24 ապրիլ, 2019 23:35

Ուկրաինա․ ընտրություններ, հեղափոխություն, զուգահեռներ Հայաստանի հետ

Ապրիլի 21-ին Ուկրաինայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որոնց արդյունքներով գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի հանդեպ տպավորիչ հաղթանակ է տարել քաղաքականությունից հեռու մարդ, շոումեն, կատակերգու Վլադիմիր Զելենսկին՝ հավաքելով ավելի քան 70 տոկոս ձայն։ Ուկրաինական ընտրությունների, հետհեղափոխական իրավիճակի, ձախողված բարեփոխումների, Ուկրաինա-Հայաստան հարաբերությունների մասին ՍիվիլՆեթը զրուցում է «Ապագայի ուկրաինական ինստիտուտ» վերլուծական կենտրոնի փորձագետ Իլիյա Կուսայի հետ։ Վերջինս զուգահեռներ է անցկացնում Ուկրաինայի ու Հայաստանի միջև։ Հարցազրույցից հատվածներ ռուսերենից թարգմանաբար ներկայացված են ստորև։

Ինչպես շոումենը պարտության մատնեց գործող նախագահին

Շոումեն Վլադիմիր Զելենսկիի՝ Ուկրաինայի նախագահ ընտրվելու և իշխանության գալու գլխավոր պատճառը հանրության համընդհանուր հիասթափությունն էր հին վերնախավից։

Զելենսկին մարդկանց համար նոր մի բան է։ Նա առաջարկեց նոր գաղափարներ, նորովի անցկացրեց իր նախընտրական արշավը՝ օգտագործելով սոցիալական ցանցերը, նկարահանելով տեսահոլովակներ` այդ ամենը համեմելով հումորով։

Ուկրաինացիների ընտրությունը եղել է ավելի շատ ընդդեմ Պետրո Պորոշենկոյի, քանի որ Զելենսկիի արշավը շատ մեծ բովանդակությամբ լցված չէր, և նրա առաջին քայլերը հայտնի կդառնան արդեն երդմնակալությունից հետո։

Ինչ-որ չափով դա նման էր նրան, ինչ կատարվեց Հայաստանում


«Ժողովրդավարական, հպարտության արժանի ընտրություններ»

Նախագահական ընտրություններն իսկապես արժանի են հպարտության, շատ մաքուր են անցել՝ առանց լուրջ խախտումների։ Չի եղել ընտրակեղծարարություն, կարուսելներ, ինչպես 2010-ին էր, երբ քվեատուփերը հանվում էին, հետ բերվում, սադրանքներ էին տեղի ունենում և այլն։ Ընտրություններ էին, որոնք եվրոպական տեսանկյունից կարելի է անվանել ժողովրդավարական, ազատ և թափանցիկ։ Ապահովվել է նաև ընտրողների լավ մասնակցություն՝ մարդիկ ասում էին, անում էին այն, ինչ ուզում էին, և քվեարկեցին այնպես, ինչպես ցանկանում էին։

Ուկրաինական հանրությունը պատրա՞ստ է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման

Ուկրաինական հանրության մեծ մասը դեռ լրջորեն չի ընկալում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գաղափարը, քանի որ հակամարտության մասին հիշողությունը դեռ թարմ է, դեռ չեմ տեսնում նախադրյալներ, որ վաղը կասենք՝ դե վերջ, մենք ընկերներ ենք։

Ուկրաինացի և ռուս ժողովուրդների՝ միմյանց հանդեպ այս վերաբերմունքը, կարծում եմ, երկար կպահպանվի։ Բայց կա պահանջարկ, այդ թվում՝ հանրությունից, Ղրիմի և Դոնբասի մասով բանակցություններում որևէ նոր բանի։ Կա բանակցությունների ձևաչափը որևէ ձևով փոխելու պահանջարկ, փորձելու տեղաշարժել իրավիճակը մեռյալ կետից, որպեսզի այն չլճանա։ Թե որքան է հետամուտ լինելու նոր վարչակազմը դրան՝ կախված է թիմից, թիմի անդամներից, կունենան արդյոք գաղափարներ, որոնք կկարողանան հասցնել ընտրողներին։ Դեռ հստակ չգիտենք՝ ով է լինելու Զելենսկիի թիմում։

Ուկրաինական հեղափոխությունն ավարտվա՞ծ է

Ուկրաինային հաջողվե՞լ է կառուցել իրավական պետություն, հաղթել կոռուպցիան։

Ոչ։ Այն լրջորեն չի էլ սկսվել, քանի որ հեղափոխությունը ենթադրում է սոցիալական և քաղաքական ինստիտուտների փոփոխություն։ Դրանք մեծապես չեն էլ փոխվել Ուկրաինայում։ Դա է գլխավոր խնդիրը։ Որոշ բարեփոխումներ սկսվել են, բայց ավարտին չեն հասցվել, որոշ անհրաժեշտ բարեփոխումներ անգամ չեն սկսվել։

Այն արժեքները, գաղափարները, որոնց մասին խոսվում էր Եվրամայդանի ժամանակ, լիարժեք կյանքի չեն կոչվել

Հուսամ՝ առաջիկա հինգ տարում նոր թիմը կկարողանա ավարտին հասցնել այս հարցերը։ Չեմ կարծում, որ այդ հինգ տարում ինչ ասես կկարողանանք անել, քանի որ բարեփոխումները Ուկրաինայի նման մեծ, որոշ առումով խնդրահարույց երկրում հինգ տարի չեն պահանջում, այլ տասնամյակներ։

Ուկրաինական հայացք՝ հայկական հեղափոխությանը

Հայաստանում նույնպես տեղի չեն ունեցել վերը նշված գործընթացները, քանի որ շատ կարճ ժամանակահատված է անցել։ Եվ դրա համար կա երկու պատճառ։ Նախ՝ երբ գալիս է քաղաքական նոր վերնախավ, այն ունենում է երկու տարբերակ՝ ամեն ինչ փոխել՝ քանդելով հին համակարգը, ինչը հաճախ ժողովրդականություն չվայելող ուղի է, պահանջում է քաղաքական զոհ, որպիսին կարող ես դառնալ հենց ինքդ կամ քո կուսակցությունը։ Բարեփոխիչների համար համակարգերի կազմաքանդումը միշտ ավարտվում է նրանով, որ նրանցից հիսթափվում են, և նրանք հեռանում են։

Սա է համակարգը կոտրելու համար անհրաժեշտ զոհը։  Դա է տեղի ունեցել Միխեիլ Սաակաշվիլիի հետ (Վրաստան), Լեշեկ Բոյցերովիչի հետ (Ուկրաինա)։

Երկրորդ ասպեկտը, որը կապված է բարեփոխումների հետ, այն է, որ միշտ կա հին վերնախավի մի մաս, որն իրեն հարմարավետ է զգում խաղի հին կանոնների պայմաններում և անում է ամեն ինչ դրանք պահպանելու համար։

Ցանկացած հասարակությունում կան մարդիկ՝ կոնֆորմիստներ, որոնք վախենում են փոփոխություններից՝ տարբեր պատճառներով․ ունեցածը կորցնելու վախից, փոփոխությունների արդյունքում կորուստների վախից, ոմանք վախենում են նորարարություններից, քանի որ դրանք չեն հասկանում, և անորոշությունը նրանց սարսափեցնում է։ Այս երկու գործոնները կարող են արգելակել բարեփոխումները։

Հայաստանում նույնպես կա այդ հին վերնախավը, նույն Հանրապետական կուսակցությունը։ Կան մարդիկ, որոնք գուցեև Սերժ Սարգսյանի երկրպագուն չեն, բայց վախենում են փոփոխություններից՝ դրանք չհասկանալով կամ շատ հեռուստացույց են դիտել և կարծում են, որ այս ամենը շատ վատ է։

Նոր վերնախավը ցանկացած երկրում ունի երկու ուղի՝ կամ կոտրել հին համակարգը, կամ գնալ գործարքների՝ պահպանելով հին համակարգի որոշ տարրեր հանուն սեփական իշխանությունը երկարացնելու։

Ուկրաինայում այնպես եղավ, որ Եվրամայդանից հետո Պետրո Պորոշենկոյի թիմը պայմանավորվածության գնաց այս ու այն օլիգարխների հետ։ Արդյունքում բարեփոխումների մի մասը կանգ առավ, քանի որ ձեռնտու չէր այդ օլիգարխներին։

Հայաստանի դեպքում Նիկոլ Փաշինյանը դեռ թշնամական խորհրդարանի օրոք որոշեց հենվել հին համակարգերի վրա, ինչպիսին են Բարգավաճ Հայաստանն ու Դաշնակցությունը, բայց ընտրություններից հետո որոշեց ինչ-որ ձևով փոխել այդ համակարգը։

Ներկայում Հայաստանը բարեփոխումների մեկնարկի փուլում է։ Պետք է բարեփոխումներն սկսել և ապահովել գործընթացի շարունակականություն, որպեսզի արմատավորվեն մարդկանց գիտակցության մեջ, և ոչ ոք չկարողանա այդ բարեփոխումներն արագ չեղարկել կամ հետ շրջել։ Բարեփոխումների համար անհրաժեշտ է ոչ թե հինգ կամ տասը տարի, այլ ավելի։

Զելենսկին ստիպված է լինելու հենվել հին կադրերի վրա, քանի որ նոր դեմքեր չունի

Այսօր Վլադիմիր Զելենսկիին անհրաժեշտ են պրոֆեսիոնալներ ինչպես հին թիմից, այնպես էլ նոր, որոնք գիտեն իրենց գործը, և նախագահը կլսի նրանց։ Զելենսկին ստիպված է լինելու հենվել հին կադրերի վրա, քանի որ նոր դեմքեր չունի։ Բոլորին քշել հնարավոր չէ։

Հայ-ուկրաինական հարաբերությունները նոր էջից սկսելու հարմար պահ

Ցավոք, հայ-ուկրաինական հարաբերություններն այն մակարդակի վրա չեն, որի վրա կցանկանայի դրանք տեսնել։ Կարծում եմ՝ հիմա լավ պահ է այդ հարաբերությունները վերագործարկելու, զարգացնելու դրանք նոր էջից, քանի որ և Երևանում, և Կիևում իշխանությունը փոխվել է, եկել են թեկնածուներ, որոնք շատ բաներով նման են։ Նիկոլ Փաշինյանը ավելի փորձառու է քաղաքականությունում, նա եղել է լրագրող, որոշ ժամանակ՝ պատգամավոր, բայց երկուսի մոտ էլ միանման իրավիճակ է․ երկուսն էլ եկել են հին վերնախավերից համընդհանուր հիասթափության ալիքի վրա, նրանցից կան մեծ ակնկալիքներ, ունեն ընտրողների հետ շփման նման ոճ։

Կարծում եմ՝ նրանք լավ լեզու կգտնեն։ Այժմ հարաբերությունները վերագործարկելու լավ պահ է․ դա կարող է լինել փոխադարձ այցերի, համաժողովների շրջանակում հանդիպումների տեսքով, նախարարությունների, անգամ նախարարությունների վարչությունների միջև համագործակցության մակարդակով։

Հայ-ուկրաինական հարաբերությունների գլխավոր խոչընդոտը ռուսական միջամտությունն էր

Իմ համոզմամբ՝ այդ հարաբերությունների լուրջ զարգացման ճանապարհին գլխավոր խոչընդոտը ռուսական միջամտությունն էր և Հայաստանի դիրքորոշումը Ղրիմի հարցում։ Հայաստանը Ղրիմի հարցով որդեգրել է նույն դիրքորոշումը, ինչ Ռուսաստանը և չի դատապարտել Ղրիմի բռնակցումը։ Եվ դա դարձել է քաղաքական խոչընդոտ, որը թույլ չի տվել Ուկրաինայի առաջնորդին այցելել Հայաստան կամ բանակցություններ վարել։

Բայց սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկել, լուծել, այստեղ ֆանտաստիկ բարդ կամ սարսափելի բան չկա, հատկապես հիմա։ Ռուսաստանի հարցում մենք ունենք խնդիրներ, որոնք ընդհանուր են, կան ընդհանուր մարտահրավերներ, որոնց առերեսվում են երկու երկրները՝ պայմանավորված Ռուսաստանի ազդեցությամբ։

Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը