17 մայիս, 2019 17:41

Բակո Սահակյանը դիմելուց մեկ օր առաջ տեղեկացրել է, վերաբերմունքս հայտնել եմ․ Փաշինյանը՝ երաշխավորության մասին

Տեղյակ եմ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի խնդրանքին, սակայն, մտադիր չեմ միջամտել այդ հարցին: Այս մասին այսօր Ռուսաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նա դիմելուց մեկ օր առաջ ինձ տեղեկացրել է, ես իմ վերաբերմունքը հայտնել եմ. բարոյական տեսանկյունից ես դրան նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան։ Ինչպե՞ս կվերաբերվեին Ղարաբաղի դատարանում, եթե ես փորձեի երաշխավորել ինչ-որ մեկի համար», - նշել է վարչապետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են ТАСС, РИА Новости, Интерфакс, Lenta.ru լրատվական գործակալությունների, Эхо Москвы, Комсомольская правда ռադիոկայանների, Коммерсант, Известия, Московский комсомолец, Независимая газета թերթերի և RT հեռուստաընկերության լրագրողները:

Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը կարևորել է նրանց այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի Ռուսաստանում առավել հանգամանալից և բազմակողմանի ներկայացնել մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններն ու փոփոխությունները:

Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը երաշխավորություն են ներկայացրել դատարան՝ Մարտի 1-ի գործով մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։ Երեկ նրանք ներկայացան դատարան։