6 մայիս, 2019 09:37

Ռուսաստանում ինքնաթիռում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 41 մարդ․ թարմացվող

Մայիսի 5-ի երեկոյան վթարվել է Մոսկվայից Մուրմանսկ թռչող SSJ-100 մարդատար ինքնաթիռը, որում եղել է 78 մարդ։ Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ վերջին տվյալներով Ռուսաստանի քննչական ծառայությունը հայտնել է 41 մարդու մահվան մասին։ Ինքնաթիռը Շերեմետևո օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել, քանի որ թռիչքից քիչ ժամանակ անց հրդեհ է բռնկվել։ 

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը կարող է կայծակը լինել: Քրեական գործ է հարուցվել օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու հատկանիշներով:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր խորին ցավակցությունն է հայտնել զոհերի հարազատներին։ Ինքը, Պուտինը, ստանում է ցավակցական խոսքեր այլ երկրների ղեկավարների կողմից։ 

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ճշտում է տեղեկությունն այն մասին՝ արդյոք Մոսկվա-Մուրմանսկ չվերթի այրված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր եղել են, թե ոչ, հայտնում է Արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը։ 

***

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ցավակացական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջքի հետևանքով ինքնաթիռում բռնկված հրդեհի առնչությամբ, որը տասնյակ մարդկանց կյանք է խլել:

Նախագահ Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում:

***

Նիկոլ Փաշինյանը ցավակացական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 6-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջքի ժամանակ ինքնաթիռում բռնկված հրդեհի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր վշտով տեղեկացա մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով տեղի ունեցած ողբերգության մասին:

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցության և զորակցության խոսքեր եմ հղում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ համբերություն, ուժ և ոգու ամրություն:

Խնդրում եմ այս ողբերգության հետևանքով բոլոր տուժածներին փոխանցել շուտափույթ ապաքինման մաղթանքներ»:

***

Հետաքննությունը համարում է, որ օդաչուների սխալն է ինքնաթիռի աղետի ամենահավանական վարկածը, հայտնում է ռուսական Կոմերսանտը։ Հնարավոր է նաև, որ այդ ընթացքում ցամաքային ծառայությունները պատշաճ կերպով չեն արձագանքել իրավիճակին։