21 մայիս, 2019 17:10

Հայաստանը վստահ է իր ուժերի վրա․ ԱԳՆ խոսնակը՝ ադրբեջանական զորավարժությունների մասին

Հաշվի առնելով նախկին հանդիպումների աշխարհագրությունը (Փարիզ և Մոսկվա), չի բացառվում, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի առաջիկա հանդիպումը կարող է լինել Վաշինգտոնում․ այսօրվա ճեպազրույցին հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Համանախագահների կողմից առաջարկ է եղել կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպում։ Սակայն դեռ չկան մանրամասներ՝ կապված անցկացման վայրի և ժամկետների հետ։ Միայն այդ ժամանակ կարող են համաձայնեցված կարգով հայտարարել հանդիպման մասին, սակայն չի բացառվում, որ այն տեղի կունենա Վաշինգտոնում»,- ասաց խոսնակը։

Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ զորավարժություններին և դրանց մասին ԵԱՀԿ-ի իրազեկմանը։

«Հայաստանը վստահ է իր ուժերի վրա, և այդ վստահությունը թույլ է տալիս ոչ միայն պահպանել խաղաղությունը, այլ նաև հանդես գալ խաղաղության դիրքերից»,- նշեց խոսնակը։ Նա նկատեց՝ լայնածավալ զորավարժությունների մասին նախապես իրազեկումը ԵԱՀԿ հանձնառությունն է, և Ադրբեջանը պետք է տեղյակ պահեր ոչ թե հայկական կողմին, այլ համապատասխան կառույցին, որը ԵԱՀԿ-ն է։ 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան, ըստ Աննա Նաղդալյանի, տեղի կունենա մայիսի վերջին։

Լուսինե Վարդանյան