27 ապրիլ, 2019 12:16

Թուրքիայի հիդրոնախագծերը Արաքսի վրա և Հայաստանը

Հայկ ԳաբրիելյանըԹուրքագետ Հայկ Գաբրիելյանը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) համար ծավալուն հոդված է հրապարակել «Արաքսի հիդրոհանգույցների հիմնախնդիրը Հայաստանի ու Թուրքիայի միջև» վերնագրով։ Գաբրիելյանը ներկայացնում է Թուրքիայի՝ Արաքս գետի իր հատվածում իրականացվող հիդրոնախագծերը և դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի և գետափնյա մյուս երկրների վրա։ Հոդվածը անդրադառնում է նաև Թուրքիայի ջրային քաղաքականությանը, անդրսահմանային ջրահոսքերի, մասնավորապես՝ Եփրատ և Տիգրիս գետերի վրա իրականացվող խոշորածավալ ծրագրերին և Թուրքիայի՝ ջուրը հարևանների հետ հարաբերություններում որպես գործոն օգտագործելուն։ Հոդվածը կրճատումներով ներկայացված է ստորև։

Ամփոփ կետեր

- Թուրքիայում գնալով աճում է ջրի ու հիդրոէներգիայի պահանջարկը, և նա վաղուց կատարել է իր ընտրությունն այդ հարցում։

- Թուրքիան բազում ջրամբարներ ու հէկեր է կառուցել իր տարածքում, Արաքսի գետավազանը նույնպես դուրս չի մնացել նրա ուշադրությունից։

- Անդրսահմանային գետերի վրա ջրամբարներ կառուցելով՝ Թուրքիան ջրային լուրջ լծակ է ձեռք բերել հարևան երկրներից մի մասի նկատմամբ։

- Ջուրը կարող է լինել թե՛ համագործակցության հարթակ, թե՛ կոնֆլիկտի ոլորտ Հայաստանի ու Թուրքիայի միջև։

- Թուրքիայի հետ ջրային խնդիրները թե՛ մարտահրավեր, թե՛ հնարավորություն են Հայաստանի համար։

- Հայաստանը (Արցախի հետ) ունի տարածաշրջանում հիդրոդոնորի և ջրային խաղացողի վերածվելու լուրջ պոտենցիալ։

Արաքսի գետավազանի հիդրոհանգույցները

Ներկայում Արաքս գետի և նրա վտակների վրա կառուցվել, կառուցվում և ծրագրված է կառուցել 14 ջրամբար՝ մի մասը հէկերով։ Դրանցից 1-ը բաժին է ընկնում Իգդիրի նահանգին, 4-ը՝ Էրզրումի նահանգին, 9-ը՝ Կարսի նահանգին։ Ընդ որում, խոսքը հիմնականում փոքր հէկերի (6-36 մվտ հզորությամբ) մասին է, ինչի համար էլ նրանց ընդհանուր հզորությունը կազմում է միայն 134 մվտ, իսկ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը՝ 252,25 գվտ/ժամ։ Նրանց է բաժին ընկնում Թուրքիայում արտադրվող հիդրոէներգիայի 0,355%-ը և Թուրքիայում ընդհանրապես արտադրվող էլեկտրաէներգիայի 0,096%-ը։ Ծրագրված է Արաքսի գետավազանի հէկերի ընդհանուր հզորությունը գրեթե եռապատկել՝ հասցնելով մինչև 387 մվտ-։

Սրանք կարող են փոքր թվեր թվալ Թուրքիայի մասշտաբով, սակայն իրականում զգալի դեր ունեն տվյալ տարածաշրջանի էներգետիկ կարիքները հոգալու համար։ Զուտ պատկերացում կազմելու համար նշենք, որ 280 մվտ հզորությամբ հէկն ամբողջովին բավարարում է, ասենք, 375,000 բնակչությամբ քաղաքի էներգետիկ կարիքները, կամ էլ տարեկան 200 գվտ/ժամը համարժեք է օրական 1 մլն բարել նավթի։ Բացի այդ չմոռանանք, որ ծրագրված է եռապատկել (և անգամ ավելի) Արաքսի գետավազանի էներգետիկ հզորությունը, ինչպես նաև այն, որ նույն Արաքսը ջրառատության պլանում զիջում է անգամ Եփրատի վտակ (բազուկ) Արածանիին (այսինքն իրատեսական չէ նրա վրա կառուցել այնպիսի խոշոր ջրամբարներ ու հէկեր, ինչպիսիք կառուցվել են Եփրատի վրա)։

