17 մայիս, 2019 17:09

Արշակ Կարապետյան. ո՞վ է Քոչարյանի գործով առանցքային վկան

ՀՀ պաշտոնաթող նախագահ և Մարտի 1-ի անջատված գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործում ամենաշատ հնչող անունը Արշակ Կարապետյանինն էր։ Այս վկան, ըստ Ռոբերտ Քոչարյանի, թեև «վատ ցուցմունք չի տվել», սակայն ասել է մեկ բառ՝ «հայտարարվել է արտակարգ դրություն»։

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ նշել է, թե մեղադրանքը հղում է անում հենց Արշակ Կարապետյանի հետևյալ խոսքին. «Որքան հիշում եմ՝ դրանից հետո Քոչարյանն ասաց, որ այսօրվանից՝ 00։00-ից, հայտարարում եմ արտակարգ դրություն, որին անմիջապես հաջորդեց Սերժ Սարգսյանի առաջարկը, որ ստեղծվի առանձին զինվորական վարչակազմ՝ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ, քանի որ նա էր Երևանի կայազորի պետը… Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրապարակել է արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը, չնայած ՀՀ ԶՈւ-ն արտակարգ դրություն հայտարարել էր փետրվարի 23-ին»։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ ևս հիշատակեց Արշակ Կարապետյանի անունը՝ նշելով, որ բացի նրանից, «հարցաքննվել են նաև խորհրդակցության մյուս մասնակիցները, որոնք ոչ թե հերքում են, այլ նշում, որ չեն հիշում Ռոբերտ Քոչարյանի համապատասխան հանձնարարականի մասին»։

Ներկայում Արշակ Կարապետյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է։ Նա ունի գեներալ-մայորի զինվորական կոչում, մարտական գործողությունների մասնակից է: Կարապետյանը մինչև 2016-ը եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 26-ին, նա երեք բարձրաստիճան զինվորականների թվում էր, որոնք Սերժ Սարգսյանի հրամանագրերով ազատվեցին պաշտոնից։

Նրա հետ ազատվեցին նաև պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը:

Արշակ Կարապետյանը 2008-ի փետրվարի 23-ին պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված կայազորում է ընդգրկված եղել։ Նախարարի հրամանով նա նշանակվել էր ՀՀ կայազորի պետի տեղակալ հատուկ հանձնարարությունների գծով։ Այդ ժամանակ Կարապետյանը զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության պետի պաշտոնը։

Հենց այս հրամանը Հատուկ քննչական ծառայության համար փաստական հիմք է հանդիսացել՝ եզրահանգելու, որ Զինված ուժերը 2008-ին ներգրավվել են քաղաքական գործընթացներում։

Գևորգ Թոսունյան