14 մայիս, 2019 12:33

Քոչարյանի գործով նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի 5 մասնակիցների ինքնությունը պարզվել է

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի 5 մասնակիցների ինքնությունը պարզվել է։ 

«Մայիսի 13-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին 62-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 14.20-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում, վիճաբանության ժամանակ, մի խումբ անձինք դիտավորությամբ վնասել են իր ձեռքի պաստառը, քաշքշել և հարվածել են իր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ՝ միաժամանակ տալով սպառնալիքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է միջադեպի 5 մասնակիցների ինքնությունը, որոնցից երեքը բերման են ենթարկվել, իսկ երկուսը ներկայացվել են ոստիկանություն:

Կատարվում է քննություն»,- ասված է հաղորդագրությունում։

***

Մայիսի 13-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ժամանակ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի և Քոչարյանի աջակիցների միջև տեղի է ունեցել միջադեպ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, Գասպարիի հաղորդման հիման վրա մայիսի 13-ին երեք հոգի բերման է ենթարկվել, իսկ երկուսը՝ հրավիրվել ոստիկանություն։ Հրավիրվածների թվում եղել է նաև «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը: Սոցիալական ցանցերում երեկ օգտատերերը տարածում էին «Ա1+»-ի տեսանյութը, ըստ որի՝ Արմեն Թավադյանը շիշ է նետել Գասպարիի ուղղությամբ։ Թավադյանը, սակայն, հերքում է այդ վարկածը։