17 ապրիլ, 2019 09:55

Դավիթ Սանասարյանն արձագանքել է իրեն քրեական գործով կասկածյալ ներգրավելու լուրերին

Մարտի 16-ին որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ներգրավվել է իր ղեկավարած կառույցի որոշ աշխատակիցների առնչվող քրեական գործում։ Հաղորդվել էր նաև, որ Սանասարյանը ստորագրություն է տվել չհեռանալու մասին։

Այս լուրերին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ինքը՝ Սանասարյանը, գրելով․

«Մտա Ֆեյսբուք, պարզվեց որոշ լրատվամիջոցներ ու Ֆեյսբուքի դատավորներ դատավճիռ են կարդացել։ Այ, ձեր հոր Աստծուն մեռնեմ, դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ. ամեն ինչ իրա տեղն է ընկնելու կարճ ժամանակից, մնացածն ասուլիսի ընթացքում կասեմ»։

Նա կրկնել է նախկինում արտահայտած մտքերը, որ մշտապես պայքարելու է կոռուպցիայի դեմ․

«Ինչպես պայքարելու եմ ոչ մի վայրկյան չեմ դադարելու պայքարել հանուն Հայաստանի, ինչպես ասել եմ, մի անգամ էլ կրկնեմ. գերեզմանում էլ լինեմ, անունս պայքարելու է կոռուպցիայի դեմ ու հանուն իրավական Հայաստանի։ Շնորհակալ եմ բոլոր նրանցից ովքեր անհանգստանում են, իրականում անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերում։ Դուխով, Սիրում եմ բոլորիդ»։

Փետրվարի 28-ին Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ տվյալներ են ստացել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի մասին: Այս գործով ՊՎԾ աշխատակիցներ էին կալանավորվել։

Գևորգ Թոսունյան