3 մայիս, 2019 12:20

Մնացականյան-Մամեդյարով հաջորդ հանդիպման վայրը հստակեցված չէ, ըստ Պետքարտուղարության

ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, լուրջ է վերաբերվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր պատասխանատվությանը և հանձնառու է օգնելու կողմերին գտնել խնդրի խաղաղ լուծում․ այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, մայիսի 2-ին Բաքվում լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջորջ Քենթը։

«Մենք ուրախ ենք, որ կողմերի միջև ղեկավարների ու ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումներ են կայացել։ Կողմերը հասել են շփման գծում լարվածության նվազման շուրջ պայմանավորվածության։ Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի վերջին հանդիպմանը կայացվել են բավարար համաձայնություններ»,- ասել է պաշտոնյան։

Խոսելով Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման՝ ԱՄՆ-ում անցկացման հնարավորության մասին՝ Քենթն ասել է․ «Չեմ կարող ասել, որ հստակեցրել ենք հանդիպման վայրի հարցը։ Բայց համոզված եղեք, որ ԱՄՆ-ը լուրջ է վերաբերվում իր հանձնառություններին։ Մենք ուզում ենք աջակցել գործընթացին, որը կհանգեցնի հակամարտության խաղաղ կարգավորման»,- նշել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

***

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպման՝ Վաշինգտոնում անցկացման մասին առաջին անգամ ապրիլի կեսին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ Մոսկվայում Մնացականյան-Մամեդյարով-Լավրով եռակողմ հանդիպումից հետո։ Նրա խոսքով՝ նման առաջարկով հանդես է եկել հենց Վաշինգտոնը։

«Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումն անցել է իմ ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ։ Ռուսաստանի հետ համատեղ ջանքերի երկակի-եռակի ավելացման դեպքում կարելի է հակամարտության կարգավորման առաջընթացի հույս ունենալ․․․Երեկ ԱՄՆ-ից ստացվել է հրավեր այցելելու Վաշինգտոն, որտեղ պետքարտուղարը կարգավորման գործընթացում բեկման հասնելու համար սեփական ջանքերը կգործադրի»,- ասել է Մամեդյարովը։

«Առաջին լրատվականին» տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում հնարավոր հանդիպման մասին ասել է հետևյալը․ «Շատ էական հարց է այն առումով, որ կա երեք համանախագահ: Մենք հանդիպում ունեցանք Փարիզում, Մոսկվայում, բնականաբար, երրորդ համանախագահը կա: Արդյո՞ք կարող է հանդիպում տեղի ունենալ Վաշինգտոնում՝ իհարկե: Արդյոք մենք պատրաստ ենք դրան՝ իհարկե: Հաջորդ փուլը պետք է լինի, չէ՞: Երբ ԱՄՆ մեր գործընկերները կհստակեցնեն իրենց հրավերը, այդ ժամանակ էլ վստահ եմ, որ կարող ենք խոսել, բայց չեմ ուզում ԱՄՆ մեր գործընկերների անունից ասել, որ այդ ամենը եղել է: ԱՄՆ-ում մեր գործընկերները պետք է նախապատրաստեն, հստակեցնեն: Գիտեք ես չեմ կարող ասել, որ այսօր երեկոյան գալիս եմ Ձեզ մոտ հյուր առանց, առաջին հերթին, Ձեր կողմից՝ դրա մասին հայտարարելու»։

Ստելլա Մեհրաբեկյան