15 մայիս, 2019 15:59

Լևոն Քոչարյանը պատրաստ է հանդիպել Գոռ Քլոյանի հոր հետ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, պատրաստ է հանդիպել Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հետ․ այս մասին նա ասել է այսօր դատարանում՝ լրագրողների հետ զրույցում։ 

Հարցին, թե երեկ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրն ասել էր, որ պատրաստ է հանդիպել իր հետ, արդյո՞ք ինքը պատրաստ է Սարգիս Քլոյանի հետ հանդիպել, Քոչարյանը պատասխանեց. «Ես պատրաստ եմ հանդիպել: Ես շատ ցավում եմ զոհերի համար: Ինձ թվումա, եթե զոհերի ընտանիքներից հետո աստիճանական բանով նայենք, մենք ենք չէ՞ նաև այս ամեն ինչի տուժածները: Բոլորդ գիտեք, թե ինչպես են 10 տարի փորձում այս ամեն ինչը կապել մեր հետ»:

«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ովքեր են շահարկում, Քոչարյանը պատասխանեց. «Ձեր թերթի նախկին գլխավոր խմբագիրը առաջին հերթին և նաև մնացածը»:

Քոչարյանը նշեց, որ չի խուսափում ոչ մեկի հետ հանդիպելուց: Հարցին, թե ի՞նչ ասելիք ունի Սարգիս Քլոյանին, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Կցավակցեմ նրան առաջին հերթին, ու եթե ինչ-որ բան լինի, կասեմ արդեն մնացածը ու նաև, թե ինչի համար եմ ես ինքս ցավում՝ դեպքերի և մնացածի հետ կապված»:

Երեկ Ռոբերտ Քոչարյանի որդուն հանդիպելու ցանկություն էր հայտնել անձամբ Սարգիս Քլոյանը: Լրատվամիջոցի հարցին, թե  ինչ է նա ցանկանում ասել Քոչարյանին, Սարգիս  Քլոյանը  պատասխանել է․ «Աստված պահի Քոչարյանի բալին, ոնց էր համը իմ ձագի։ Դա եմ ուզում իրեն ասել»։