10 մայիս, 2019 16:32

Վերելակների՝ տասնամյակներով ձգված հարցի լուծմանը քիչ է մնացել. Երևանի քաղաքապետարանի խոսնակ

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ նշելով,  որ քաղաքապետարանը արդեն ավարտին է հասցնում վերելակների ամբողջական թարմացման ծրագիրը, այն հանրության դատին կներկայացվի մոտ օրերս: Գրառումը` ստորև․

«ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ.

Նախ, ուզում եմ գլխանց շեշտել, որ քաղաքային իշխանությունը հանձնառու է թարմացնել վերելակների ֆոնդը, և վերելակները թարմացվելու են:

{Մի քանի լրատվամիջոց քաղաքապետ Մարությանի այսօրվա ճեպազրույցից առանձնացրել է այն հատվածը, որտեղ ասվում է, որ վերելակների թարմացման համար վճարելու են բնակիչները՝ փորձելով դա ներկայացնել որպես «անակնկալ»}:

Կարծում եմ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երկրի հանրային ոլորտում ցանկացած աշխատանք՝ սկսած միջպետական ճանապարհներ կառուցելուց, բանակի համար սպառազինություններ ձեռք բերելուց, մինչև մայթերի եզրաքարերի վերանորոգելն ու ցանկապատերը ներկելը, արվում են ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ՝ նրանց վճարած հարկերի և տուրքերի միջոցով: Նույն կերպ, վերելակների թարմացումը տեղի է ունենալու բնակիչների անմիջական մասնակցությամբ: Քաղաքը մշակելու է այն մեխանիզմը և գտնելու է այն միջոցները, (վարկային, դրամաշնորհային և/կամ այլ), որոնց շնորհիվ վերելակների թարմացման գործընթացը քաղաքացիների համար առավելագույնս մատչելի և ընդունելի կլինի: Սա՛ է հանրային կառավարումը և այստեղ նոր բան պետք չէ փնտրել:

Ի դեպ, հիմա էլ են քաղաքացիները վճարում վերելակների սպասարկման համար, բայց վճարում են հին ու ոչ միշտ անվտանգ վերելակների համար, իսկ քաղաքապետարանի ներկայացրած մեխանիզմով վճարելու են միանգամայն նոր ու անվտանգ վերելակների համար:

Հիմա՝ կատարված և կատարվելիք աշխատանքի մասին. քաղաքապետարանը արդեն ավարտին է հասցնում վերելակների ամբողջական թարմացման ծրագիրը, այն հանրության դատին կներկայացվի մոտ օրերս: Վերելակների՝ տասնամյակներով ձգված հարցի լուծմանը քիչ է մնացել»։

Այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ ճեպազրույցում ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել է նաև վերելակների խնդիրին։