2 մայիս, 2019 11:50

Ուկրաինացի պատգամավորը պնդում է՝ «երրորդ երկրի պահանջով» արգելել են իր մուտքը Հայաստան

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը գրառում է արել Ֆեյսբուքում՝ տեղեկացնելով, որ «Զվարթնոց» օդանավակայանում «երրորդ երկրի պահանջով» միգրացիոն ծառայության աշխատակիցները փորձել են արգելել իր մուտքը Հայաստան։

«Երրորդ երկրի պահանջով»

Մինչ մենք Կիևում չենք կարող վերջապես որոշել և Ռուսաստանի դեմ մեր պատժամիջոցները սինքրոնացնել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ, Մոսկվան ԱՊՀ երկրներին արդյունավետորեն պարտադրում է իր արգելքներն ու զավեշտալի վիրավորանքները։

Արևելաեվրոպական կենտրոնի հրավերով երեկ երեկոյան ժամանեցի Երևան ելույթ ունենալու հակակոռուպցիոն մարմինների հարցով մեծ համաժողովի։

Անձնագրային հսկիչ կետում ներկայացրի սովորական անձնագիր, քանի որ ուղևորությունը ծառայողական չէր, իսկ դիվանագիտական անձնագիրս չեմ չարաշահում։ Երկարատև ստուգումներից հետո սպաները հայտարարեցին, որ տվյալների բազայում առկա է «մուտքի արգելք» նշումը։ Պատճառը բացատրելու խնդրանքիս ի պատասխան ասացին, որ հայտնի չէ, և չեն կարող ասել։

«Պարզապես անցանկալի անձ»

Սկսեցին պարզել, թե արդյոք ունեցել եմ նման «անախորժություններ» այլ երկրներում։ Չէ, ասում եմ, չեն եղել։ Օտարերկրյա անձնագրում առկա են ամերիկյան, բրիտանական, կանադական և նորվեգական վիզաներ, սահմանի հատման միլիոն կնիքներ։

Որոշ ժամանակ անց մոտեցան միգրացիոն ծառայության ևս երկու աշխատակից և քաղաքավարի բացատրեցին, որ արգելքը ոչ թե Հայաստանից է, այլ «երրորդ երկրի պահանջով»։

«Ես ուրիշ նման երկիր չգիտեմ»,- մտածեցի, և ինչպես պարզվեց ավելի ուշ՝ ճիշտ էի․ մեր քաղաքացիները Հայաստանում առերեսվել են նմանատիպ խնդիրների։ Արգելքները սահմանվում են Ռուսաստանի Դաշնության պահանջով՝ Հայաստանի սահմանային ծառայության բազայի՝ ՌԴ պատժամիջոցների ցուցակի հետ սինքրոնացման շրջանակում։

Բոլոր հանգամանքները պարզելուց և թերևս դեսպանի ու մեր ծառայությունների միջամտությունից հետո ինձ ի վերջո թույլատրեցին մուտք գործել՝ «մեկանգամյա» նշումով։ Իսկ մեր հյուպատոսական ծառայությունը հորդորեց տեղաշարժերի մասին տեղյակ պահել դեսպանությանը և այցի ավարտին օդանավակայան ներկայանալ դեսպանի կամ հյուպատոսի ուղեկցությամբ։

* * * * * * * * * * * *

Մի տեսակ ցավ զգացի Հայաստանի համար։ Մի տարի առաջ, երբ Երևանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը, շատերը ենթադրում էին, որ նոր իշխանությունը կհասնի Մոսկվայից Երևանի կախվածության թուլացման։ Սակայն Հայաստանը շարունակում է չափազանց կախված մնալ Ռուսաստանից»,- գրել է Նայեմը՝ նշելով Հայաստանի «ռուսամետ» դիրքորոշումը Ղրիմի և այլ հարցերում։

Կարդացեք նաև՝

Ուկրաինա․ ընտրություններ, հեղափոխություն, զուգահեռներ Հայաստանի հետ

Պարզաբանումներ ստանալու նպատակով ՍիվիլՆեթը գրավոր հարցում է ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն, ինչպես նաև դիմել է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին։ Վերջինս հայտնեց, որ արտաքին գերատեսչությունը մեկնաբանություն կարող է անել ԱԱԾ-ի պարզաբանումն ստանալուց հետո միայն։

Ստելլա Մեհրաբեկյան