17 մայիս, 2019 10:47

Երևանի մանկապարտեզների ավագ խմբերը կգործեն նաև ամռան ընթացքում

Երևանի մանկապարտեզների ավագ խմբերը կգործեն նաև ամռան ընթացքում, այս մասին իր ֆեյսբուքյան էջի գրառմամբ տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ 

Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ քաղաքի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի երեխաները կարող են շարունակել հաճախումը նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:

Քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերում 9 700 երեխա կա։ Ինչպես նշում է Կարապետյանը, «նախկինում հաշվետու ավարտական միջոցառումներից հետո երեխաները «տուն էին գնում», ինչը հուլիս-օգոստոս ամիսներին որոշակի բարդություն էր ստեղծում աշխատող ծնողների համար: Հիմա փաստացի ազատվում ենք այդ խնդրից»:

Քաղաքապետի մամուլի խոսնակը նշել է նաև, որ ավարտող երեխաների խմբերի դաստիարակները և օգնականները կարող են օգտվել իրենց ամենամյա արձակուրդից, քանի որ նշված ժամանակահատվածում քաղաքապետարանը այս խմբերում փոխարինող աշխատակիցների համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ է նախատեսել։