17 ապրիլ, 2019 13:37

Բաքուն հայտարարում է հայ լրագրողներ ընդունելու պատրաստակամության մասին

Պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանն իր տարածքում ընդունել հայ լրագրողների․ ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի այս հարցին Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան պատասխանել է․ «Բաքվում մշտապես տրամադրված են եղել պայմանների ստեղծմանը, որոնք կնպաստեին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերական փոխըմբռնման ձևավորմանն ու ամրապնդմանը»:

Ինչ վերաբերում է կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերին, ՀՀ ԱԳՆ-ի աղբյուրը թերթին ասել է, որ հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանցի կալանավորների ազգականների այցեր ինչպես Հայաստան, այնպես էլ Լեռնային Ղարաբաղ։

Կթույլատրի՞ Ադրբեջանն իր քաղաքացիներին այցելել Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ հարցին ի պատասխան Աբդուլլաևան ասել է, որ Բաքուն «երբեք խիստ արգելքներ չի դրել իր քաղաքացիների կողմից Հայաստան, առավել ևս իր օկուպացված տարածքներ այցելությունների վրա», և դրանց «ոչ հաճախակի բնույթը պայմանավորված է եղել անվտանգության նկատառումներով»։ Իրավիճակը, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, «կարող է փոխվել, եթե հայկական կողմը տրամադրի պատշաճ անվտանգության երաշխիքներ»։

Ապրիլի 15-ին Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունում խոսվում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելություններ կազմակերպելու, կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցեր թույլատրելու պատրաստակամության մասին։