14 մայիս, 2019 16:03

Մեղադրող կողմը ներկայացրեց՝ ինչու է դեմ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուն

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 14-ին ընթացող դատական նիստում քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու հարցը։

Մեղադրող կողմը ներկայացրեց իր փաստարկները, թե ինչու խափանման միջոց ընտրված կալանավորումը պետք է պահպանվի։

Ըստ դատախազների՝ հավանականություն կա, որ Քոչարյանը կարող է լքել երկիրը, թաքնվել և խուսափել դատաքննությունից։

Դատախազներից մեկը նշեց, որ երբ Ռոբերտ Քոչարյանի կալանքը նախորդ անգամ փոխվել է, և նա հայտնվել է ազատության մեջ, Քոչարյանը դիմել է վարույթ իրականացնող մարմնին՝ երկիրը լքելու թույլտվություն ստանալու խնդրանքով, ինչը մերժվել է։ Սա, ըստ դատախազի, ևս հուշում է, որ Քոչարյանը կարող է լքել երկիրը և թաքնվել։

Բացի այդ, ըստ մեղադրող կողմի՝ պաշտպանական կողմին արդեն հասու են գործի բոլոր նյութերը և կան ռիսկեր, որ Քոչարյանը կփորձի ազդել գործով անցնող անձանց և կողմերի վրա։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը իր խոսքում պնդեց, որ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվել է մի արարք, որը 2008-ի դրությամբ հանցագործություն չի հանդիսացել և հետևաբար՝ նրա նկատմամբ չի կարող կիրառվել խափանման միջով։

«Եթե չկա հանցակազմ, չի կարող կիրառվել որևէ խափանման միջոց, սակայն նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց կալանավորումը։ 300․1 հոդվածը

չի եղել Քրեական օրենսգրքում 2008-ին և որևէ աղերս չունի 2008թ․ խմբագրության գործով 300 հոդվածի հետ, այն է՝ իշխանություն յուրացնելը»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ Քոչարյանը պետք է ազատ արձակվի։

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները շարունակում են ներկայացնել միջնորդությունները՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց, որպեսզի կալանավորման և խափանման միջոցի քննության գործի շրջանակում հարցաքննվեն 2008-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանը, Վլադիմիր Հովհաննիսյանը։

Ալումյանը նշեց, որ Քոչարյանին ներկայացվող մեղադրանքի մեջ նշվում է, որ 2008-ին ճնշումներ են եղել Սահմանադրական դատարանի դատավորների վրա։

«Միայն այս տարբերակով մենք կարող ենք վիճարկել այդ պնդումը»,- ասաց Ալումյանը։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը մերժեց այդ միջնորդությունը՝ նշելով, որ գործի այս փուլում նպատակահարմար չի գտնում այն բավարարել։

Անի Գրիգորյան