8 մայիս, 2019 12:14

ՀՀ-ում չի կարող լինել ընկերապետություն․ Փաշինյանը՝ Սանասարյանի գործի մասին

Եթե Դավիթ Սանասարյանի գործի քննության օբյեկտիվության համար այն պետք է ուղարկվի Հատուկ քննչական ծառայություն, ոչ մի խնդիր չեմ տեսնում․ այսօր իր՝ վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ հրավիրված ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՍիվիլՆեթի՝ Սանասարյանի գործի քննության օբյեկտիվության շուրջ առկա կասկածների մասին հարցին։

«ԱԱԾ տնօրենը դեռ սկզբից երկու-երեք անգամ եկել է ինձ մոտ և ասել՝ եկեք փոխանցենք այդ գործը ՀՔԾ, ըստ ամենայնի, նաև այն պատճառով, որ ԱԱԾ-ում նեղվում են այդ կասկածներից։ Ես ասել եմ՝ դեմ եմ այդ որոշոմանը, որովհետև կստացվի՝ մենք կառավարության ներսում ի վիճակի չենք քննել մեր վերաբերյալ գործերը, չունենք բավարար կամք մեզ հետ կապված գործերը քննարկելու համար և տալիս ենք ուրիշին։

Օբյեկտիվության համար եթե պետք է գնա ՀՔԾ, ոչ մի խնդիր չեմ տեսնում։

Ինձ համար շատ ցավալի արձանագրոմներ եմ անում։ Հեղափոխությունն ինչի՞ համար է եղել, որ մենք մեր ընկերների ու ոչ ընկերների հանդեպ տարբեր վերաբերմո՞ւնք ունենանք։

Ասում են՝ Դավիթ Սանասարյանը իմ ընկերն է, Դավիթ Սանասարյանը իմ ընկերն էլ է  ու ի՞նչ։ Եթե նույնիսկ իմ ընտանիքի անդամը լինի, ոչ մի նշանակություն չունի։ ՀՀ-ում չի կարող լինել ընկերապետություն»,- ասաց Փաշինյանը ու հավելեց, որ իր աղբյուրը միայն ԱԱԾ-ն չէ, այլ նաև Դավիթ Սանասարյանը։

Նա բացառեց ոչ օբյեկտիվ քննություն։

ՍիվիլՆեթի հարցին, թե արդյոք հնարավոր է ստուգել ԱԱԾ-ն և որ մարմինը դա կարող է անել, վարչապետը պատասխանեց․ «ԱԱԾ-ն երբ պետք լինի, կստուգենք։ Որ մարմինը՝ ՊՎԾ-ն»։

Նա պատմեց, որ ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ծառայողական քննություն է ընթանում․ նախորդ իշխանությունը հեղափոխությունից ամիսներ առաջ ԱԱԾ նյութեր էր ոչնչացրել։

Ճշտող հարցին՝ ի՞նչ կարևորության նյութեր, պատասխանեց․ «Որ ոչնչացրել են, ո՞նց իմանանք»։

Վարչապետը վերջում շեշտեց՝ ԱԱԾ-ն բոորն էլ կարող են վերահսկել։

 

Ստելլա Մեհրաբեկյան