17 մայիս, 2019 13:34

Մի տարի առաջ Արցախում բողոքի ցույցերի ժամանակ Բակո Սահակյանին փրկեց Նիկոլ Փաշինյանը

2018-ին Արցախում տեղի ունեցող բողոքի ցույցերի ժամանակ ներկայիս նախագահ Բակո Սահակյանին իր կոչով փրկեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում ասում է Արցախի ընդդիմադիր՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության վարչության անդամ Տիգրան Գրիգորյանը՝ հավելելով, որ հասունանում էր պահը, երբ փողոցը, բացի ուժայիններից, պահանջելու էր նաև Բակո Սահակյանի հրաժարականը։ «Փորձը ցույց տվեց, որ այդ մարդկանց հետ անհնար է աշխատել, որովհետև նրանք մասնակցել են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք տեղի ունեցած հանցագործություններին»,- ասում է Գրիգորյանը։ Նա զարմանք է հայտնում առ այն, որ Բակո Սահակյանը Մարտի 1-ի գործով չի հրավիրվել դատարան՝ մատնանշելով Արցախի ուժայինների ներգրավվածությունն այդ ժամանակահատվածի իրադարձություններում։ Խոսելով արցախցիների տրամադրությունների մասին՝ նա շեշտում է․ «Տրամադրություններն այնպիսին չեն, ինչպես փորձում է ներկայացնել արցախյան էլիտան»։ Գրիգորյանի համոզմամբ՝ և Ստեփանակերտում, և Երևանում կան ուժեր, որոնք փորձում են դիմել սադրանքների։