15 մայիս, 2019 10:36

Հայտնաբերվել է ահաբեկչության մասին կեղծ ահազանգի հեղինակը

Մայիսի 14-ին՝ ժամը 14:10-ին, ոստիկանության թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին տրված ահազանգը կեղծ էր: Ահազանգը կատարվել էր առողջապահության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ պահվող՝ ավազակության, յուրացման և փաստաթղթերի կեղծման համար մեղադրվող անձի կողմից:

Նուբարաշենի աշխատակիցների հետ համատեղ կատարված չնախատեսված խուզարկության արդյունքում կալանավորի խցում հայտնաբերվել են «wi-fi սարք, լիցքավորիչ և 5 բջջային հեռախոս, ինչպես նաև այն բջջային հեռախոսաքարտը, որով կատարվել է պայթուցիկի մասին կեղծ ահազանգը:

Ահաբեկչության մասին սուտ հաղորդման դեպքի առթիվ ազգային անվտանգության ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։