8 մայիս, 2019 12:40

Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի․ Փաշինյան

Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի։ Եթե կրակոցներ ենք ունենում ամենաօրյա ռեժիմով, նշանակում է՝ մենք պատերազմական, կիսապատերազմական վիճակում ենք․ մայիսի 8-ի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով վերջին շրջանում շփման գծում լարվածության մասին հարցին։

Փաշինյանի խոսքով՝ վերջին երկու ամսվա ընթացքում լարում է նկատվում, բայց ընդհանուր առմամբ, «կայունությունը և հանդարտությունը, որ կար, պահպանվում է», իր և Ադրբեջանի նախագահի միջև հաղորդակցության ուղիներ են հաստատված։

«Ես փորձում եմ հասկանալ՝ ինչ է կատարվում, տեղեկատվություն ենք փոխանակում»,- նշեց նա և հավելեց, որ կան փոխադարձ մեղադրանքներ, և որոշ մտահոգություններ է փոխանցում նաև Ադրբեջանը։

«Կարծում ենք, որ Վիեննայի հայտարարությանը պետք է բոլոր կողմերը հավատարիմ մնան։ Պիտի հասկանանք՝ ինչ է տեղի ունենում և ինչու։ Արդյոք կողմերից մեկը տվե՞լ է հրաման ապակայունացնելու իրավիճակը»,- հայտարարեց Փաշինյանը ու նկատեց՝ չնայած՝ դա ապակայունացում չի, այլ որոշակի դեպքեր։

Ստելլա Մեհրաբեկյան