13 մայիս, 2019 12:33

Ավտոմաքսատան մաքրությունը և Իշխան Զաքարյանի ընտանիքի հետ փոխկապակցված ընկերությունը   

Ապրիլի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Նորագավիթի ավտոմաքսատուն։ Վարչապետը շրջեց մաքսատան տարածքով և ծանոթացավ պայմաններին։ Տարածքի կեղտոտ վիճակը Նիկոլ Փաշինյանին զայրացրեց։ Նա պատերի սարդոստայնը ձեռքով մաքրում էր և տեսախցիկների առջև ցույց տալիս Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին ու ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին։ Կառավարության տեսախցիկն էլ ակտիվ արձանագրում էր ծխախոտի մնացորդներն ու կեղտոտ պատերը։

«Սա խայտառակ կեղտոտ տարածք է, սա վերաբերմունք է մարդկանց նկատմամբ, սա անթույլատրելի վիճակ է»,- ասում էր վարչապետը։

Փաշինյանն այնքան զայրացած էր, որ հրահանգեց աշխատանքից հեռացնել մաքսատան երեք աշխատակիցներին։

ՊԵԿ նախագահը և նրա տեղակալը վարչապետին չհուշեցին, որ տարածքի մաքրման համար կան պատասխանատու կազմակերպություններ։

ՊԵԿ-ի Նորագավիթի, իսկ պաշտոնապես՝ Արարատյան մաքսատուն-վարչության մաքրության աշխատանքները իրականացնում են «Քլիներս» և «Փայլք» ՍՊԸ-ները։

«Քլիներսը» իրականացնում է Արշակունյաց 127/21 հասցեում գտնվող անգարի և գրասենյակային հատվածի մաքրման աշխատանքները, իսկ «Փայլքը»՝ բակային և օժանդակ տարածքների մաքրման աշխատանքները։

«Քլիներսը» փոխկապակցված է Իշխան Զաքարյանի ընտանիքի հետ

«Քլիներս» ընկերությունը մարտին հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Այս ընկերությունը շահել էր Ազգային ժողովում մաքրություն կատարելու մրցույթը և որոշ խնդիրներ էին առաջացել խորհրդարանում աշխատող մաքրուհիների հետ։

Ընկերության 70 տոկոս բաժնեմասի տերը Խաչատուր Սաֆարյանն է, իսկ 30 տոկոսինը՝ Գարուշ Պապիկյանը, որը նաև ընկերության տնօրենն է։

Խաչատուր Սաֆարյանի հետ համատեղ բնակվում է նաև ԱԺ նախկին պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի դուստրը՝ Հասմիկ Զաքարյանը։

2018-ի հունվարի 25-ին ՊԵԿ-ն այս ընկերության հետ կնքել էր 258 մլն դրամի պայամանագիր, որով «Քլիներսը» պարտավորվել էր ապահովել ՊԵԿ-ի 46 շենքերի և տարածքների, այդ թվում Նորագավիթի ավտոմաքսատան մաքրությունը։ 2018-ի ապրիլ-մայիս ամիսների իշխանափոխությունից հետո՝ հուլիսին, ընկերության հետ կնքված պայմանագիրը լուծարվում է՝ անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման հիմքով։ Այնուհետև ՊԵԿ-ը հայտարարում է նոր մրցույթ և ներգրավում «Փայլքին»՝ ավելի ցածր գումարով, իսկ 2019-ին նորից «Քլիներսն» է մրցույթը հաղթում, սակայն մի քանի անգամ նվազեցված գումարով։

«Փայլք» ՍՊԸ-ն ունի մեկ բաժնետեր՝ Հրայր Խանաղյանը։ Նա Լոռու մարզի Տաշիր քաղաքից է, «Փայլքի» 100 տոկոս բաժնեմասի սեփականատերն է դարձել 2018-ի հունիսին։ Մինչ այդ ընկերության սեփականատերը Տաշիր քաղաքի մեկ այլ բնակիչ Խաչատուր Պետրոսյանն էր։ Այս ընկերությունը 2017-ին Տաշիրի համայնքապետարանի հետ պայմանագրով աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ էր մատուցում։

Ի՞նչ մաքրություն պետք է իրականացնեն երկու ընկերությունները

Ըստ ՊԵԿ-ի հետ կնքած պայմանագրի՝ «Քլիներս» ընկերությունը պարտավոր է՝ իրականացնել ավտոմաքսատան գրասենյակային կահույքի, պարագաների, տեխնիկայի արտաքին մաքրում, ընդ որում՝ այս մաքրման ծառայությունները պետք է ամեն օր կատարվեն։ Ընկերությունն իր ծառայությունների մատուցման համար մեկ տարում պետական բյուջեից ստանալու է 33 մլն դրամ։

«Փայլք» ՍՊԸ-ի հետ պետությունը կնքել է 134 մլն դրամի պայմանագիր։ Այս գումարով նախատեսվում է մաքրություն իրականացնել հինգ մաքսատներում՝ Մեղրիի, Գոգավանի, Բագրատաշենի Բավրայի և Նորագավիթի։ ՊԵԿ-ի Արարատյան մաքսատան համար նախատեսված է շուրջ 12 մլն դրամ։

Երկու ընկերությունների պայմանագրում էլ ամրագրված է, որ պարտականությունները չկատարելու յուրաքանչյուր դեպքում նախատեսված է տուգանք պայմանագրի արժեքի 0,5 տոկոսի չափով։

Այս երկու ընկերությունները 2017-ից առ այսօր ակտիվ մասնակցում են ՊԵԿ-ի գնումների մրցույթներին և հաղթում։

«Փայլքը» հաղթել է մաքրման ծառայությունների հինգ մրցույթ, իսկ «Քլիներսը»՝ վեց։

Պետական եկամուտների կոմիտեից ՍիվիլՆեթի գրավոր հարցմանը պատասխանեցին, որ ՀՀ վարչապետի ապրիլի 9-ին կատարած այցից հետո վերոնշյալ կազմակերպությունների հետ պայմանագրերը չեն վերանայվել։

Գևորգ Թոսունյան