17 մայիս, 2019 19:06

Ռոբերտ Քոչարյանի գործը․ մեղադրանք և պաշտպանություն

Մարտի 1-ի գործը շուրջ 10 տարի էական առաջընթաց չէր արձանագրում, միայն 2018-ի ապրիլ-մայիս ամիսների Թավշյա հեղափոխությունից հետո գործը նոր փուլ մտավ։ 2018-ի հունիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին ներկայացրեց մարմնի նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին և շեշտեց. «Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է անի Հատուկ քննչական ծառայությունը, մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է»։ Այս հայտարարությանը հաջորդեց Մարտի 1-ի գործով նոր բացահայտումը՝ ՀՔԾ-ի կողմից։

ՀՔԾ-ն հուլիսի 3-ին գաղտանզերծեց 2008-ի փետրվարի 23-ին պաշտպանության նախարարի կողմից արձակված հույժ գաղտնի «0038» հրամանից դրվագներ։ Ծառայությունը պնդեց, որ այդ ժամանակվա ՊՆ ղեկավար Միքայել Հարությունյանը այլ անձանց հետ հանցակցությամբ տապալել է սահմանադրական կարգը՝ Զինված ուժերը ներգրավելով քաղաքական գործընթացներում։

2019-ի ապրիլին արդեն գործը մտավ դատարան։ Մարտի 1-ի գործի անջատված մասով մեղադրանք առաջադրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ սահմանադրական կարգը տապալելու և խոշոր չափի կաշառք վերցնելու համար, 2008-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև Արմեն Գևորգյանին, որն այդ ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն էր։ Նրան էլ մեղադրանք առաջադրվեց, որ «օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին տապալելու սահմանադրական կարգը և կաշառք է ստացել»։ Այս անձանցից միայն Ռոբերտ Քոչարյանն է կալանքի տակ։

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը

Մայիսի 13-ին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցով նախնական դատական նիստը։ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվեց 2018-ի հուլիսի 27-ին։ Օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Քոչարյանն ազատ արձակվեց։ Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչի որոշումն ու գործն ուղարկեց վերաքննության։ Դեկտեմբերի 7-ին Քոչարյանը կրկին կալանավորվեց և առ այսօր կալանքի տակ է։

Մեղադրանքի էությունը և մեղադրողների դիրքորոշումը

Ռոբերտ Քոչարյանի գործով նախնական դատական նիստը տևեց չորս օր։ Այս օրերի ընթացքում մեղադրող կողմն իր դիրքորոշումը ներկայացրեց շուրջ երեք ժամ։ Մեղադրող կողմը դատարանում լայն կազմով էր ներգրավված։ Կալանքի քննության նիստերի առաջին և վերջին օրերին ներկա էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը․ նա նախկինում ևս մասնակցել է Քոչարյանի խափանման միջոցի հարցով նիստերի։ Նրա հետ մեղադրանքի դիրքորոշումը ներկայացրին դատախազներ Կարեն Բիշարյանը, Պետրոս Պետրոսյանը և Գևորգ Բաղդասարյանը։

Դատաքննության ընթացքում վերջին ելույթը հենց Արթուր Դավթյանինն էր, տևեց 20 րոպեից ավելի։ Դավթյանը հիշեցրեց, որ 2008-ի փետրվարի 23-ին, երբ ԿԸՀ-ն դեռ չէր հրապարակել նախագահական ընտության պաշտոնական արդյունքները, Ազատության հրապարակում խաղաղ հանրահավաքներ էին տեղի ունենում. «Հավաքի ոչ խաղաղ կամ առավել ևս բռնի լինելու մասին որևէ տեղեկություն չկա, և մինչև օրս որևէ մեկը կասկածի տակ չի դրել փետրվարի 23-ին իրականացվող հավաքի խաղաղ լինելու բնույթը, և այս պայմաններում ՀՀ բարձրագույն իշխանության կրողը, պետության գլուխը և վերջապես գերագույն գլխավոր հրամանատարը ներքաղաքական իրադրության հարցերը քննարկում է բանակի ղեկավար կազմի հետ։ Սա մի գործողություն է, որն ուղղակիորեն արգելվում է երկրի հիմնական օրենքով»,- նշեց նա։

