21 մայիս, 2019 15:40

Մխիթարյանը Բաքու չի մեկնի

Հենրիխ Մխիթարյանն Արսենալի հետ Եվրոպա լիգայի եզրափակչին մասնակցելու համար Բաքու չի մեկնի։ Այս մասին Արսենալի կիսապաշտպանն ու Հայաստանի հավաքականի ավագը հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ։ 

«Քննարկելով այս պահին առկա բոլոր տարբերակները՝ կայացրել ենք ինձ համար բարդ որոշում՝ թիմի հետ չմեկնել Եվրոպա լիգայի եզրափակչին։ Սա հաճախ հանդիպող խաղերից չէ, և պետք է ընդունեմ, որ շատ եմ ցավում, որ բաց եմ թողնելու այն։ Ես կերկրպագեմ իմ թիմակիցներին։ Եկե՛ք այն բերենք տուն»,- գրել է Մխիթարյանը։ 

Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու մասին հաղորդում է նաև Արսենալի պաշտոնական կայքը։ Նշվում է, որ Արսենալը ՈՒԵՖԱ-ին իր խոր մտահոգություններն է հայտնել իրավիճակի վերաբերյալ։ Միկին դեպի եզրափակիչ մեր մրցավազում առանցքային խաղացող է եղել և սա թիմի տեսանկյունից մեծ կորուստ է մեզ համար։ 

Վերջերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան նշել էր, որ  Հենրիխ Մխիթարյանը կկարողանա առանց խոչընդոտի ժամանել Բաքու։ «Ադրբեջանում մարզական բազմաթիվ խոշոր միջոցառումներ են անցկացվել, և հայ մարզիկները մասնակցել են դրանց։ Սպորտն ու քաղաքականությունն առանձին են», – ասել էր նա։

Այսօր՝ մայիսի 21-ին կայացած մամուլի ասուլի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նույնպես անդրադարձել է հարցին։ «Եթե ադրբեջանական կողմից անվտանգության համապատասխան երաշխիքներ տրվեին, որոնք կբավարարեին Հենրիխ Մխիթարյանին և իր թիմին, ապա ԱԳՆ-ն առարկություն չունի նրա մասնակցությանն այդ խաղին։ ԱԳՆ-ն կողջուներ, եթե ադրբեջանական կողմը հավատարիմ լիներ իրենց կողմից հնչեցրած «սպորտը վեր է քաղաքականությունից» սկզբունքին։ Ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքի արգելումը ևս ռասիստական վերաբերմունք է։ Այս խաղով Ադրբեջանը հնարավորություն ուներ ցույց տալու, թե ինչքանով է պատրաստ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել»,- ասել է Նաղդալյանը։