15 մայիս, 2019 13:33

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստ, մայիսի 15․ թարմացվող

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ 

13։31

Դատարանի բակում լարված իրավիճակ է․ ոստիկանները ակտիվիստ Վարդգես Գասպարիին և մարտի 1-ի զոհերի հարազատներից երկու ծնողներին, որ ներկա են բակում, թույլ չեն տալիս մուտք գործել դատարանի դահլիճ։ 

13:50

Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին. 

«Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում մայիսի 14-ին բողոքի ակցիա էր։ Դրան մասնակցում էին նաև անչափահասներ՝ ձեռքներին պարզած «Ցմահ», «Ռոբ Մարդասպան», “Rob Killer”, «դուխով» և այլ պաստառներ։

...Հրավիրում ենք ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, անչափահասների իրավունքների և լրագրողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ուշադրությունը։

Ահազանգում ենք կատարված հանցագործության մասին, այն է՝ երեխաներին ներքաշել ատելության քարոզի մեջ, խոչնդոտել լրագրողների աշխատանքը և հաշիվ մաքրել նրանց հետ»։

13:54

Մարտի 1-ին զոհված Տիգրան Ֆարմանյանի հորը՝ Վաչագան Ֆարմանյանին, դատական կարգադրիչները թույլ են տվել մտնել դատարան:

14։11

Դատարանը 5 րոպե ընդմիջումից հետո դռնփակ նիստում քննելու է դատախազների միջնորդությունը՝ նիստը շարունակել դռնփակ։ 

14։20

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը հույս ունի, որ նիստը դռնփակ չի շարունակվի։ 

14։35

ՍիվիլՆեթի ուղիղ եթերում հարցազրույցի ժամանակ ոստիկաններից մեկը հեռախոսով մոտեցավ Վարդգես Գասպարիին ՝ նշելով, որ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ուզում է խոսել իր հետ։ Զրույցի ավարտից հետո Գասպարին նշեց, որ Օսիպյանի ասելով՝ թյուրիմացություն է եղել, իմ անվտանգությունից ելնելով ոստիկանները թույլ չեն տալիս մտնել ինձ դատարանի դահլիճ։ Ոստիկանապետը նշել է, որ իրենք կարող են ապահովել Գասպարիի անվտանությունը։ Գասպարին փորձելու է մտնել դատարան։ 

15:38

Լևոն Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հետ։ 

15:55

Դատարանի մոտ իրավիճակը ժամանակ առ ժամանակ լարվում է, բայց ոստիկանների միջամտությամբ՝ հարթվում։ 

16:50

Հնարավոր է՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը վաղը՝ մայիսի 16-ին ներկա լինեն Քոչարյանի գործով դատական նիստին։ Այս մասին հայտնի կլինի առավոտյան։ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դատարանին հարցրեց, թե հնարավոր կլինի վաղվա նիստը որոշ ժամանակով հետաձգել՝ մինչև Սահակյանը և Ղուկասյանը ժամանեն։ Դատարանը և դատախազներն առարկություն չհայտնեցին։