Թուրքիան էլեկտրաէներգիա ներկրող երկիր է և 2017թ․ այդ նպատակով վճարել է 85,5 մլն դոլար, ինչը 60%-ով պակաս է 2016թ․ ցուցանիշից (214 մլն)։ Թուրքիան էլեկտրաէներգիա է ներկրում Հունաստանից, Բուլղարիայից, Ադրբեջանից, Վրաստանից, Չեխիայից և Իրանից։

Քարաքուրթի կառուցվող հիդրոհանգույցըԱրաքսի վրա կառուցվող ջրամբարներ

Ներկայում Արաքս գետի վրա կառուցվում է երկու կարևոր ջրամբար, որոնք, ըստ ամենայնի, շահագործման կհանձնվեն 2019թ․ վերջին կամ 2020թ․ սկզբին։ Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանում Արաքսի վրա կառուցվում է Քարաքուրթի ջրամբարն ու հէկը։ Ջրամբարում նախատեսվում է ամբարել 590 մլն խմ ջուր։ Ամբարտակի բարձրությունը կազմելու է 124 մ (տարբեր տեղերում նշվում է նաև 137 կամ 142 մ), հէկի հզորությունը կազմելու է 99,5 Մվտ, այն տարեկան արտադրելու է 346  (այլ տվյալներով՝ 380) գվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Նախագծի իրագործման թույլտվությունը տրվել է 2011թ․։ Նախագիծը գնահատվում 135 մլն դոլար (այլ տվյալներով՝ 250 մլն դոլար) լիրա։  

Քարաքուրթի հիդրոհանգույցը կդառնա Արաքսի ավազանի խոշորագույն հիդրոհանգույցը։ Հիմնականում հենց Քարաքուրթի հէկն է հնարավորություն ընձեռելու եռապատկել Արաքսի ավազանի հէկերի հզորությունը։

Մյուս ջրամբարը կառուցվում է Հայաստանի հետ սահմանից ոչ հեռու՝ Իգդիրի նահանգի Թուզլուջա (Կողբ) շրջանում։ Թուզլուջայի ջրամբարում կամբարվի 190 մլն խմ ջուր։ Նրա հէկի հզորությունը կազմելու է 20 Մվտ: Նախագիծը գնահատվում է 350 մլն դոլար։

Մտահոգություններ Հայաստանում

Այս երկու ջրամբարների կառուցումը մտահոգություններ է առաջացրել Հայաստանում։ Մասնավորապես, բնապահպանության նախարարության հրապարակած «Արարատյան դաշտի մակերևութային ջրային ռեսուրսների խոցելիությունը կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով» զեկույցում նշվում է Քարաքուրթի ու Թուզլուջայի ջրամբարների կառուցման ու Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին․

«Ջրամբարներն ունենալու են ոչ միայն ոռոգման, այլև հիդրոէներգետիկ նշանակություն և հետևաբար՝ կարգավորման այլ ռեժիմ: Ներկայում Թուրքիան Արաքս գետի և նրա վտակների վրա կառուցում է ջրամբարներ, որոնք կարող են էապես ազդել Արաքս գետի ջրի ելքերի վրա և հետևաբար՝ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների վրա, քանի որ Արաքս գետի ջրերն Արմավիրի ջրանցքի միջոցով օգտագործվում են Արարատյան դաշտի մոտ 20 000 հա հողատարածքների ոռոգման համար: Այսպիսով, վերը նշված ջրամբարների կառուցմամբ Թուրքիան հնարավորություն կստանա ամբարել մոտ 1,4 մլրդ խմ ջուր, այնինչ Սուրմալու հիդրոլոգիական դիտակետում 1964-2013 թթ. ժամանակահատվածի համար Արաքսի գետի հոսքի ծավալը կազմել է 2,54 մլրդ. խմ: Ջրամբարների կառուցումից հետո այդ մեծությունը կարող է կազմել 1,1 մլրդ խմ, որի 50%-ն էլի Թուրքիային է պատկանելու՝ համաձայն Կարսի համաձայնագրի: Արդյունքում ՀՀ-ին բաժին կհասնի 0,57 մլրդ խմ ջուր՝ ներկայիս 1,3 մլրդ խմ-ի փոխարեն, և Արարատյան դաշտի ոռոգման կազմակերպման համար կհանգեցնի խիստ բացասական հետևանքների: Այս թվերը խիստ մտահոգիչ են ու անպայման պետք է հաշվի առնվեն Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանում, և օր առաջ պետք է սկսել համակարգված միջոցառումների կազմակերպումը ջրային ռեսուրսների սպասվող նվազմանը դիմագրավելու համար»:

Զեկույցը հիշեցնում է, որ ջրօգտագործման բնագավառում Հայաստանն ու Թուրքիան ունեն երկու պայմանագիր: Առաջինը ստորագրվել է 1927թ. հունվարի 8-ին Կարսում նախկին ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև: Դա սահմանային գետերի և գետակների մասին կոնվենցիան է, որը վերաբերում է միայն սահմանային ջրերին: Այդ կոնվենցիայով սահմանային հատվածի վրա ջրերը բաշխվում են կողմերի միջև 50/50 հարաբերակցությամբ: Ընդ որում, կողմերը պարտավորվել են ձևավորել դիտարկման կետեր և ստեղծել համատեղ հանձնաժողով, որը պարբերաբար պետք է որոշեր այդ դիտակետերով անցնող ջրերի քանակը:

Երկրորդ համաձայնագիրը, որը ստորագրվել է 1973թ. հոկտեմբերի 26-ին Անկարայում, նույնպես ստորագրվել է ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև և վերաբերում է սահմանային Ախուրյան գետի վրա պատվարի և 525 մլն խմ ծավալով ջրամբարի կառուցմանը: Ջրամբարի կառուցումից հետո կողմերն իրավունք են վերապահել իրենց հասանելիք ջրի մասը (50%) վերցնել Ախուրյան և Արաքս գետի ցանկացած հատվածից (մինչև Իրանի սահման)՝ չխախտելով մյուս կողմի իրավունքները:

Թվում է, թե Հայաստանին կարող է ավելի շատ վնասել իր չափերով առավել խոշոր Քարաքուրթի ջրամբարը։ Սակայն վերջինս, թուրքական կողմի պնդմամբ, կառուցվում է միայն էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով, մինչդեռ Թուզլուջայի ջրամբարի կառուցման գլխավոր նպատակը շրջակա 70 գյուղերին խմելու ու ոռոգման ջրով ապահովելն է,  700 քկմ ոռոգելը, Իգդիրի հովտում գյուղատնտեսությունը վերակենդանացնելը։ Հատկանշական է, որ թուրքական կողմի պնդմամբ՝ Թուզլուջայի (Ունլենդի) ջրամբարի նախագիծն ի հայտ է եկել դեռ 60 տարի առաջ։

Թուզլուջայի ջրամբարըԹուզլուջայի ջրամբարը մեծ հետևանքներ է ունենալու Հայաստանի վրա

Գյուղատնտեսությունն ամենաշատ ջուր պահանջող ոլորտն է, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի վրա Թուզլուջայի ջրամբարի կառուցումն ավելի շատ բացասական հետևանքներ է ունենալու, քան չափերով ավելի խոշոր Քարաքուրթի ջրամբարը։ Հայաստանի վրա ազդեցության աստիճանը կախված կլինի նրանից, թե ինչ արագությամբ Թուրքիան կլցնի այդ ջրամբարը։ Թուրքիան (գոնե առաջիկայում) Քարաքուրթի ջրամբարի ջրերը թերևս չի օգտագործի ոռոգման նպատակով, քանի որ դա կարող է բացասաբար ազդել գետի հոսանքն ի վար ընկած Թուզլուջայի ջրամբարի գործունեության վրա։ Բացի այդ, շրջակայքում շատ չեն գյուղատնտեսության համար պիտանի տարածքները (եթե չհաշվենք նրանից արևմուտք ընկած Բասենի դաշտը)։

