15 մայիս, 2019 10:47

Հայաստանն ու Չինաստանն ունեն ընդհանուր շահեր․ Փաշինյանի երկրորդ օրը Պեկինում

Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Չինաստանի վարչապետի հետ, ելույթ ունեցել Պեկինի համաժողովում

Աշխատանքային եռօրյա այցով Չինաստանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպել է իր չին գործընկեր Լի Քըցյանի հետ:

«Հայաստանն ու Չինաստանն ունեն ընդհանուր շահեր։ Ես կարծում եմ, որ այս այցելությունը նոր խթան կլինի աշխատելու այն ծրագրերի շուրջ, որոնցում ներկայացված են Հայաստանի ու Չինաստանի շահերը»,-ասաց Փաշինյանը։

Հայ-չինական բանակցությունները երկու երկրների վարչապետները շարունակել են ճաշի ընթացքում:

Իր գործընկեր Լի Քըցյանի հետ հանդիպումից առաջ Փաշինյանը մասնակցեց «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին, որը հրավիրվում է առաջին անգամ և տեղի է ունենում Չինաստանի նախագահի ներկայությամբ:

Համաժողովին, որի նպատակն է ամրապնդել Ասիական տարածաշրջանի պետությունների կապերը, խորացնել տնտեսական համագործակցությունը, մասնակցում են 47 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Հունաստանի, Սինգապուրի ու Շրի Լանկայի նախագահները, Կամբոջայի թագավորը:

Համաժողովին իր ելույթում վարչապետ Փաշինյանը երախտագիտություն հայտնեց Չինաստանի կառավարությանը՝ ազգերի միջև փոխըմբռնման և համագործակցության  գաղափարները  ջատագովելու համար. «Բազմազան է մեր մոլորակի գեղեցկությունն ու մարդկային քաղաքակրթությունը:  Բազմազանությունը  ծնում  է  երկխոսություն,  իսկ երկխոսությունը հանգեցնում է մշակութային փոխանակման և փոխադարձ հարստացման, որն էլ, ի վերջո, պայմաններ է ստեղծում առաջընթացի համար»:

Փաշինյանն ասաց, որ Հայաստանում և հայկական սփյուռքում հայերը պատմականորեն դավանել են այնպիսի աշխարհայացք, որը միշտ բաց է եղել տարբեր մշակույթների, ավանդույթների և կրոնների հետ փոխգործակցության համար: Այսօր մենք հայկական մշակութային ժառանգության կոթողների կարող ենք հանդիպել Երուսաղեմում և  Ստամբուլում, Թբիլիսիում և Բաքվում, Հոնկոնգում  և Կալկաթայում, Սինգապուրում և  Դաքայում` Մետաքսի մեծ ճանապարհին սփռված բոլոր խոշոր բնակավայրերում, ասաց նա, ընդգծելով, որ այս խորհրդաժողովի հենքում ընկած փիլիսոփայությունը միանգամայն  համահունչ է Հայաստանի և հալ ժողովրդի դավանած արժեքներին:  

Իր ելույթում Փաշինյանը ասաց, որ 2018-ին Հայաստանն ապրել է հիմնարար փոխակերպումներ, որոնք ծնունդ առան համազգային շարժման մեջ՝ արտացոլելով մեր ժողովրդի նվիրական  ձգտումը` ավելի լավ ապագա կերտել ներկա ու գալիք սերունդների  համար:

«Մեզ հաջողվեց կազմալուծել համակարգային կոռուպցիան և օլիգարխիկ տնտեսությունը,  ամրապնդել անկախ դատական  համակարգն ու հավասար պայմաններ ստեղծել բոլոր տնտեսվարողների համար: Մեր հիմնական նպատակն է կառուցել մրցունակ,  տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն և ժամանակակից հասարակություն՝ հիմնված հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա: Այսօր Հայաստանը կայուն կառավարմամբ դինամիկ զարգացող երկիր է, որն ունի կենսունակ  տնտեսություն և ժամանակակից  բազմակարծ հասարակություն»,- ասաց Փաշինյանը:

Այսօր, ինչպես և նախկինում, Հայաստանն իր առաջընթացի ուղին տեսնում է տարածաշրջանային ու համաշխարհային բոլոր խաղացողների  հետ փոխգործակցության մեջ: Հայաստանը դեմ է բաժանարար գծերին, արհեստական խոչընդոտներին և փակ  սահմաններին, որոնք թեև անհեթեթ են համարվում 21-րդ  դարում, սակայն  դեռևս  պահպանվում են Հայաստանի հարևանների կողմից` ստեղծելով անվտանգության  մարտահրավերներ ու տնտեսական խոչընդոտներ, ասաց Փաշինյանը:

«Հայաստանը ներգրավված է երկկողմ և բազմակողմ համագործակցության գործընթացներում,  որոնք ընդգրկում են ավելի լայն տարածաշրջան` լինի դա տնտեսական ինտեգրումը  Եվրասիական տնտեսական միության երկրների հետ, որտեղ Հայաստանը հիմնադիր անդամներից է, կամ փոխադարձ մերձեցումը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում,  կամ էլ մասնակցությունը «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնությանը,  որին  Հայաստանը միացել է 2015-ին: Խաչաձևվող  համագործակցության  շրջանակներում  ներգրավվածությունը դարձել է Հայաստանի առավելություններից մեկը»,- ասաց Փաշինյանը:

Այսօր երեկոյան Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում տեղի կունենա գալա համերգ, որին շրջանակներում նախատեսվում է Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի ելույթը: Այնտեղ ներկա կլինեն Փաշինյանն ու վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Թաթուլ Հակոբյան, Պեկին