14 մայիս, 2019 16:52

Նիկոլ Փաշինյանի առաջին օրը Չինաստանում

Չինաստանը վերջին տարիներին երկրորդ անփոփոխ տեղն է զբաղեցնում Հայաստանի առևտրատնտեսական
գործընկերների շարքում՝ զիջելով միայն Ռուսաստանին: 2018 թվականին երկկողմ ապրանքաշրջանառությունը հասել է գրեթե 800 միլիոն դոլարի: Հայկական մեծածախ և մանրածախ շուկայում չինական ապրանքատեսականին բազմաթիվ է:

Հայաստանը չինական շուկա հիմնականում հանքանյութ է արտահանում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Չինաստան կարող է նոր խթան հաղորդել հայ-չինական տնտեսական, քաղաքական և մշակութային հարաբերություններին:

Այցի առաջին օրը՝ մայիսի 14-ին, Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ: Վերջինիս
խոսքերով՝ հայկական որոշակի արտադրատեսակներ վերջին շրջանում հաջողությամբ մասնակցել են Չինաստանում
անցկացված ցուցահանդեսներին և ներկայացված են չինական շուկայում: Սի Ծինփինը վստահություն է հայտնել, որ
երկկողմ համագործակցությունն առաջիկայում կզարգանա առևտրաշրջանառության, արդյունաբերության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար ոլորտներում: Չինաստանի նախագահը ասել է, որ իր երկիրը հետագայում ևս աջակցություն է ցուցաբերելու այնպիսի նախագծերին, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու հայ ժողովրդի բարեկեցության բարձրացմանը:

Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, ասել է Ծինփինը:

«Չինաստանի հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում է: Մեր երկու ժողովուրդները ներկայացնում են հին քաղաքակրթություններ, հայկական ձեռագրերում դեռ հինգերորդ դարում նկարագրվում է երկու ժողովուրդների կապերի մասին: Այդ կապերն ունեցել են առևտրային, հումանիտար և քաղաքական բնույթ: Մեզ համար շատ կարևոր են կառուցողական և արդյունավետ հարաբերությունները Չինաստանի հետ»,- նախագահ Ծինփինի հետ հանդիպմանն ասել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետն ասել է, որ տպավորված է Չինաստանի զարգացման օրինակով և ընդգծել, որ Հայաստանը
շահագրգռված է «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Չինաստանի հետ համատեղ նախագծերի իրականացմամբ, որոնք կներառեն ավտոտրանսպորտային, երկաթուղային, տեղեկատվական ենթակառուցվածքների ոլորտները:

Փաշինյանը Ծինփինին է ներկայացրել Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները և ընդգծել, որ այսօր Հայաստանը դինամիկ զարգացող պետություն է` քաղաքական կայունությամբ և կանխատեսելիությամբ: Վարչապետի խորհրդական Հրաչյա Թաշչյանը հայ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի և Չինաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում նախանշվել են ռազմավարական ուղղությունները՝ ենթակառուցվածքային ծրագրեր, էներգետիկա, հանքարդյունաբերություն։ Խոսվել է չինական շուկայում հայկական ապրանքների առաջմղման հարցի մասին։

«Չինական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ հարցում։ Խոսքը հայկական կոնյակի, գինու,
գյուղատնտեսական ապրանքների մասին է։ Քննարկվել է Հայաստանի մասնակցությունը տարբեր առևտրային
միջոցառումների, որի միջոցով ավելի լայն հնարավորություն կլինի ներկայացնել հայկական ապրանքները»,- ասաց
վարչապետի խորհրդականը:

«Փաշինյանը հայ-չինական համագործակցությունը որոկեց երկարաժամկետ և հեռանկարային»,- ասաց Թաշչյանը:
Նիկոլ Փաշինյանը Չինաստանում է՝ մասնակցելու «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» առաջին
համաժողովին: Սա առաջին նման միջոցառումն է, որին մասնակցում են նաև Հնդկաստանի, Հունաստանի, Սինգապուրի, Շրի Լանկայի և Կամբոջայի ղեկավարները։ 

Չինաստանի նախագահը Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում խոսել է հայ-չինական մշակութային և պատմական ամուր փոխհարաբերությունների մասին: «Մենք հայ ժողովրդին լավ ենք ճանաչում, մեզ հայտնի են Արամ Խաչատրյանի, Արտեմ Միկոյանի, Հովհաննես Թումանյանի անունները: Մեզ միավորում են քաղաքակրթությունների համագործակցության ընդհանուր նպատակները: Մենք քաջածանոթ ենք Հայաստանի պատմական նշանակալի իրադարձություններին: Համոզված ենք, որ ապագայում պետք է բացառվեն հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերը»,- ասել է Սի Ծինփինը:

Չինաստան այցելության երկրորդ օրը՝ մայիսի 15-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա իր չին
գործընկեր Լի Քըցյանի հետ:

Թաթուլ Հակոբյան
Պեկին