17 ապրիլ, 2019 15:18

Հիմքեր կան կարծելու՝ այս անգամ պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա․ Լավրով

Կան հիմքեր կարծելու, որ և Բաքուն, և Երևանը շահագրգռված են նրանում, որ այս անգամ պայմանավորվածությունները չմնան թղթի վրա․ ապրիլի 17-ին Մոսկվայում սերբ պաշտոնակից Իվիցա Դաչիչի հետ մամուլի ասուլիսին պատասխանելով լրագրողի հարցին՝ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Լրագրողը հարց է ուղղել ապրիլի 15-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի արտգործնախարարների եռակողմ հանդիպման արդյունքների մասին՝ խնդրելով մեկնաբանել տեղեկությունը, թե հանդիպմանը քննարկվել է 2016-ին Ռուսաստանի առաջարկած կարգավորման պլանը։ 

Լավրովը, նշելով, որ այդ մասին իր հարցազրույցներից մեկում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, նկատել է, որ «այդ մասով ոչինչ չունի հավելելու»։

Հանդիպման արդյունքների մասին նա մասնավորապես ասել է․ «Մոսկվայի ապրիլի 15-ի հանդիպման արդյունքներով, զգալով այն մթնոլորտը, որում ընթանում է աշխատանքը, ունեմ հիմքեր ենթադրելու, որ և Բաքուն, և Երևանը շահագրգռված են նրանում, որ այս անգամ այդ պայմանավորվածությունները չմնան թղթի վրա»։

Ղարաբաղյան կարգավորման մասին հարցը՝ 40-րդ րոպեից