերի հանգամանալի  փոխանակում կարգավորման հիմնարար հարցերի շուրջ:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատեցին կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվեց շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նրանք նաև պայմանավորվեցին փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը միջնորդական առաքելությանը՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին շարունակել շփումները մոտ ապագայում»: