30 ապրիլ, 2019 15:32

ԵՏՄ-ին անդամակցությունը դիտարկում ենք որպես տնտեսական աճի ապահովման գործոններից մեկը․ Փաշինյան

Այսօր Երևանում մեկնարկած՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին քննարկվել են ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացմանը, Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանը, արդյունաբերության, առևտրի, մաքսային և տնտեսական ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր․ հաղորդում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։

ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներն անդրադարձել են նաև արդյունաբերական և տեխնոլոգիական ոլորտներում եվրասիական ցանցի ստեղծման հարցին, քննարկել այդ ուղղությամբ անելիքները: Քննարկման օրակարգում էր նաև արտաքին տնտեսական գործունեության կարգավորման «միասնական պատուհանի» ազգային մեխանիզմի մոդելի նկարագրման հարցը:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ներկայացվել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` «ԵԱՏՄ-ում առևտրի թվային էկոհամակարգի զարգացման համար պայմանների ստեղծման մասին» զեկույցը, որը ներառում է առաջարկություններ ԵԱՏՄ-ում ինտերնետ առևտրի զարգացման վերաբերյալ, ինչպես նաև ԵԱՏՀ հաշվետվությունը հանձնաժողովի 2018 թ. ընդունած որոշումների ազդեցության գնահատականի վերաբերյալ և առաջարկություններ ապրանքների դուրսբերման դեպքում ծագման երկրի որոշման միասնական մոտեցումների ձևավորման առնչությամբ:

Նիստի արդյունքներով ստորագրվել են մի խումբ փաստաթղթեր, որոնք վերաբերում են Միության շրջանակում արդյունաբերական կոոպերացիաների գործունեությանը, էլեկտրոնային թվային ստորագրությունների օգտագործմանը, ԵԱՏՄ ներքին շուկայի արգելքների վերացմանը, ապրանքների ներկրման և արտահանման համընդհանուր մոտեցումների կիրառմանը, ԵԱՏՄ-ում առևտրի թվային համակարգի զարգացմանը, տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրմանը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը և Ղրղզական Հանրապետության վարչապետ Մուհամեդկալիյ Աբիլգազիևը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսին Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում:

Նիստին ունեցած իր ելույթում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է․

«Մեր կառավարության գործունեության առաջնահերթությունները համահունչ են մեր Միության հիմքում դրված փիլիսոփայությանը։ Որպես արդյունք` մենք Միությանն անդամակցությունը դիտարկում ենք որպես մեր կառավարության նպատակներին և խնդիրներին հասնելու գործիքներից մեկը և որպես տնտեսական աճի ապահովման գործոններից մեկը։

Ուրախ եմ արձանագրել, որ նկատվում է Հայաստանի և Միության անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության աճ։ Եվրասիական տնտեսական միության երկրների տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մեջ 2018 թվականին հասել է 28.5 տոկոսի։ Արտահանումը դեպի Միության անդամ երկրներ աճել է 20 տոկոսով, իսկ ընդհանուր ապրանքաշրջանառությունը` 11 տոկոսով։

Հայաստանն իր նախագահության ընթացքում կգործադրի բոլոր ջանքերը` ինտեգրացիայի դրական դինամիկայի ամրապնդման և համագործակցության նոր մեխանիզմների և ճանապարհների որոնման հարցում։

Եվրասիական տնտեսական միության կարևորագույն ինտեգրացիոն ուղղություններից է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը և ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի աստիճանաբար ձևավորումը։

Մենք անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել այն ջանքերը, որոնք ուղղված են ոչ խտրական հիմքի վրա էներգառեսուրսների գնագոյացման զգայուն հարցի արագ լուծմանը և դրանց տարանցմանը Միության անդամ պետությունների տարածքներով՝ այդ թվում հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները»։