17 ապրիլ, 2019 17:26

Ի՞նչ կլինի «Գալա»-ի 25 միլիոնը․ Մարուքյանի հարցը Փաշինյանին

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների գաղափարաբանությունը ամեն տեղ չէ, որ ընկալվում է․ Ազգային ժողովի հերթական նիստին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Էդմոն Մարուքյանի հարցին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը պատմեց, որ 2007-ին Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո հեռուստաընկերությունը ենթարկվել է քաղաքական հետապնդման։

«ԱԱԾ-ի կողմից գովազդատուներին վախեցրել են, գովազդները հանվել են, հարկայինը 25 մլն դրամով տուգանել է, որից հետո Վանաձորում գտնվող փաստաբանական գրասենյակի փաստաբանի օգնությամբ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Եվրոպական դատարանը որոշել է, որ կա խախտում։ Այդ որոշման հիման վրա Հայաստանում վերաբացվել է գործը, և վարչական դատարանը վերացրել է այն ակտը, որով տուգանել է հեռուստաընկերությանը։ Տեղի է ունեցել մի բան, ինչը ինձ համար շատ զարմանալի է․ պետությունը բողոք է բերել ընդդեմ վարչական դատարանի որոշման և հրաժարվել վերադարձնել «Գալա»-ի կրած 25 մլն վնասը»,- ասաց Մարուքյանը և հետաքրքրվեց վարչապետից՝ արդյոք նա տեղյա՞կ է այս պատմությունից և ի՞նչ քայլեր է պատրաստ ձեռնարկել։

Վարչապետն ասաց, որ առաջին անգամ է լսում այդ մասին, սակայն զարմացած չէ, որովհետև նմանատիպ իրավիճակների շատ է հանդիպել։

«Ես դժվարանում եմ իրավիճակին ամբողջական գնահատական տալ, քանի որ տեղյակ չեմ խնդրին։ Անպայման կհետաքրքրվեմ ու կուսումնասիրեմ։ Բայց պետք է ասեմ, որ խնդիր կա, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների գաղափարաբանությունը ամեն տեղ չէ, որ ընկալվում է։ Այսօր էլ պետական կառավարման համակարգում կան երևույթներ, որոնք իներցիոն են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ես բացառում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման կենթարկվի»,- ասաց վարչապետը։

Սաթենիկ Հակոբյան