11 մայիս, 2019 15:28

Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լյուքսեմբուրգ, Բելգիա և Չինաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12-ին կմեկնի Լյուքսեմբուրգ, մայիսի 13-ին՝ Բելգիա, իսկ մայիսի 14-16-ին կլինի Չինաստանում։ Այս մասին նշված է e-gov.am-ում վարչապետի որոշման մեջ։ 

Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ առաջիկայում պատրաստվում է այց կատարել Չինաստան, որտեղ նախատեսվում է հանդիպում այդ երկրի ղեկավարության հետ:

***

Չինաստանի հետ Հայաստանի արտաքին առևտուրն արագ տեմպերով աճում է․ 2018-ին կազմել է 771 մլն դոլար կամ Հայաստանի արտաքին առևտրի 10,5 տոկոսը։ Նույն տարում նախորդ՝ 2017-ի համեմատ արտաքին առևտուրն աճել է 16,4 տոկոսով, իսկ Չինաստանի հետ առևտուրը՝ 29,3 տոկոսով։

Չինաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն իր տեսակարար կշռով երկրներից զիջում է միայն Ռուսաստանին, որի հետ Հայաստանի արտաքին առևտուրը 2018-ին եղել է մեկ քառորդից մի քիչ ավելի (26,1 տոկոս)։ 

2019-ի հունվար-մարտին Չինաստանի հետ առտրաշրջանառությունը կազմել է Հայաստանի արտաքին առևտրի 12,5 տոկոսը, Բելգիայինը՝ 1,3 տոկոսը, Լյուքսեմբուրգի հետ առևտրի ծավալները փոքր են։