Այս իրավիճակը որոշակիորեն հիշեցնում է Թուրքիայում՝ Եփրատ գետի վրա, Քեբանի (ամբարում է 31 մլրդ խմ ջուր) ու Աթաթուրքի ջրամբարների (ամբարում է 49 մլրդ խմ ջուր) օրինակը։ Քեբանի ջրամբարի ջուրը չի օգտագործվում ոռոգման նպատակով (Քեբանի հէկի հզորությունը կազմում է 1330 մվտ), ինչը, ըստ ամենայնի, արվում է նաև նրա համար, որպեսզի այդ կերպ վնաս չհասցվի Սիրիայի հետ սահմանից ոչ այնքան հեռու ընկած Աթաթուրքի ջրամբարին (հէկի հզորությունը կազմում է 2400 մվտ), ինչպես նաև Քարաքայայի ջրամբարին (հէկի հզորությունը 1800 մվտ)։ Ի տարբերություն Քեբանի ջրամբարի՝ Աթաթուրքի ջրամբարը շրջակա տարածքները ոռոգելու տեսանկյունից գտնվում է շատ ավելի բարենպաստ տեղանքում, ինչպես որ Քարաքուրթի ջրամբարի հետ համեմատ` Հայաստանի սահմանից ոչ հեռու կառուցվող Թուզլուջայի ջրամբարն է (Թուրքիայում Իգդիրի հովիտն անվանում են «Արևելյան Անատոլիայի Չուքուրօվա»․ Չուքուրօվան համընկնում է Դաշտային Կիլիկիայի բարեբեր տարածքներին)։

Այլ կերպ ասած՝ Եփրատ ու Արաքս գետերի վրա ջրամբարներ կառուցելու պարագայում ականատես ենք Թուրքիայի նմանատիպ մարտավարությանը։ Ամեն դեպքում, Արաքսի գետավազանի խոշորագույն հիդրոհանգույց Քարաքուրթի ջրամբարը ջրով լցնելու բացասական հետևանքները Հայաստանի վրա չի կարելի համեմատել այն խոշոր վնասի հետ, որը Սիրիան կրեց Թուրքիայի կողմից Եփրատի խոշորագույն հիդրոհանգույց Աթաթուրքի ջրամբարը 1990-ականների սկզբին ջրով լցնելուց, երբ Սիրիայի խոշորագույն՝ Թաբքայի ջրամբարը գործում էր իր հզորության միայն 10%-ով։

Թուրքիան Արաքսի վրա այլ նախագծեր էլ կիրականացնի

Ելնելով ջրի ու էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը բավարարելու (միգուցե նաև այլ) նկատառումներից՝ Թուրքիան չի պատրաստվում սահմանափակվել ձեռք բերածով և ցանկանում է Արաքս գետի վրա կառուցել շատ ավելի խոշոր ջրամբար, քան Քարաքուրթի ջրամբարն է։ Խոսքը Սոյլեմեզի ջրամբարի մասին է, որի կառուցումը ծրագրված է Էրզրումի նահանգի Քարայազը, Քյոփրուքյոյ և Թեքման շրջաններում։ Ամբարտակի բարձրությունը կազմելու է 113 մ, իսկ հէկն արտադրելու է 203 գվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Սոյլեմեզի ջրամբարն ամբարելու է 1,4 մլրդ խմ ջուր, այդ ցուցանիշով այն կառուցվող (և ոչ թե ընդհանրապես) Ըլըսուի (Տիգրիս), Յուսուֆելիի (Ճորոխ) և Սիլվանի (Տիգրիս) ջրամբարների թվում զբաղեցնելու է 4-րդ տեղը (Տիգրիսի խոշորագույն հիդրոհանգույց Ըլըսուի ջրամբարի կառուցումն արդեն ավարտված է – Հ․Գ․)։ Նախատեսվում է Սոյլեմեզի ջրամբարի ջրերով ոռոգել մոտ 400 քկմ տարածք։ Ընդ որում, Սոյլեմեզի հիդրոհանգույցի կառուցումը ծրագրվել է 50 տարի առաջ։

