21 մայիս, 2019 16:19

Ակնկալում ենք մեր գործընկերների սկզբունքային մոտեցումը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի մասին

Ադրբեջան-Եվրամիություն համաձայնագրում Հայաստանը որևէ ներգրավվածություն չունի․ այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով ԵՄ-Ադրբեջան համաձայնագրում տարածքային ամբողջականության դրույթի ամրագրման, Հայաստանի դերակատարության մասին հարցին։

 «Այս գործընթացում Հայաստանը ներգրավված չէ, քանի որի երրորդ կողմ է հանդիսանում։ Դրանք Ադրբեջանի և ԵՄ երկկողմ հարաբերություններն են։ Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի մասին հայտնի է միջազգային գործընկերներին և որոշ դեպքերում ամրագրված է համապատասխան փաստաթղթերում։ Հայաստանն ակնկալում է սկզբունքային մոտեցում այդ հարցում»,- ասաց Նաղդալյանը։

«Օրեր առաջ Ադրբեջանի մեջլիսի նախագահը նշել էր որ հայկական լոբբին շատ լավ է աշխատում, որպեսզի Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում չընդգրկվի տարածքային ամբողջականության հարցը: Ուզում եմ հասկանալ՝ այս դեպքու՞մ էլ, եթե իրոք ինքը ճիշտ է, լոբբին աշխատել էր, այս դեպքու՞մ էլ հայկական լոբբին աշխատել է, որպեսզի չընդունվի» հարցադրմանը Նաղդալյանը պատասխանեց․ «Պետք է նշեմ, որ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ մեր դիրքորոշումները, նորից կրկնեմ, մեր միջազգային գործընկերներին հայտնի են, և մենք մեր սկզբունքային դիրքորոշումները միշտ առաջ ենք տանելու»։

***

Ադրբեջանը չի ստորագրել Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված հռչակագրի տեքստը։ Ինչպես հայտարարել է Բրյուսելում մամուլի ասուլիսին այդ երկրի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, Ադրբեջանին չի գոհացնում այդ տեքստը։ Այն, ըստ ԱԳ նախարարի, չի արտացոլում այն սկզբունքները, որոնք ամրագրված են Հելսինկիի Եզրափակիչ ակտում և ՄԱԿ-ի Կանոնադրությունում։

Կարդացե՛ք՝ 

ԵՄ-Ադրբեջան նոր փաստաթուղթն ուշանում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» պատճառով

Լուսինե Վարդանյան