2 մայիս, 2019 13:24

Վրաստանի նախագահը երկրում ԱՄՆ ռազմաբազայի կառուցումը լավ գաղափար չի համարում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական այցը ԱՄՆ, որը ծրագրված էր աշնանը, չի կայանա․ այս մասին հայտնել է վրաստանյան «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ հեռուստաալիքի՝ այցը նախապատրաստվում էր մարտից, դրա ուղղությամբ աշխատել է երկրի ԱԳՆ-ն, սակայն անհայտ պատճառներով այն չի կայանա։ Փաստը, որ այցն իսկապես նախապատրաստվում էր, հաստատել է նաև նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Լաշա Ժվանիան, որը մայիսի 1-ին հեռացել է զբաղեցրած պաշտոնից։

«Մարտին մենք բանակցություններ էինք վարում այն բանի շուրջ, որ աշնանը՝ սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբին ծրագրենք այցը»,- «Գրուզիա օնլայն» կայքի փոխանցմամբ՝ ասել է Ժվանիան լրագրողներին։ Ամերիկյան այցի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ Թբիլիսին չի արել։

Մայիսի 1-ին «Ամերիկայի ձայն»-ի վրացական ծառայությանը տված հարցազրույցում Զուրաբիշվիլին ասել է, որ Վրաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումը նպատակահարմար չէ և կարող է ընկալվել որպես «սադրանք»:

«Չեմ կարծում՝ նպատակահարմար է։ Պետք է ձեռնպահ մնանք քայլերից, որոնք կարող են դիտարկվել որպես սադրանք, և չեմ կարծում, որ ԱՄՆ-ը պատրաստ է այստեղ ունենալու ռազմաբազա, որը ամենայն հավանականությամբ հակազդեցության կարժանանա Ռռուսաստանից և այս․․․ ահաբեկչական շարժումներից, որոնք շատ ակտիվ են տարածաշրջանում»,- ասել է Զուրաբիշվիլին։