Սոյլեմեզի ջրամբարի պարագայում կարող է հարց ծագել, թե արդյոք այն չի խանգարի Արաքս գետի հոսանքն ի վար ընկած Քարաքուրթի ու Թուզլուջայի ջրամբարների գործունեությանը։ Կարծում ենք, որ թուրքական կողմը հաշվարկել է այդ ամենը և նաև այդ պատճառով է, որ Սոյլեմեզի ջրամբարը թեպետ ամբարելու է մոտ 10 անգամ ավելի շատ ջուր, համեմատած Թուզլուջայի ջրամբարի հետ, սակայն ոռոգելու է գրեթե կրկնակի քիչ տարածք՝ նրա հետ համեմատ։ Միգուցե նաև հաշվի է առնվել, որ Սոյլեմեզի ջրամբարից հետո Արաքսն ընդունում է Մուրց (Հասան-քալա) կարևոր վտակը, ինչպես նաև այլ վտակներ, ինչը դրականորեն կազդի Քարաքուրթի ու Թուզլուջայի ջրամբարների գործունեության վրա։

Այսպիսով, Արաքս գետի վրա ջրամբարներ կառուցելով և մասնավորապես ջուրը ոռոգմանն ուղղելով՝ Թուրքիան որոշակի վնաս կպատճառի Հայաստանին և ինչու ոչ՝ Ադրբեջանին (Նախիջևան) և Իրանին, որոնք նույնպես Արաքսի գետավազանի երկրներ են։ Ընդ որում, ջրային ապահովվածության տեսանկյունից Ադրբեջանն ու Իրանը շատ ավելի խոցելի երկրներ են, քան Հայաստանը։ Այստեղ հարկավոր է հաշվի առնել նաև այն, որ վերջին 45 տարում Արաքսի ավազանում տնտեսական գործունեության (ջրառը ոռոգման, խմելու-կենցաղային և արդյունաբերական ջրամատակարարման, հիդրոէներգետիկայի, ձկնատնտեսության նպատակով, ջրամբարների կառուցում և այլն) ազդեցության հետևանքով Արաքսի հոսքը նվազել է մոտ 15%-ով։ Այդ հարցում փոքր դեր չի խաղում նաև ավազանի բնակլիմայական գործոնների փոփոխության ազդեցությունը, ինչը Հայաստանում դրսևորվում է տեղումների քանակի նվազմամբ և գոլորշիացման ավելացմամբ։

Թուրքիայի ջրային քաղաքականությունը վերլուծելիս անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ նա ՄԱԿ-ի միջազգային ջրահոսքերի ոչ նավարկելի օգտագործման իրավունքի մասին 1997թ. կոնվենցիայի (United Nations Convention on the Law of the Non-Navigational Uses of International Watercourses) անդամ չէ։ Կոնվենցիայի 5-րդ հոդվածում կարևորվում է միջազգային ջրահոսքերի արդար ու խելամիտ օգտագործումը, իսկ 7-րդ հոդվածում առաջ է քաշվում «առանց նշանակալից վնաս պատճառելու պարտավորությունը»:  

Ամփոփում և եզրակացություններ

Կարծում ենք, որ Հայաստանն անպայմանորեն պետք է ակնդետ հետևի Արաքսի գետավազանում Թուրքիայի կողմից ջրային նախագծեր իրագործելուն, ինչու ոչ՝ բարձրաձայնի տվյալ խնդիրների մասին, սակայն դրա հետ մեկտեղ շարունակ հաշվարկի (թարմացնի) իր հնարավոր վնասները՝ կախված ջրային այդ նախագծերի իրագործումից և մշակի այդ վնասները փոխհատուցելու ռազմավարություն։ Այս համատեքստում, մեր կարծիքով, հայկական կողմն անելիքներ ունի երկու ճակատում՝ ներքին և արտաքին։

