14 մայիս, 2019 14:48

Հայաստանցիներն աշխարհում ամենազայրացածն են․ «Գելլափի» հետազոտության շուրջ

Համաձայն վերջերս կատարված հարցման արդյունքների՝ Հայաստանը աշխարհում առաջին տեղում է զայրացկոտ քաղաքացիների թվով և այս ցուցանիշով կովկասյան իր հարևաններին զգալիորեն անցնում է։ Թեմային անդրադարձել է Eurasianet.org կայքը։ Գեորգի Լոմսադզեի հոդվածը  թարգմանաբար ներկայացված է ստորև։

Աշխարհում զայրույթի քանակը աճում է, իսկ ամենազայրացկոտ տեղը, պարզվում է, Հայաստանն է՝ համաձայն միջազգային հարցման արդյունքների։ «Գելլափ» հասարակական կարծիքի ուսումնասիրության միջազգային ինստիտուտի «Ընդհանուր զգացմունքներ - 2019» հետազոտության արդյունքների համաձայն (սրա շրջանակներում ուսումնասիրվում են զայրույթի, ուրախության ու տխրության աստիճանները ամբողջ աշխարհում)՝ Հայաստանի կովկասյան հարևաններ Վրաստանը և Ադրբեջանը ավելի դրական արդյունք են ցույց տվել։

Հայաստանում հարցվածների 45%-ը ասել է, որ վերջին անգամ զայրույթ զգացել է նախորդ օրվա ընթացքում, ինչը աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է։ Հարևան Վրաստանում ցուցանիշը կազմում է 27%։ Նյութապես ապահով Ադրբեջանը, պարզվում է, ամենահանգիստն է Կովկասում․ այնտեղ հարցվածների միայն 18%-ն է վերջին շրջանում զայրացել։

Հարևան Իրաքն ու Իրանը Հայաստանի նման բարձր ցուցանիշ են ցույց տվել՝ զայրույթի գլոբալ վարկանիշում զբաղեցնելով համապատասխանաբար 2-րդ (44%) և 3-րդ (43%) տեղերը։

Հարցման արդյունքների հաշվետվությունում Հայաստանում զայրույթի այսքան բարձր աստիճանի ինչ-որ հիմնավոր բացատրություն  չի նշվում, ինչը կողքից կարող է զարմանալի թվալ։ Վերջին անգամ, երբ Հայաստանը հայտնվել էր միջազգային ԶԼՄ-ների գլխագրերում ու էկրաններին, մարդիկ այնտեղ ուրախանում էին, պարում ու խորոված անում՝ նշելով երկար ժամանակ երկրի գլխին կանգնած ատելի առաջնորդ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ինքը՝ Սարգսյանն էլ իրեն փոխարինող նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի նման  դեմ չէր երբեմն պարելուն։

Հեղափոխությունից հետո Հայաստանը դարձավ Կովկասի ամենադինամիկ պետությունը։ Նրա համեմատ՝ Վրաստանն ընկավ սովորականության մեջ, իսկ Ադրբեջանն արդեն երկար տարիներ է, ինչ տնտեսական և քաղաքական լճացման մեջ է։

Հայազգի երաժշտի վարակիչ դարձած ելույթներից մեկում, որը կովկասյան բնավորության յուրահատուկ ազգային հատկանիշների սինկոպացված պատկեր է, Հայաստանը ներկայացվում է որպես ավելի զգացմունքային երկիր, քան Վրաստանն ու Ադրբեջանը։

Միևնույն ժամանակ, համաձայն «Գելլափի» հետազոտության, Հայաստանում սթրեսի ցուցանիշը բավականին ցածր է, չնայած հետխորհրդային տարածքում ամենացածրը չէ։ Ամենաբարձրը Թուրքմենստանում է, որը նաև կրում է շրջանի ամենաանազատ երկրի «թագը», այնպես, որ նրա բնակիչներին ընտրության այլ հնարավորություն չի էլ մնում։

Աշխարհում սթրեսի ամենաբարձր ցուցանիշը նկատվում է Հունաստանում, և ոմանք հայերի զայրույթի և հույների սթրեսի համար կատակով մեղադրում են նրանց միջև տեղակայված Թուրքիային, որը այս երկու պետութունների հետ էլ տարաձայնություններ ունի։ Ի դեպ, «Գելլափի» հետազոտողների պնդմամբ՝ Թուրքիայի բնակչությունն էլ սթրեսից զերծ չի մնում։

Հայաստանի՝ երկու թշնամի երկրների միջև գտնվելու իրավիճակում (Թուրքիա և Ադրբեջան) հաճելի բաները շատ չեն, սակայն բացի սրանից հավասարակշռությունից հանում է նաև բավականաչափ չհանգստանալը։ Ըստ «Գելլափի»՝ Հայաստանը աշխարհի ամենահոգնած երկրների եռյակում է։ Հայաստանը նաև ամենատագնապողն ու անհանգիստն է հետխորհրդային տարածքում։ Իսկ շրջանի ամենաանհոգները Կենտրոնական Ասիայի բնակիչներն են։

Ի դեպ, աշխարհի ամենահանգիստ երկիր Էստոնիան էլ խորհրդային նախկին հանրապետություն է։ Սա ռուսներին առիթ է տալիս վերանայելու էստոնացիների մասին այն կատակները, որոնցում նրանք ներկայանում են որպես ֆլեգմատիկ և դանդաղաշարժ (օրինակ՝ «միայն էստոնացիները կարող են ժամերով շրջել կենդանաբանական այգում՝ հետևելով, թե ինչպես են վանդակներում թռչկոտում համրուկները»), սակայն Էստոնիան այս դեպքում ծիծաղում է վերջինը, քանի որ այն նաև նախկին ԽՍՀՄ-ի ամենահարուստ (բնակչության մեկ շնչի հաշվով) և ժողովրդավար պետությունն է՝ երկու ցուցանիշներով էլ զգալիորեն շրջանցելով Ռուսաստանին։

Ոմանք հարցման արդյունքները կասկածի տակ են դնում՝ պնդելով, որ որոշ ազգերի ներկայացուցիչներ ավելի բաց են խոսում իրենց զգացմունքների մասին, իսկ «զայրույթ» բառը կարող է տարբեր լեզուներում տարբեր նշանակություն ունենալ։ Օրինակ՝ «ինչպե՞ս եք» հարցը անգլերենում սովորական բան է, բարևելու ավանդական ձև, որին մարդիկ մեխանիկորեն պատասխանում են՝ «հիանալի» կամ «լավ», իսկ Կովկասում դա անկեղծ հարց է, որին մարդիկ կարող են ճիշտ պատասխան տալ՝ խոսելով իրենց, իրենց աշխատանքի և մարսողության խնդիրների մասին։

Հայազգի տնտեսագետ Հրանտ Միքայելյանն իր վերլուծական հոդվածում փորձել է պատասխաններ գտնել նախկինում կատարված հետազոտությունների արդյունքներում։ Մասնավորապես, 2017 թվականին «Գելլափի» հարցման շրջանակում հաստատվել էր, որ արտագաղթել ցանկացող քաղաքացիների թվով Հայաստանը աշխարհի երկրների տասնյակում էր, մինչդեռ Հայաստանի հարևան երկրները շատ ավելի քիչ շարժունություն էին ցույց տվել։ 2013 թվականին արված հարցման արդյունքների համաձայն՝ հայերը նախկին հետխորհրդային երկրների քաղաքացիների համեմատ ամենաշատն են կարոտում ԽՍՀՄ-ը․ երկրի բնակչության 66%-ը ասել է, որ ԽՍՀՄ փլուզումը ավելի շատ վնաս է բերել, քան օգուտ։ Ադրբեջանում և Վրաստանում հարցվողները ավելի շատ հակված են եղել փլուզման օգուտ բերելուն, սակայն միայն չնչին մեծամասնությամբ։

Միքայելյանի կարծիքով՝ հայերի դժգոհությունը նաև կապված է երկրի ոչ բարեկեցիկ տնտեսական վիճակով և աղքատության սուբյեկտիվ զգացումով (այսինքն՝ կյանքի ցանկալի մակարդակի և իրականության հակադրությամբ)։

Փաստերի ինչ քանակով էլ այս ամենը բացատրվի՝ լինի սուբյեկտիվ դժգոհություն, կյանք, քաղաքական անկայունություն, թե տնտեսական խնդիրներ, Հայաստանի հեղափոխական նոր կառավարությանը մեծ աշխատանք է սպասվում, եթե նա չի ուզում, որ այդ զայրույթը մի օր դուրս գա սահմաններից։

Թարգմանությունը՝ Լուսինե Վարդանյանի