Ըստ Դավթյանի՝ հենց այդ պահից սկսած Զինված ուժերը ներգրավվել են քաղաքական գործընթացներում։ Դավթյանը, շարունակելով իր ելույթն, ասաց, որ խորհրդակցությունից ժամեր անց պաշտպանության նախարարի կողմից արձակվում է հույժ գաղտնի «0038» հրամանը։ Նա հերքեց այն հակափաստարկները, որ խորհրդակցության անցկացման պատճառը եղել են պաշտպանության երկու փոխնախարարներ, որոնց ոչ իրավաչափ վարքագծի վերաբերյալ տեղեկություններ կային։

2008-ի փետրվարի 21-ին ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակում հայտարարեց բարձրաստիճան երկու ուժայինների՝ պաշտպանության փոխնախարարներ Մանվել Գրիգորյանի ու Գագիկ Մելքոնյանի՝ ժողովրդին միանալու մասին։

Ըստ դատախազի, եթե նրանք խախտում էին կատարել, ապա պետք է կամ քրեական գործ հարուցվեր կամ էլ կարգապահական միջոցներ ձեռնարկվեին, սակայն Մարտի 1-ի քրեական գործում որևէ նման տեղեկատվություն չկա։

Դատախազը ասաց, որ 2008-ի փետրվարի 21-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ և բանակի ղեկավար կազմի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությունը պաշտպանական կողմը նկարագրում է՝ որպես բանակի մարտունակությունը բարձրացնելու նպատակով նախաձեռնված հանդիպում և որպես ապացույց մեջբերում է ցուցմունքներից մեկը։ Նա հիշեցրեց, որ «0038» հրամանում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակը ապակայունացնող քաղաքական ուժեր», և «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխվել է զորանոցային վիճակի. «Էս նպատակը բանակի մարտունակության բարձրացման հետ որևէ աղերս ունի՞»,- հռետորական հարց բարձրացրեց Արթուր Դավթյանը, որին տեղից պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը՝ «Ուղղակի»։

Արթուր Դավթյանի խոսքով՝ փետրվարի 23-ից հետո «զորքերը հանրապետության տարբեր հատվածներից, այդ թվում՝ մարտական ծառայություն իրականացնող՝ սահմանապահ զորքերը, տեղափոխվել են հանրապետության մայրաքաղաք, որտեղ հենց կիզակետն էր քաղաքական իրադարձությունների»։

Նա ասաց, որ մայրաքաղաքի շրջակայքում տեղակայված համապատասխան զորամիավորումներ պարապմունքներ են անցկացրել. «Այդ պարապմունքները միտված են եղել հենց ցույցը ցրելուն, այսինքն՝ զինվորականները պատրաստվել են ցույցը ցրելու գործողություններ իրականացնելուն»։

Ինչո՞ւ ոստիկանությունը հենց մարտի 1-ի վաղ առավոտյան սկսեց գործողություններ Ազատության հրապարակում, հարցադրում է անում Արթուր Դավթյանը։ Նրա խոսքով՝ ոստիկանների «անհամաչափ և ապօրինի միջամտությունը» այդ օրը առավոտյան մայրաքաղաքում հատուկ էր ընտրված, քանի որ, ըստ նրա, արդեն մայրաքաղաքում կար մարտական բարձր պատրաստվածության զորք, որը կարող էր ճնշել հետագա հուզումները։

«Կանխատեսելի բախումների ֆորմալ հիմքով հայտարարվում է արտակարգ դրություն՝ «օրինականցնելով» բանակի ուղղակի ու զինված միջամտությունը»,- ասում էր դատարանում գլխավոր դատախազը։

Նա նաև տեղեկացրեց, որ ոչ պետական միջոցներից գործով մյուս մեղադրյալների հրամանով շուրջ 120 մլն դրամի վարձատրություն է բաժանվել մայրաքաղաքում տեղակայված համապատասխան զինծառայողներին։

Մեղադրող Կարեն Բիշարյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը ունեցել է անձնական դրդումներ. «Եվ ո՞րն է այդ դրդումը։ Ցանկալի իշխանական համակարգը պահելը, իշխանությունը իր մտերիմ Սերժ Սարգսյանին փոխանցելը»,-  դատարանում ասել է դատախազը։

Քոչարյանի մեղադրանքում կա նաև կաշառքի դրվագ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Քոչարյանը «իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008-ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլարի կաշառք»։

Գլխավոր դատախազը հայտնեց դատարանում, որ քրեական գործում կան կաշառք տվողի ցուցմունքները, ինչպես նաև հիմնավորվել է, թե կոնկրետ որ հաշվեհամարներին է գումար փոխանցվել։

Պաշտպանական կողմի դիրքորոշումն ու Ռոբերտ Քոչարյանի ելույթը դատարանում

Ռոբերտ Քոչարյանը դատարանում ժամանակ առ ժամանակ զայրանում էր, նա անգամ սաստեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. «Ինչ ուզեմ ասելու եմ ու նստած ինձ լսելու ես»:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ մեղադրանքը «իրավական դաշտի հետ ընդհանրապես կապ չունի»։

Նրա համոզմամբ՝ 2008-ին վարչապետը, որն ուներ խորհրդարանում մեծամասնություն, ավելի մեծ լիազորությունների էր տիրապետում, քան նախագահը. «Այդ կոնտեքստում ասել, որ այս ամենն արված է իշխանությունը հանձնելու համար․․․նման մոտիվ գոյություն չունի։ Իմ խնդիրը մեկն էր՝ չընտրված մարդը չդառնար հանրապետության նախագահ»։

Քոչարյանը գտնում է, որ 2008-ին վտանգ էր սպառնում սահմանադրական կարգին, քանի որ չընտրված նախագահը [Լևոն Տեր-Պետրոսյանը] ցանկանում էր «զոռբայությամբ դառնալ նախագահ»։

Ըստ պաշտոնաթող նախագահի՝ 2008-ին հենց ցուցարարներն են հրահրել բախումներ։ Դատարանում Քոչարյանը տեղեկացրեց, որ 2008-ի մարտի 7-ին կամ 8-ին ԱԱԾ այդ ժամանակվա ղեկավար Գորիկ Հակոբյանն իրեն ներկայացրել է որոշ տեսանյութեր։ Գորիկ Հակոբյանը Քոչարյանին նաև պատմել է, որ ցուցարարները մարտական նռնակներ են ունեցել, մեքենայից դուրս են եկել ու կրակել ոստիկանների ուղղությամբ, սակայն այս տեսանյութերը Մարտի 1-ի գործում չեն կցվել։

Քոչարյանը նաև ասաց, որ Մարտի 1-ի 10 զոհերից 7-ը սպանվել է ո՛չ ոստիկանության, ո՛չ էլ՝ բանակի կողմից։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը դատարանում դիրքորոշում ներկայացրեց չորս օր։ Պաշտպան Հայկ Ալումյանն իր միջնորդությունում մեջբերումներ արեց Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի ներկայիս խորհրդական Արշակ Կարապետյանի ցուցմունքներից։

Արշակ Կարապետյանի ցուցմունքի համաձայն՝ 2008-ի փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանը ուժային կառույցների, այդ թվում՝ բանակի ղեկավար կազմի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել նախագահականում, որն անցել է լարված մթնոլորտում: Ռոբերտ Քոչարյանը Միքայել Հարությունյանից հետաքրքրվել է, թե որտեղ է Մանվել Գրիգորյանը, սակայն նախարարը տեղեկություն չի ունեցել։

Ալումյանը դատարանում ասաց, որ ըստ Սերժ Սարգսյանի՝ խորհրդակցության նպատակը եղել է, որ զինվորականները չներքաշվեն քաղաքական գործընթացներում։ Նրա խոսքով՝ «ցուցարարների պարագլուխներն ամեն ինչ արել են, որ բանակի սպաները ներգրավվեն քաղաքական պրոցեսներում»։

«Դա առիթ հանդիսացավ, որ Հայաստանի նախագահն իրավացիորեն հանձնարարական տվեց. կա՛մ դիմում են գրում ու դուրս են գալիս Զինված ուժերի համակարգից ու շարունակում մնալ ԵԿՄ-ում, կա՛մ դիմում են գրում, դուրս գալիս ԵԿՄ-ից ու շարունակում ծառայել զինված ուժերում»,- ցուցմունքում նշել է Սերժ Սարգսյանը և հավելել, որ Զինված ուժերը զորանոցային կարգավիճակի բերելու՝ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հրամանը ռազմական դրության հետ կապ չունի։ Սերժ Սարգսյանը նաև շեշտել է, որ եթե ինքը լիներ պաշտպանության նախարար, ապա նույն կերպ կվարվեր։

Ռոբերտ Քոչարյանի մյուս պաշտպանը՝ Արամ Օրբելյանը, մայիսի 16-ին, ի թիվս այլ հարցերի, պնդեց, որ Ռոբերտ Քոչարյանը չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ. «Բայց նախաքննական մարմինը, առանց բացատրելու մեղադրանքի էությունը, մեղադրական եզրակացությունն ուղարկել է դատարան։ Պարոն Քոչարյանը չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ և առնվազն այս փուլում չպետք է նրա նկատմամբ կալանք կիրառվի»,- ասաց Օրբելյանը։ Նա նաև դատարանում հայտարարեց, որ չկա հիմք ենթադրելու, թե ազատության մեջ գտնվելիս Քոչարյանը կխուսափի պատասխանատվությունից։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նույն օրը դատարանին խնդրեց, որ համապատասխան տեխնիական միջոցներով ապահովեն հնարավորություն՝ դատարանում տեսանյութ դիտելու համար, որում երևում է, թե «ինչպես են նռնակ նետում ոստիկանների ուղղությամբ»։ Դատարանը, սակայն, մերժեց այս միջնորդությունը։

Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաև իրեն վերագրվող կաշառքի դրվագից։ Նա ասաց, որ այդ մեղադրանքը առաջադրվել է իր գույքը շարունակ կալանքի տակ պահելու նպատակով։

Արցախի նախկին և ներկա նախագահները դատարանում երաշխավորություն ներկայացրին

Մայիսի 16-ին դատարան եկան Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։ Նրանք երաշխավորեցին ազատության մեջ Քոչարյանի պատշաճ վարքագիծը: Բացի այդ, նրանցից յուրաքանչյուրը 500 հազարական դրամ է վճարել դատարանի դեպոզիտ հաշվին։ Արցախի նախագահների երաշխավորությունը դատարան էին ներկայացրել Քոչարյանի պաշտպանները մայիսի 14-ին։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը, սակայն, չէր քննել այդ փաստաթուղթը՝ պնդելով, որ երաշխավորողները պարտավոր են ներկայանալ։

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության վերաբերյալ որոշումը դատավոր Դավիթ Գրիգորյանը կհրապարակի շաբաթ օրը՝ մայիսի 18-ին, ժամը 16:00-ին։

Կարդացեք նաև՝

Մարտի 1-ի գործը Թավշյա հեղափոխությունից հետո. ժամանակագրություն

Գևորգ Թոսունյան