Ներքին ճակատ

Փոխհատուցման միջոցներից մեկը կարող է լինել, օրինակ, ոռոգման ցանցերի արդիականացումը և ջրի կորստի նվազեցումը։ Վերջերս Հայաստանի Ջրային պետական կոմիտեն հայտնեց, որ ոռոգման ցանցերի մաշվածության հետևանքով Հայաստանում ջրի կորուստները հասնում են 46%-ի։ Ինչպես արդեն նշվել է, զարգացած երկրներում այդ ցուցանիշը կազմում է 10-15%։ Հայաստանի համար օգտակար կլիներ նորանոր առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը ջրային ոլորտում։ Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել առկա ջրային ռեսուրսները, ընդ որում՝ թե՛ վերգետնյա, թե՛ ստորգետնյա։ Ի դեպ, Թուրքիայի կողմից Արաքսի գետահոսքը նվազեցնելու հարցում հարկ է հաշվի առնել, որ Հայաստանի ջրային բալանսը լրացվում է երկու անդրսահմանային ջրային աղբյուրների հաշվին․ 0,94 մլրդ խմ ջրի գետային հոսքը կատարվում է Հայաստանի Արաքս գետից, իսկ 1,19 մլրդ խմ դեպի Արարատյան արտեզյան ավազան է հոսում Թուրքիայի ստորգետնյա ջրերով։ Հայաստանի հարավում 0,77 մլրդ խմ ստորգետնյա ջրեր Արարատյան ավազանից հոսում են դեպի Թուրքիա, Նախիջևան, Իրան և 0,19 մլրդ խմ ջուր հոսում է Արաքսի ջրավազան: Հյուսիսում 0,1 մլրդ խմ հոսում է դեպի Կուր գետի ավազան: Հայաստանի ստորգետնյա ջրային ռեսուրսների պաշարները, ըստ տվյալների, կազմում են 2,4 մլրդ խմ, որից 66%-ը բաժին է ընկնում Արարատյան հարթավայրին։

Երկրորդ կարևոր քայլը ջրամբարաշինությանը նոր թափ հաղորդելն է՝ բնականաբար հաշվի առնելով հարցի բնապահպանական կողմը։ Այսինքն «Ադրբեջանի ճակատագրով չափազանց մտահոգ» Թուրքիան պետք է գիտակցի, որ Արաքսի ավազանում ջրային նոր նախագծեր իրագործելու և դեպի Հայաստան (նաև Ադրբեջան ու Իրան) Արաքսի գետահոսքը նվազեցնելու դեպքում հայկական կողմի (Հայաստան և Արցախ) պարտադրված քայլերից մեկը կարող է լինել դեպի Ադրբեջան գնացող գետերի հոսքի նվազեցումը, ինչը կրկնակի ծանր դրության մեջ կդնի Ադրբեջանին։ Ըստ ամենայնի, Թուրքիան հաշվի է առնում, որ իր կողմից Արաքսի գետահոսքի նվազեցումը լուրջ հետևանքներ չի թողնում «եղբայրական Ադրբեջանի» համար, քանի որ Արաքսը Հայաստանի ու Արցախի, ինչպես նաև Իրանի տարածքներից ստանում է նորանոր վտակներ։ Սակայն այդ իրավիճակը կարող է լրջորեն փոփոխվել, եթե հայկական կողմը (Հայաստան և Արցախ) որոշի նոր ջրամբարներ կառուցել դեպի Ադրբեջան հոսող գետերի վրա, վերահսկողության տակ առնել դրանց հոսքը և ջրի մի մասն ուղղել ոռոգման։

Հայաստանը չպետք է անտեսի իր ջրային ներքին խնդիրները և միայն բողոքի Թուրքիայի կողմից ջրային նախագծեր իրագործելուց, հատկապես, ինչպես ցույց է տալիս Եգիպտոսի օրինակը, ներքին խնդիրները կարող են շատ ավելի մեծ ջրի կորստի պատճառ դառնալ, քան վերին հոսքի երկրի կողմից ստորին հոսքի երկրին որոշակիորեն ջրազրկելը։ Հայաստանի պարագայում խնդիրն առավել բարդանում է նրանով, որ վերին հոսքի երկիրը (Թուրքիա) տնտեսական, ռազմական և այլ առումներով գերազանցում է նրան, մինչդեռ Նեղոսի պարագայում հակառակ պատկերն է․ ստորին հոսքի երկիր Եգիպտոսը Նեղոսի ավազանի ամենաուժեղ երկիրն է։

