25 ապրիլ, 2019 12:11

Մեզ պետք չէ վախեցնել, հայ հասարակությունն իրեն շատ վստահ է զգում․ Փաշինյանը՝ «Նեզավիսիմայա գազետա»-ին

«Ի՞նչ է նշանակում՝ ժամանակ է ձգում, ինչ-որ մեկը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարելի է լուծել մեկ օրում կամ մեկ տարո՞ւմ»․ ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով այն հարցադրմանը, թե Բաքուն հայտարարում է՝ «Փաշինյանը ժամանակ է ձգում»։

«Եթե որևէ մեկը այդպես է կարծում, ուրեմն չունի իրական պատկերացում ղարաբաղյան հարցի մասին։ Մարտի 12-ին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին ես հայտարարել եմ, որ մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության օրակարգ, այլ ոչ թե պատերազմի։ Մենք պետք է բոլորս աշխատենք այդ խնդրի լուծման ուղղությամբ։ Եթե մենք միասին չաշխատենք դրա վրա, երբեք չենք ունենա լուծում, անգամ ռազմական ճանապարհով, քանի որ ռազմական ճանապարհով հնարավոր չէ լուծել այդ խնդիրը, այլ միայն խորացնել այն»,- ասել է վարչապետը։

«Ինչ-որ մեկը պատկերացնում է, որ հակամարտությունը կարելի է կարգավորել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցությա՞ն,- շարունակել է Նիկոլ Փաշինյանը։- Օրակարգը, որն այժմ առաջարկում եմ, բավական անսպասելի է ոչ միայն Ադրբեջանի, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար։ Ժամանակ է պետք, որպեսզի մանրակրկիտ աշխատանքային մթնոլորտում քննարկենք բոլոր մանրամասները։ Կարծում եմ՝ այս մեկ տարվա ընթացքում և Ադրբեջանի իշխանությունները, և Մինսկի խմբի համանախագահները համոզվել են, որ մենք իրապես ուզում ենք լուծել այդ հակամարտությունը, իրապես ուզում ենք հասնել խաղաղ համաձայնագրի, մեր բոլոր առաջարկները ոչ թե ժամանակի ձգձգում են, այլ հանուն նրա, որ խնդիրը լուծվի։ Անհրաժեշտ է նախապատրաստել մեր հանրությունները խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»։

Պատասխանելով հարցին, թե որքան հեռու կարող է գնալ Հայաստանը փոխզիջումների հարցում, Փաշինյանը կրկնել է միտքը, որ «սխալ է այդ հարցը տալ կողմերից միայն մեկին»։

«Կարևոր է, որ գործընթացը լինի կառուցողական։ Պետք է, որ բոլոր կողմերը միաժամանակ պատասխանեն այդ հարցին։ Եվ ես պատրաստ եմ այդ հարցին պատասխանել Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հետ միաժամանակ։ Բայց երբ Ադրբեջանը հանդես է գալիս ռազմատենչ դիրքերից, հայկական կողմի հայտարարությունները զիջումների և փոխզիջումների մասին կարող են մեկնաբանվել որպես թուլություն։ Միշտ եմ ասել՝ մեզ պետք չէ վախեցնել պատերազմով։ Մեզ ընդհանրապես պետք չէ որևէ բանով վախեցնել, քանի որ մենք մեզ շատ վստահ ենք զգում։ Ներկայում հայկական հասարակությունը բոլոր իմաստներով վերածնման գործընթացում է։ Մենք առաջարկում ենք խոսել խաղաղության մասին, այլ ոչ թե պատերազմի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը ռուսական թերթին։

Ստելլա Մեհրաբեկյան