20 մայիս, 2019 00:43

Արտախորհրդարանական ուժերի արձագանքը՝ վարչապետի կոչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարաններն արգելափակելու կոչին արձագանքել են նաև արտախորհրդարանական ուժերը՝ Հանրապետական կուսակցությունն ու Դաշնակցությունը։

Դաշնակցության արձագանքը

ՀՀ վարչապետի կոչը դիտելով որպես Հայաստանում սահմանադրական կարգի դեմ կատարված քայլ, որպես դատական իշխանության խոչընդոտում և, առհասարակ, պետականությունն արկածախնդրության տանելու չկշռադատված քայլ՝

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չգնալ սադրանքների և պաշտպանել երկրի համար այդքան կարևոր կայունությունը։

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը աջակցել և նպաստել երկրում հանրային համերաշխության մթնոլորտի պահպանմանը։

Կոչ ենք անում դատավորներին չտրվել փողոցային տրամադրություններին և ճնշումներին՝ պահպանելով և կատարելով սահմանադրությամբ երաշխավորված իրենց լիազորությունները։

Միաժամանակ, մեր կոչն ենք հղում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ իրացնելու ՀՀ Սահմանադրությամբ իրեն լիազորված իրավունքը՝ հետևելու Հայաստանում Սահմանադրության պահպանմանը։

Սիրելի հայրենակիցներ, մեր ժողովրդի մեջ փողոցային որակների և բնազդների ներմուծումը թանկ է նստելու մեր պետականության վրա, երկիրն արկածախնդրության տանելու իրավունք ոչ ոք չունի։

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ

ՀՀԿ-ի արձագանքը

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարարությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ընդգծում է, որ՝


• Սահմանադրության 4-րդ հոդվածը սահմանում է, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:
 
• Սահմանադրության 162-րդ հոդվածը սահմանում է, որ արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:
 
• Սահամանդրության 164-րդ հոդվածի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
 
• ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը, այդ թվում` պաշտոնեական դիրքն օգտագործելով, քրեական հանցագործություն է:
 
• ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի համաձայն`Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ` քրեական հանցագործություն է:
 
• ՀՀ քրեական օրենսգրքի 301-ին հոդվածի համաձայն`իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը` քրեական հանցագործություն է: Ելնելով վերոնշյալից` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է՝
 
• Հայաստանի Հանրապետությունում կրկին վտանգված է սահմանադրական կարգը, իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման սկզբունքը եւ մարդկանց մի շարք հիմնարար ազատություններ եւ իրավունքներ։
 
• Խստորեն դատապարտում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկվող աննախադեպ ճնշումը Հայաստանի Հանրապետության դատական համակարգի վրա։
 
• Այս գործելաոճը չվերականգնվող վնաս է հասցնելու երկրում արդար դատավարության եւ իրավունքի գերակայության սկզբունքներին։
 
• Այն խորացնում է հասարակության պառակտումը, խաթարում հանրային համերաշխիւթյան մթնոլորտի ձեւավորումը եւ նոր զարկ տալիս անհանդուրժողականությանն ու ատելության քարոզչությանը, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Ստեղծված իրավիճակում կոչ ենք անում.
 
1. Հայ ժողովրդին՝ զերծ մնալ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրվող, վտանգավոր եւ արկածախնդիր գործընթացներին մասնակցելուց։
 
2. Կուսակցություններին, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին, հասարակական գործիչներին միանալ պետականակործան այս գործընթացների դատապարտման եւ կանխման աշխատանքներին։
 
3. Իրավապահ համակարգին ապահովել դատական իշխանության բնականոն գործունեությունը բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների շրջանակում, միջոցներ ձեռնարկել երկրում սահմանադրականության համար սպառնալիքներ ստեղծող անձանց նկատմամբ՝ անկախ զբաղեցրած պաշտոններից։
 
4. Միջազգային հանրությանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին՝ հստակ գնահատական տալ Հայաստանի գործող իշխանությունների կողմից կազմակերպված գրոհին Սահմանադրության եւ դատական համակարգի հանդեպ։