Արտաքին ճակատ

Ընդունված է համարել, որ ջուրը կարող է լինել ինչպես համագործակցության, այնպես էլ կոնֆլիկտի առարկա։ Փորձագետներ Հասան Չալաբին և Թարեք Մաջզուբը գտնում են, որ երբ գետերն անցնում են մի շարք երկրների տարածքներով, ապա առաջացնում են երկու տիպի խնդիր. ա) երբ երկիրը ինքնուրույն շեղում է գետի հոսքը, որը սկիզբ է առել իր սահմաններից դուրս․ բ) երբ վերին հոսքի երկիրը ջրամբարների միջոցով սկսում է ամբարել ջուրը՝ նվազեցնելով ստորին հոսքի երկիր գնացող գետի հոսքը։ Նրանց կարծիքով՝ ժամանակակից ջրային վեճերի հիմքում ընկած է միջազգային ջրային իրավունքի անկատարությունը։ Արտաքին ճակատում մեր խնդիրը բարդանում է նրանով, որ Թուրքիան ու Հայաստանը 1997թ․ ՄԱԿ-ի միջազգային ջրահոսքերի ոչ նավարկելի օգտագործման իրավունքի մասին կոնվենցիայի անդամ չեն։ Նկատենք, որ 1997թ․ կոնվենցիան թեև խոսում է միջազգային ջրահոսքի արդար ու խելամիտ, բայց միևնույն ժամանակ չի խոսում դրա հավասարաչափ օգտագործման անհրաժեշտության մասին, ինչպես նաև չի հստակեցնում «զգալի վնաս» ասվածը և մեծ հաշվով ձեռնտու է ստորին հոսքի երկրներին։

Բացի այդ Հայաստանի ու Թուրքիայի միջև գոյություն չունի երկկողմ ջրային պայմանագիր, և, թերևս, արժե աշխատել այն մշակելու ուղղությամբ՝ հաշվի առնելով առկա իրողությունները (ներառյալ կլիմայական փոփոխությունները)։ Անհրաժեշտ է աշխատել նաև Արաքսի ավազանում հիդրոդիվանագիտությունն ակտիվացնելու ուղղությամբ։ Միջազգային պրակտիկայում լայն տարածում են ստացել «գետավազանային կազմակերպությունները» (river basin organisation, RBO)։ 2013թ. դրությամբ աշխարհի 276 անդրսահմանային ավազաններից 116-ում գործում էր RBO։ Փորձագետների զգալի մասը համակարծիք է, որ RBO-ն առանցքային ինստիտուցիոնալ կառույց է՝ ջրային հարցերով համագործակցության, ջրային քաղաքականության համակարգման, ռիսկերի կառավարման ու կոնֆլիկտների լուծման համար։  

Թուրքիան նաև չպետք է մոռանա, որ «ջրային հարվածներ» հասցնելու դեպքում Հայաստանը (Արցախի հետ) կարող է ջրային վնասների փոխլրացման պարտադրանքից համարժեք և անգամ ավելի զգայուն «ջրային հարվածներ» հասցնել նրա «կրտսեր եղբորը»՝ Ադրբեջանին։ Ընդ որում, խոսքը միայն ՀՀ տարածքում Արաքսի վտակների վրա նոր ջրամբարներ կառուցելու և ջրի մի մասը ոռոգմանն ուղղելու մասին չէ, ինչի մասին արդեն նշվել է (ներքին ճակատ)։ Փորձը ցույց է տվել, որ ՀՀ-ն իր դիրքորոշմամբ նաև կարող է նպաստել (կամ առնվազն չխոչընդոտել) իր սահմաններից դուրս ջրամբար կառուցելուն, ինչպես որ Արցախի ու Իրանի սահմանին Արաքս գետի վրա Խոդա Աֆարինի ջրամբարի կառուցման դեպքում է։

Այս պարագայում կարելի է որոշակի նմանություն գտնել արդեն Հայաստանի ու Չինաստանի միջև. Չինաստանը ոչ միայն ինքն է ջրամբարներ կառուցել Մեկոնգի ավազանում (իր տարածքում), այլև ֆինանսավորել է հարևան Լաոսում (արտերկրում) նույն Մեկոնգի ավազանում ջրամբարներ կառուցելու գործընթացը՝ այդպիսով պոտենցիալ վնաս պատճառելով ստորին հոսքի երկրներ Կամբոջային ու Վիետնամին։ Թեպետ Չինաստանը Մեկոնգի հարցում ունի ամենավերին հոսքի երկրի կարգավիճակ (uppermost riparian status), նա ունակ է կառավարել Մեկոնգի ջրերի միայն 25%-ը, ինչը սահմանափակում է նրա պոտենցիալ հեգեմոն դերը գետավազանում։ Ստացվում է, որ Չինաստանը գտել է իր պոտենցիալ հեգեմոն դերն ուժեղացնելու տարբերակ։

Այսպիսով, ներքին ու արտաքին ճակատներում Հայաստանի վերոնշյալ անելիքները կարող են զգալիորեն մեղմել առկա ջրային խնդիրները, մեծացնել ամբարվող ջրի ծավալը, նվազեցնել Սևանից ամենամյա ջրառը, և ինչու ոչ՝ ջրային լուրջ լծակ ընձեռել Ադրբեջանի նկատմամբ։ Վերջին հանգամանքը, սակայն, պահանջում է նաև Արցախի հետ համապատասխան աշխատանքների համակարգում։ Կարծում ենք, որ Հայաստանը Թուրքիայից իր (վերգետնյա) ջրային կախվածությունը կարող է փոխարինել «Թուրքիա-Հայաստան (Արցախ)-Ադրբեջան» եռանկյունում փոխադարձ կախվածության առաջացմամբ։ Ընդ որում՝ Ադրբեջանի նկատմամբ հայկական կողմի (ՀՀ, Արցախ) ջրային լծակը կարող է լինել շատ ավելի ծանրակշիռ, քան Թուրքիայի ջրային լծակը՝ Հայաստանի նկատմամբ։

Թուրքիան, անդրսահմանային գետերի վրա շարունակ նորանոր ջրամբարներ կառուցելով, գնալով առավել արդյունավետ է դարձնում իր ջրային լծակները հարևան երկրների նկատմամբ։ Սակայն ի տարբերություն, ասենք, Սիրիայի՝ Հայաստանը ջրային ոլորտում գտնվում է շատ ավելի շահեկան դիրքերում։ Այդ պատճառով էլ Թուրքիան չի կարող ակնկալել, որ Արաքսի մասով Հայաստանի հանդեպ նույն (Եփրատ-Տիգրիսի) մարտավարությունը կիրառելու դեպքում կստանա նույնատիպ արդյունքներ․ լրջորեն ջրազրկել Հայաստանը և ջրային լծակի գործադրմամբ ճանաչել տալ սեփական տարածքային ամբողջականությունը (1921թ․ Կարսի պայմանագիր)։

Ամփոփելով վերոհիշյալը՝ նշենք, որ ջրային հարցերը Հայաստանի ու Թուրքիայի միջև նույնպես կարող են լինել ինչպես համագործակցության, այնպես էլ կոնֆլիկտի առարկա։ Ներկայում երկրորդ տարբերակը առավել հավանական է մի շարք պատճառներով․ Թուրքիայում ջրի պահանջարկի մեծացում, Թուրքիայի կողմից Արաքսի գետավազանում ջրային նորանոր նախագծերի իրագործում, ստորին հոսքի երկրների շահերի անտեսում, Հայաստանի ու Թուրքիայի միջև երկկողմ ջրային պայմանագրի բացակայություն և ընդհանրապես փակ սահմանի առկայություն, դիվանագիտական հարաբերությունների բացակայություն, ինչպես նաև Ադրբեջանի գործոնը։

Հեղինակի մասին

Հայկ Գաբրիելյանը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ է, Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ։