13 մայիս, 2019 14:15

Ռոբերտ Քոչարյանը ներկա է իր գործով դատական նիստին

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական առաջին նիստը։

Նիստին ներկա է նաև ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը։ Ներկաները՝ Քոչարյանի՝ դատարանի դահլիճ մուտք գործելիս վանկարկեցին «Ազատությո՛ւն, ազատություն»։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը նիստի մեկնարկից հետո 10 րոպե ընդմիջում հայտարարեց, քանի որ գործով դատախազը դեռ չէր ժամանել դատարան։ Այս նիստին քննվելու է Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը։

16։55

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկի՝ չորս էջից բաղկացած միջնորդություն ներկայացրեց։ Այդ միջնորդությանը միացան նաև Քոչարյանի մյուս պաշտպաններն ու ինքը՝ Քոչարյանը։

Պաշտպանները նշում են, որ դատավոր Գրիգորյանին միայն մայիսի 6-ին է մակագրվել այս գործը, և նա այս կարճ ժամանակահատվածում չէր կարող ծանոթանալ ողջ քրեական գործին։

Գրիգորյանը նշեց, որ ծանոթ է խափանման միջոցի հետ կապված գործով նյութի բոլոր մանրամասներին։

Պաշտպանական կողմը նաև հարց էր բարձրացրել այն մասին, թե գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատարան մուտք է գործել դատավորի ծառայողական մուտքից։ Դատավոր Գրիգորյանը պատասխանեց, որ մինչ նիստը որևէ շփում իր և դատախազի միջև չի եղել, և դատավորը չի կարող իմանալ, թե ով, ինչպես է մուտք գործում դատարանի շենք, դատարանի դահլիճ։

Բարձրագույն դատական խորհուրդը Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցել՝ Քոչարյանի՝ խափանման միջոցի գործով նախկինում ինքնաբացարկ հայտնելու համար։ Այսօր նաև հրապարակվեց խորհրդի որոշումը, որով դատավոր Գրիգորյանին, որպես կարգապահական տույժ, նախազգուշացում է հայտարարվել։

Դատարանը անցավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդությունը քննելու համար։ Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 14-ին՝ 12։30-ին, որի ժամանակ էլ կհրապարակի որոշումը։

15։15

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությամբ դատարանը 40 րոպե ընդմիջում հայտարարեց՝  դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու գրավոր միջնորդություն ներկայացնելու համար։

Դավիթ Գրիգորյանը նախկինում ինքաբացարկ էր հայտնել Քոչարյանի խափանման միջոցի քննության գործով՝ նշելով, որ ինքը հերթապահ չի եղել, սակայն գործն իրեն է մակագրվել։ Այս հարցով Բարձրագույն դատական խորհրդում ներկայում  կարգապահական վարույթ կա հարուցված։ Դավիթ Գրիգորյանը նշեց, որ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը դեռ չի լուծել։

14:45

Դատարանը հինգ րոպե ընդմիջում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությամբ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու հարցը քննարկելու համար։

14։31

Փաստաբանները դիմեցին դատավորին՝ միջնորդությամբ, որ դատական նիստը տեղափոխվի այլ՝ ավելի մեծ դահլիճ։ 

Դատական նիստին ներկա է նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Լրագրողներից շատերը ի վիճակի չեն ներս մտնել ներսում տեղ չլինելու պատճառով։

Մինչ դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը, դատարանի բակում մի շարք քաղաքացիներ բողոքի ցույց են անում ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի։ Նրանք պահանջում են արդար դատաքննություն։

Դատարանի բակում է նաև ակտիվիստ Վարդգես Գասպարին, որը ցուցապաստառ էր պարզել և վանկարկում էր «Քոչարյան, մարտի 1-ի մարդասպան»։ 

Քոչարյանի աջակիցները Գասպարիից խլեցին պաստառը։

Անի Գրիգորյան